Բալի (ծով)
Բալի | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ինդոնեզիա |
Խորություն | 1590 մետր |
Մակերես | 45 000 կմ² |
Կազմված է | Բալի, Լոմբոկ, Kangean?, Lombok Strait? և Bali Strait? |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ինդոնեզիա |
Բալի ծով (անգլ.՝ Bali Sea, ինդոն.՝ Laut Bali), միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, որը տարածվում է Ճավա կղզու արևելյան վերջավորության և Բալի, Լոմբոկ, Սումբավա, Սուլավեսի և Մադուրա կղզիների միջև։ Տարածքը կազմում է 40 հազար կմ², միջին խորությունը՝ 411 մետր, առավելագույն խորությունը՝ 1590 մետր։ Ջրի միջին ջերմաստիճանը կազմում է 27-28 °C։ Բալի ծովի միջին աղիությունը 33,0—34,0 ‰ է։ Հատակը ներկայացված է նստվածքային ապարներով, կան նաև հրաբխայի տուֆեր։ Մակընթացությունների բնույթը խառն է․ ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև 1,7 մետրի։ Ծովի հյուսիսային հատվածում եզրավորող կղզիներում կան մի քանի մեծ հրաբուխներ՝ Բատուր (վերջին ժայթքումը կատարվել է 1926 թվականին), Ագունգ (վերջին ժայթքումը կատարվել է 1964 թվականին), Տամբորա և այլն։
Գլխավոր նավահանգիստը Սուրաբայան է (Ճավա կղզի)։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալի ծովը գտնվում է Ճավայի ծովի արևելքում, որից մի քիչ է տարբերվում իր փոքր չափերով։
Հյուսիսային սահմանը անցնում է Կանգեան և Պատերնոստեր կղզիներով, արևելյանը՝ պայմանական սահմանով Սումբավա և վերոնշյալ կղզիներով։ Հարավում սահմանն անցնում է Լոմբոկ, Նուսա, Բալի կղզիներով՝ Բանտեան հրվանդանից մինչև Ճավայի Սեդանո հրվանդան։
Հատակի ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեսակի Բալի ծովը մայրցամաքային ու միջկղզային ծով է։ Հատակի ռելիեֆը համեմատաբար քիչ է մասնատված։ Ամենախորը տեղը հարավային հատվածն է։ Շելֆային գոտին զբաղեցնում է ամբողջ գոգահովիտը, մայրցամաքային լանջակողը արտահայտված է նրա հյուսիսային հատվածում։ Բալի ծովը Հնդկական օվկիանոսի և Ֆլորես ծովի հետ միացած է Լոմբոկ նեղուցով։ Նեղուցի խորությունը այդքան էլ մեծ չէ՝ ընդամենը 20 մետր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալի ծովը գտնվում է ցածր լայնություններում՝ հարավային լայնության 8-10 աստիճաններում։ Հենց աշխարհագրական դիրքն էլ պայմանավորում է նրա կլիմայական պայմանները։ Ծովը գտնվում է մերձհասարակածային կլիմայական պայմաններում, որտեղ տիրապետում են մթնոլորտի մուսոնային շրջանառությունը՝ տարվա կետը տաք ու չոր, տարվա կեսը՝ անձրևային ու տաք։ Առանձին հատվածներում կլիմայի վրա ազդում են լեռնային կտրատված ծովափները։
Ամռանը հարավային կիսագնդում (հյուսիսային կիսագնդի ձմեռը, դեկտեմբեր-փետրվար ամիսներ) գործում է Սիբիրական անտիցիկլոնը, միևնույն ժամանակ Ավստրալիայի վրա ճնշումային մինիմումն է։ Հյուսիսային կիսագնդի ձմռանը (հյուսիսային կիսագնդի ամառը, հունիս-օգոստոս ամիսներ) Ասիայի վրա տիրապետում է Հարավասիական մինիմումը, իսկ Ավստրալիայի վրա ավելանում է ճնշումը։
Դեկտեմբերից մարտ ընկած ժամանակաշրջանում խոնավ սեզոնն է տիրապետում, որի ընթացքում գործում է հարավարևելյան մուսոնը։ Հյուսիսարևմտյան մուսոնը գործում է հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում։ Արևմտյան և հյուսիսարևմտյան քամիների կրկնությունը կազմում է 72-78 %, միջին արագությունը՝ 3-ից 4 մետր/վայրկյան, որը հասնում է մինչև 10-15 մետր/վայրկյան։ Հազվադեպ վերածվում է փոթորիկների՝ 20—25 մետր/վայրկյան)։
Նոյեմբերը անցողիկ ամիս է․ այս շրջանում քամիներն անկայանուն են և հաճախակի են անձրևները։
Ծովի ջրերի վերին շերտերում (0-50 մետր) ջերմաստիճանը կազմում է 28—29 °C։ Աղիությունն այստեղ 32-34 ‰։ 50-ից 300 մետր խորություններում ջերմաստիճանը 25-26 °C է, աղիությունը՝ 34,5 ‰։ 300 և ավելի խորություններում՝ համապատասխանաբար 3-11 °C և 34,6 ‰.։ Աղիությունը նույնպես փոխվում է՝ կապված տարվա սեզոնից։
Հոսանքներ և մակընթացություն-տեղատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային հոսանքները ձևավորվում են գերիշխող քամիների ազդեցությամբ, երբ քամու արագությունը հասնում է միջինում 0,7-1 մետր/վայրկյան։ Հիմնականում դրանք փչում են արևելքից։
Մակընթացության և տեղատվության երևույթները հատկապես ցայտուն արտահայտված են նեղուցներում և նեղ ծովախորշերում, ինչպես նաև խութերի միջև նեղ անցումներում։ Բաց ծովի վրա մակընթացության ալիքի բարձրությունը հասնում է մինչև 1 մետր, իսկ ափամերձ գոտում՝ 1,5-ից 2 մետր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Б. С. Залогин, А. Н. Косарев. Моря. М., «Мысль», 1999 г.
- Океанологическая энциклопедия, Ленинград, Гидрометеоиздат, 1974 г.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալի (ծով)» հոդվածին։ |
|