Աշտարակի շրջան
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Աշտարակ |
Խոշորագույն քաղաք | Աշտարակ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 56 400 |
Խտություն | 81,5 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 691,8 (2,3 %) |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արագածոտնի մարզի հարավ-արևելքում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 691,8 քառ. կմ էր, բնակչությունը՝ 56 400 մարդ (1987), խտությունը՝ 81,5 մարդ։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի շրջանի վարչական կենտրոնն էր Աշտարակ քաղաքը։ Ուներ 1 քաղաք (Աշտարակ), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Աշտարակի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Աշտարակի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Երևանի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Էջմիածնի գավառի մեջ։
Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Արշակունիների դամբարանը Ձորափում (4-րդ դար), Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և վրան կառուցված եկեղեցին Օշականում (5-րդ դար), Ագարակի, Փարպիի և Ավանի միանավ բազիլիկաները (5-6-րդ դարեր), Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները, Ամբերդ ամրոցը և Վահրամաշեն եկեղեցին (7-13-րդ դարեր), Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցին (13-րդ դար) և շատ այլ կառույցներ։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 114 սկզբնական կուսակցական, 147 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Աշտարակ» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արագածի լեռնազանգվածի հարավային և հարավարևելյան լանջերին, 1000–3800 մ բարձրությունների վրա։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր։ Գերակշռում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան թփուտների պուրակներ։
Կլիման չոր ցամաքայինից լեռնատունդրային է (Արագածի գագաթամերձ շրջան), հունվարի միջին ջերմաստիճանը՝ - 4 °C-ից մինչև - 12 °C, հուլիսինը՝ 8- 25 °C, տարեկան տեղումները՝ 250-850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-205 օր։ Խոշոր գետը Քասաղն է՝ Ամբերդ վտակով։ Տարածքով անցնում է Արզնի-Շամիրամ ջրանցքը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության առաջատար ճյուղերն են գյուղատնտեսությունը, սննդի և շինանյութերի արդյունաբերությունը։ Կա 3 կոլեկտիվ, 23 խորհրդային տնտեսություն, 2 միջտնտեսային ձեռնարկություն։ Զարգացած է այգեպտղաբուծությունը, հացահատիկի, ծխախոտի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, կաթնամսատու անասնապահությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը, ճագարաբուծությունը։ Կար 12 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Աշտարակի գինու, շինանյութերի ձեռնարկությունները, տրիկոտաժի, թռչնաբուծական ֆաբրիկաները, Օշականի կարի ֆաբրիկան։ Ավտոճանապարհների երկարությունը 250 կմ էր։ Ուներ կապի հանգույց՝ 25 բաժանմունքով։
1986-87 ուսումնական տարում գործում էր 21 միջնակարգ, 4 երաժշտական, 1 գեղարվեստի, 3 մարզական դպրոց, 1 տեխնիկում և 2 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 5 հիվանդանոց, 1 կենտրոնական, 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, 16 մշակույթի տուն, 35 բժշկական կայան, 29 գրադարան, 15 ակումբ, 2 կինոթատրոն, ժողովրդական թատրոն, 12 կինոկայանք։ Տարածքում են ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը, օպտիկամեխանիկական և ֆիզիկա-տեխնիկական լաբորատորիաները, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ու ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 491)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|