Jump to content

Գարեգին Ա Քեսաբցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Ա Քեսաբցի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Գահակալություն19951999 թթ.
ԻրավանախորդՎազգեն Ա
ԻրավահաջորդԳարեգին Բ
Ծնվել է1932 օգոստոսի 27
ԾննդավայրՔեսաբ,
Սիրիական Հանրապետություն (Ֆրանսիական մանդատ)
Մահացել էհունիսի 29, 1999(1999-06-29) (տարիքը 66)
Մահվան վայրՎաղարշապատ, Հայաստան Հայաստան
Այլ բարձրաստիճան պաշտոն
ԱնունԳարեգին Բ Սարգսյան
Գահակալություն19751995 թթ.
ԻրավանախորդԽորեն Ա
ԻրավահաջորդԱրամ Ա
 Karekin I Վիքիպահեստում

Գարեգին Ա (Քեսապցի, աշխարհիկ՝ Նշան Հակոբի Սարգիսյան, օգոստոսի 27, 1932(1932-08-27)[1], Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - հունիսի 29, 1999(1999-06-29)[1], Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ հոգևոր գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995-1999 թվականներին։ Նախկինում եղել է ՀԱԵ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս որպես Գարեգին Բ 1983-1994 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգիսեան անունով Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում։

Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946–1952)։

1949 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1952 թվականին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ։

Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանեայց ԵկեղեցՒոյ աստվածաբանութիւնը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955 թվականին ստացել է վարդապետական աստիճան։ Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956 թվականին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը։ 1957-1959 թվականներին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում՝ ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան։

1960 թվականին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը։

1963 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973 թվականին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս։

1971–1973 թվականներին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977 թվականներին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը։

1977 թվականի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983 թվականին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս։

1992 թվականից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

1995 թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր։

Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թվականի հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Եկեղեցական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ստանձնելով Դպրեվանքի տեսչի պաշտոնը՝ Գարեգին վարդապետը, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջեկեղեցական համաժողովների։

Մեծ է նրա ավանդը 1965 թվականին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդաժողովի ստեղծման գործում։ Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի II ժողովի երեք հաջորդական նիստերին (1963-65) և Անգլիկան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968)։

ԵՀԽ-ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968 թվականին ընտրվել է ԵՀԽ Կենտրոնական և Գործադիր վարչությունների անդամ, իսկ 1975 թվականի Նայրոբիի (Քենիա) համաժողովում՝ փոխատենապետ։ Այդ շրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում, Հայկազյան քոլեջում, Ամերիկյան համալսարանում։

1976-1977 թվականներին Լիբանանում բռնկած քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանն օժանդակելու գործում։

1983 թվականին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս՝ զարկ է տվել ազգ-կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին։

Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը, ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի Դպրեվանքը (1977 թվականից Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել է «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը։

Կաթողիկոսության շրջանում հովվապետական այցելություններ է կատարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ։ Բազմիցս եղել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնում։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո Գարեգին Բ կաթողիկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն։

1995 թվականին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, սոցիալական բնույթի կառույցների ստեղծմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական գրքերի հրատարակմանը։

Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը։

1996 թվականին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը։

1997 թվականի սեպտեմբերին՝ 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել է ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը։

Այդ շրջանում բազմապատկվել է նաև ճեմարանի սաների թիվը՝ հասնելով շուրջ 120-ի։

Կյանքի է կոչվել Վազգեն Ա-ի ծրագիրը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն։

Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր և Կ. Պոլսի հայոց պատրիարքարան, նոր թափ հաղորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի էկումենյան գործունեությանը, պաշտոնական հանդիպումներ է ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, Մայր աթոռում ընդունել մի շարք եկեղեցական և էկումենիկ պատվիրակությունների։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակում, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, 1997 թվականի ապրիլի 7-ին կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը։

Կաթողիկոսական գահին Գարեգին Ա Քեսաբցուն հաջորդում է Գարեգին Բ Ոսկեհատցին։

Հեղինակ է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրությունների և հոդվածների, ինչպես օրինակ՝

  • Արեւելեան ուղղափառ եկեղեցիներու վկայութիւնը, Անթիլիաս, 1968։
  • Հայ եկեղեցին այժմ, Նյու-Յորք, 1970։
  • Իրանը եւ հայերը, Թեհրան, 1971։
  • Հայկական քրիստոնէական ավանդոյթը Իրանում, Նոր Ջուղա, 1974։
  • Karekin Sarkissian։ The Council of Chalcedon and the Armenian Church. Armenian Prelacy, New York 1975.
  • Անցեալը անցած չէ, Անթիլիաս, 1985։
  • Հայ մարդը հայ գրքի դիմաց, Անթիլիաս, 1990։
  • Հոգեւոր կեանքի փնտռտուքի մէջ, Անթիլիաս, 1991։
  • Յարութիւն հայութեան, Անթիլիաս, 1993։
  • Ձեռնարկ հովուական աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995։
  • Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001
  • Գարեգին Սարգիսեան, Քաղկեդոնի ժողովը և Հայոց Եկեղեցին, Գարեգին Ա. Կրօնական, Աստուածաբանական և Հայագիտական Մատենաշար Թիւ 12, Նոր-Եորք, Լոնտոն, 2012։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդ Կիլիկիո Կաթողիկոս Հաջորդ
Խորեն Ա Բարոյան
(1963-1983)
Գարեգին Բ Սարգսյան
(1977-1995)
Արամ Ա. Քեշիշյան
(1995 թվականից)
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Վազգեն Ա
(1955-1994)
Գարեգին Ա
(1995-1999)
Գարեգին Բ
(1999 թվականից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]