Ղազախի գավառ
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 37 համայնք | ||
Վարչկենտրոն | Ղազախ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 112 074 | ||
Ազգային կազմ | հայեր (39 %), կովկասյան թաթարներ (57 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 6,856 | ||
Հիմնադրված է | 1867 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Կողբափոր և Ձորափոր (Գուգարք), Աղվե, Գարդման, Տուչքատակ (Ուտիք) | ||
Ղազախի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1867 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ղազախ քաղաքն էր։
Ղազախի գավառը արևելքից սահմանակցում էր Ելիզավետպոլի գավառին, հարավից՝ Երևանի նահանգին, հյուսիսից և արևմուտքից՝ Թիֆլիսի նահանգին։ Կենտրոնով անցնում էր Կուր գետը։
Ներառել է հիմնականում ժամանակակից Տավուշի մարզը, ինչպես նաև՝ Ադրբեջանի Աղստևի, Ղազախի և Թովուզի շրջանները։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ղազախ» անվանումը երբեմն նույնացվում է «Խաղխաղ» բնակավայրի հետ։ Վերջինս, սակայն, Յանըղլու գյուղն է՝ ժամանակակից Ղազախ քաղաքից 60 կմ հեռավորության վրա։ Անվանումն առաջին անգամ հանդիպում է ուշմիջնադարյան պարսկական մատյաններում՝ որպես Ղազախի սուլթանություն։ 17-րդ դարի սկզբին՝ Սեֆյան Պարսկաստանի օրոք, այստեղ է հաստատվում թյուրքալեզու ղազախլու ցեղը, որը հետագայում հիմնում է սուլթանություն։ Որոշ ժամանակ անց այն ընկնում է Կախեթի, ապա՝ Քարթլի-Կախեթի թագավորության գերիշխանության տակ։ Որպես քաղաք՝ բնակավայրը հիշատակված է 1909 թվականից։ Այն գոյացել էր հայկական «Կողթ» բնակավայրի տեղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով Վրացական նահանգից (1801-1867)։ Նախկինում, նրա մի մասը մտել է Պարսկաստանի Գանձակի խանության (1747-1804), իսկ մեծ մասը՝ Ղազախի և Շամշադինի սուլթանության մեջ (1747-1801)։ Այդպիսով, Ղազախ-Շամշադինը՝ պատմական Տավուշը, Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում մոտ հարյուր քսան տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Վրացական նահանգը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Առաջինի կազմում ընդգրկվում են Ղազախը և Շամշադինը՝ Գանձակի գավառի կազմում։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Վրացա-Իմերեթական նահանգում ձևավորվում են Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը։ Դրանք միանում են նորաստեղծ, Բաքվի նահանգից առանձնացած Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Ղազախի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։
1918-1920 թվականներին Ղազախի գավառի մեծ մասը մտել է Հայաստանի առաջին հանրապետության մեջ, խորհրդայնացումից հետո կիսվել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև՝ ազգային սկզբունքով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 112,074 մարդ էր, որի 38,9 տոկոսը հայեր էին (43555 մարդ), իսկ 57,2 տոկոսը՝ թաթարներ (64101 մարդ)։ Ղազախ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 1769 մարդ էր[2]։
1920 թվականին Ղազախի գավառից վերջնականապես Խորհրդային Ադրբեջանին են միացվում մի շարք տարածքներ, որոնցից 1929 թվականին կազմվելու էին Աղստևի, Ղազախի և Թովուզի շրջանները։ Հայաստանի տարածքում առաջանում են Իջևանի և Շամշադինի շրջանները։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գավառի գյուղերը միավորված էին 37 գյուղական համայնքների միջև[3]՝
- Աղքյոյնակի
- Ազափլըի (Ջիրդահան)
- Ասկիպարայի (Ոսկեպար)
- Ալփաութի (Բերդ)
- Աչասուի
- Բարանայի (Նոյեմբերյան)
- Բաշքենդի (Արծվաշեն)
- Բոզանգանլիի
- Գյոգջալուի
- Դաշ-Սելաղլուի
- Դյուզ-Ղշլաղի
- Թաթլուի
- Թալաքենդի (Գետահովիտ)
- Թովուզղալայի (Բերդ)
- Խանուխլարի
- Խաշթառակի
- Խոշքոթանի (Ոսկեվան)
- Հին Դիլիջանի
- Ղարադաշի
- Ղարախանլուի (Քադիրլու)
- Ղրղիի (Արծվաբերդ)
- Ղուլալիի (Այգեձոր)
- Ղուշչիի
- Միխայլովկայի (Ճամբարակ)
- Նոր Դիլիջանի
- Շըխլուի
- Չայլուի
- Սալաղլուի
- Ուզունթալայի (Այգեհովիտ)
- Փիրիլուի
- Փոյլուի
- Փոլադ-Այրումի (Խաչարձան)
- Քայմախլուի (Ասլանբեկլու)
- Քարավանսարայի (Իջևան)
- Քոթգահի (Կոթի)
- Օքսյուզլուի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Казахский уезд
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
|