Փոտ պատրիարք
Փոտ Ա պատրիարք հին հունարեն՝ Πατριάρχης Φώτιος | ||
| ||
---|---|---|
858 — 867 | ||
Եկեղեցի՝ | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն | |
Նախորդող՝ | Իգնատիոս | |
Հաջորդող | Իգնատիոս | |
| ||
877 — 886 | ||
Եկեղեցի՝ | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն | |
Նախորդող՝ | Իգնատիոս | |
Հաջորդող՝ | Ստեփանոս Ա | |
Մասնագիտություն | մատենագետ, քահանա, գրող և փիլիսոփա | |
Ծնունդ | մոտ 827[1] կամ մոտ 820[2] Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն | |
Մահ | ոչ վաղ քան 886 և ոչ ուշ քան 897 Հայաստան | |
Հայր | Սերգիոս | |
Մայր | Իրենե |
Փոտ Ա պատրիարք (հին հունարեն՝ Πατριάρχης Φώτιος, մոտ 827[1] կամ մոտ 820[2], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - ոչ վաղ քան 886 և ոչ ուշ քան 897, Հայաստան), բյուզանդացի եկեղեցական, պետական գործիչ, աստվածաբան, գիտնական։ Կոստանդնուպոլսի պատրիարք (858-867, 877-886)։ Մորական կողմից ծագումով հայ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավիր Հայկազնի քրոջ[3]՝ Իրենեի և ազգությամբ հույն, պրոտոսպաթար Սերգիոսի որդին է։ Իրենեն, Բագրատ Բագրատունու դուստրն է և հայոց իշխան Սմբատ Բագրատունու թոռնուհին։ Ստացել է փայլուն կրթություն, եղել զինվորական և զբաղեցրել բարձր պաշտոններ։
Կոստանդնուպոլսի պատրիարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիայի կայսրուհի (831-842) և կայսրության գահապահ (842-856) Թեոդորայի եղբայր Վարդաս Կեսարը 856 թվականից իր խնամակալության տակ է վերցնում քրոջ որդուն՝ Միքայել Գ-ին, և 858 թվականին կարողանում է Կոստանդուպոլսի պատրիարքի պաշտոնից հեռացնել Իգնատիոս պատրիարքին, իսկ նրա փոխարեն նշանակել Փոտին։ Հռոմի պապը չի ընդունում Փոտի ընտրությունը։ 866 թվականին Միքայել Գ-ի հովանավորյալ Բարսեղը սպանում է Վարդասին, մեկ ամիս անց ձեռք է բերում կեսարի տիտղոսը, իսկ 866 թվականի մայիսի 26-ից դառնում Միքայել Գ-ի գահակից։ 867 թվականի սեպտեմբերի 24-ին Բարսեղը կազմակերպում է նաև Միքայել Գ-ի սպանությունը, որից հետո դառնում է Բյուզանդիայի միանձնյա կայսր։ Փոտը խզում է հարաբերությունները Հռոմեական եկեղեցու հետ, ընդվզում է նոր կայսեր դեմ՝ գտնելով, որ նրա և պատրիարքի իշխանությունները հավասարազոր են։ Բարսեղ Ա-ն, ձգտելով բարելավել իր հարաբերությունները Հռոմի հետ, 867 թվականի վերջին Փոտին աքսորում է, սակայն երեք տարի անց նրան նշանակում է իր զավակների դաստիարակ։ Փոտին փոխարինելու է գալիս Իգնատիոսը, որի մահից հետո նա կրկին ընտրվում է պատրիարք։ Բարսեղի մահից հետո, 886 թվականին նա հեռացվում է աթոռից, աքսորվում Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվում է։
Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ, պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես՝ պավլիկյանների դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։
Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ-բյուզանդական հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Ամենայն Հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցուն՝ եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև կաթողիկոսի պատասխանները։
Պատմվածք մանիքեցիների վերածլման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոտ պատրիարքը իր «Պատմվածք մանիքեցիների վերածլման մասին» աշխատությունում[5] գրում է, որ Պավլիկյանների շարժման անունը՝ «Պավլիկյան» նշանակում է Պողոս առաքյալի հետևորդ։ Պավլիկյան շարժման բոլոր առաջնորդները սովորություն ունեին ստանալ ավելադիր անուններ, որոնք վերցնում էին Պողոս առաքյալի աշակերտների անուններից, իսկ իրենց համայնքները կոչում էին Պողոս առաքյալի հիմնադրած համայնքների անուններով։ Դրանով նրանք ընդգծում էին իրենց կապը Պողոս առաքյալի հետ[4][6]։ Փոտ պատրիարքը նրանց վարդապետության մասին գրելիս, հաճախ նշում է, որ Պավլիկյան շարժման գաղափարախոսությունը «բազմաճյուղ է»[7]։ Պավլիկյանները հավատում էին, որ գոյություն ունի երկու աստված՝ Բարի և Չար։ Ինչը տեսանելի է, այն Չարի ստեղծածն է, իսկ Բարի աստծուն վերաբերվում էր այն, ինչը բանականությանն է վերաբերվում և անտեսանելի է[8] և «Բարի աստվածը զգայական ոչինչ չի ստեղծել»[7]։ Ըստ մեկ այլ արժեքավոր վկայության, պավլիկյանները «մշակելի հողերը, տները, ագարակները» համարում էին «Չար աստծու արարչությունը»[9]։ Փոտ պատրիարքի Կանոնագրքում պավլիկյանների հետ կապված գրված է, որ նրանք ենթակա են մահապատժի, նրանց ունեցվածքը՝ բռնագրավման։ Աղանդավորները կտակ թողնելու, իսկ նրանց երեխաները՝ ժառանգություն ստանալու իրավունք չունեին[10]։
863 թվականին, պավլիկյանների առաջնորդ Կարբեասի մահից հետո, նրան փոխարինում է նրա զարմիկն ու փեսան՝ Խրիսոխիրը, որը մինչ այդ ծառայել էր բյուզանդական բանակում և ուներ սպաթարի աստիճան։ Փոտ պատրիարքը երկու նամակ է ուղարկել Խրիսոխիրին և փորձել է նրան հեռու պահել աղանդից։ Բայց տեսնեկով, որ իր ջանքերն ապարդյուն են, ստիպված է եղել մի երրորդ նամակ էլ գրել, որտեղ նրան որակել է որպես «մարդակերպ օձ»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #118594095 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 211․
- ↑ 4,0 4,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 258, 392, 399-400, 402, 404, 407, 411-413․
- ↑ «Պավլիկյան համայնքի կազմակերպության հարցի շուրջը». Հրաչ Բարթիկյան, Պատմա-բանասիրական հանդես, 1958, 3 . pp. 183-187.(չաշխատող հղում)
- ↑ «Еще раз о происхождении имени «Павликиане»». «Լրաբեր հասարակական գիտությունների», 1973, թ. 2, էջ 85-90(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 93.
- ↑ Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca col. 152, 165․
- ↑ Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 113.
- ↑ Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 104, col. 869 (tit. XII, cap. 2).
- ↑ Photii Patriarchae Constantinopolitani, Sermo II Contra Manichaeos, Migne, Patrologia graeca t․ 102, col. 933-945.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 362)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոտ պատրիարք» հոդվածին։ |
|
- 827 ծնունդներ
- 820 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Հայաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կոստանդնուպոլսի պատրիարքներ
- Կոստանդնուպոլսի հույն պատրիարքներ
- Անձինք:Ստամբուլ
- Անձինք Կոստանդնուպոլսից
- Եկեղեցու հայրեր
- Քրիստոնյա ագնոստիկներ
- Բյուզանդացի փիլիսոփաներ
- Բյուզանդացի գրողներ