Jump to content

Աբեղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբեղա (ասորերեն ܐܒܝܠܐ,ʾăḇīlā - չամուսնացած, մենակյաց), հայոց եկեղեցու կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանի վանական։

Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է՝ ամուսնացյալ քահանայությություն (տես Քահանա) և ոչ ամուսնացյալ՝ կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն)։ Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում։ Սարկավագին քահանա կամ աբեղա (կուսակրոն քահանա) է ձեռնադրում եպիսկոպոսը՝ օծելով Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մեռոնով։ Եպիսկոպոս Աբեղային հանձնում է նաև վեղար՝ սև սրածայր գլխի ծածկոցը, որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը (կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է՝ ի նշան իրենց ուխտի և հոգևոր աստիճանի)։ Աբեղան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան։ Նրանք ապրում են վանքերում։ Աբեղաները վարել են ճգնավորի և անապատաբնակի կյանք։

Աբեղան իր գործունեությամբ և հագուստով հիմնականում նման է քահանային, բայց ի տարբերություն վերջինիս, կարող է ձեռնադրվել վարդապետ, եպիսկոպոս և կաթողիկոս։ Նաև, գիտական աշխատանք կատարելու դեպքում, Աբեղաները ձեռնադրվում են են Վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է։

Կուսակրոն քահանային՝ աբեղային (նաև վարդապետին) անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը։ Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Հա’յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում։ Գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ՝ օր. Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ աբեղա ԱԶԳԱՆՈւն։

«Աստված օգնական»-ով են ողջունում նաև կուսակրոն մյուս հոգևորականներին՝ եպիսկոպոսին և կաթողիկոսին՝ ավելացնելով համապատասխան դիմելաձևը (համապատասխանաբար Սրբազան Հայր կամ Վեհափառ Տեր)։

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «աբեղա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 22