Բելգիայի գերմանախոս համայնք
Բելգիայի գերմանալեզու համայնք (գերմ.՝ Deutschsprachige Gemeinschaft Belgiens, ֆր.՝ Communauté germanophone, հոլ.՝ Duitstalige Gemeenschap), Բելգիայի Թագավորության ամենափոքր լեզվական համայնքը։ Բաղկացած է 9 մունիցիպալիտետից, որտեղ կոմպակտ բնակվում են գերմանախոս համայնքի ներկայացուցիչները։ Այդ համայնքների ընդհանուր բնակչությունը 71.300 մարդ է, որոնց մեծամասնությունը գերմանախոս է։ Ընդհանուր տարածքը՝ 854 կմ2։
Գերմանալեզու համայնքը գտնվում է Լիեժ նահանգում և սահմանակցում է Նիդերլանդների, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Մայրաքաղաքը (համայնքի կառավարության և խորհրդի նստավայր) Էյպեն քաղաքն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանախոս համայնքի ներկայիս տարածքը, այպես կոչված, Արևելյան Կանտոնների մասն է։ Ընդհուպ մինչև 18-րդ դարը նրանք անկախ էին, բայց 1795 թվականին Ֆրանսիան այդ տարածքները բռնակցել է։ 1815 թվականի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ՝ Արևելյան Կանտոնները փոխանցվել են Պրուսիային։
1920 թվականին Արևելյան Կանտոնները Գերմանիան փոխանցել է Բելգիային՝ որպես փոխհատուցում Առաջին համաշխարհային պատերազմում կրած վնասների։ Հարկ է նշել, որ Արևելյան Կանտոնների կազմում է մտնում ոչ միայն գերմանախոս համայնքի ներկայիս տարածքը, այլև ֆրանսախոս բնակչությամբ շրջանները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Արևելյան Կանտոնները գրավվել են Գերմանիայի կողմից և ընդգրկվել են Երրորդ Ռայխի կազմում։ Գերմանախոս բնակչության մեծ մասը իրեն համարել է գերմանացիներ, և գերմանական զորքին դիմավորել է որպես ազատարարների։ Պատերազմից հետո կանտոնների տարածքները վերադարձվել են Բելգիային։ Երկար ժամանակ իրականացվել է կանտոնների ապագերմանականացման քաղաքականություն։
1960 թվականին լեզվային սկզբունքով (Նիդերլանդախոս, Ֆրանսախոս և Գերմանախոս) Բելգիայի ամբողջ տարածքը բաժանվել է երեք մասի։
Ներկայումս համայնքի շատ բնակիչներ, հատկապես երիտասարդ սերնդից, իրենց համարում են ոչ թե գերմանացիներ, այլ բելգիացիներ։
Լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Բելգիայի մյուս համայնքներում (Ֆլամանդախոս և Ֆրանսախոս), գերմանախոս համայնքի լիազորությունները տարածվում են միայն մշակույթի, կրթության և «անհատի հետ կապված հարցերի» վրա։ Վերջինիս են վերաբերում զանգվածային լրատվության միջոցները, առողջապահությունը և երիտասարդական քաղաքականությունը, ինչպես նաև որոշ սոցիալական հարցեր։ Գերմանախոս համայնքը հատուկ շրջան չունի, գտնվում է Վալոնիա տարածաշրջանի տարածքում և, հետևաբար, շրջակա լիազորությունների համար պատասխանատու է Վալոնիայի շրջանը։
2005 թվականի հունվարի 1-ին Վալոնիայի շրջանի մի քանի լիազորություններ փոխանցվել են գերմանալեզու համայնքի։ Դրանց են վերաբերում․
- արարողակարգերի կազմակերպում,
- թաղումների և գերեզմանատների հսկողության կազմակերպում,
- համայնքի 9 մունիցիպալիտետների տարածքում ոստիկանության ղեկավարում,
- համայնքի 9 մունիցիպալիտետների ֆինանսավորում,
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Ֆլամանդական և Վալոնական համայնքների, Գերմանախոս համայնքը լիազորություններ չունի վարչությունում, կրթության և սոցիալական ծառայություններում լեզվի օգտագործման համար։ Գործնականում համայնքի տարածքում օգտագործվում է գրեթե բացառապես գերմաներենը (մայրենի է բնակիչների գրեթե 100%-ի համար), սակայն թույլատրվում է ֆրանսերենի սահմանափակ օգտագործում վարչական գործերում[1]։
Համայնքի տարածքում գործում է գերմաներենով գործող հեռուստա- և ռադիոհաղորդիչ կայան՝ Belgischer Rundfunk (BRF)։ Լույս է տեսնում գերմանալեզու ամենօրյա օրաթերթ՝ Grenz-Echo։
Խորհրդարան ու կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի գլխավոր օրենսդիր մարմինը Գերմանալեզու համայնքի խորհուրդն է (գերմ.՝ Rat der Deutschsprachigen Gemeinschaft (RDG)), որը հայտնի է որպես նաև Գերմանալեզու համայնքի խորհրդարան (գերմ.՝ Parlament der Deutschsprachigen Gemeinschaft)[2]։ Բաղկաղած է 25 անդամից, որոնք ընտրվում են 5 տարով։ Դեկրետների կատարմամբ զբաղվում է Գերմանալեզու համայնքի կառավարությունը (գերմ.՝ Regierung der Deutschsprachigen Gemeinschaft), որն էլ բաղկացած է վարչապետից (գերմ.՝ Ministerpräsident) և 4 նախարարից (գերմ.՝ Minister)։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանախոս համայնքը տեղակայված է հետևյալ 9 մունիցիպալիտետների (gemeinde) տարածքում․[3]
|
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանավորված նրանով, որ գերմանալեզու համայնքում չկան համալսարաններ, այն ներառված չէ Բոլոնիայի գործընթացում։ Ուսանողները սովորում են Վալոնիայում, Ֆլանդրիայում կամ էլ Գերմանիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Society for Threatened Peoples : gfbv.it
- ↑ «German-speaking Community: The jurisdiction of the Government». Dglive.be. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ http://www.dgstat.be/desktopdefault.aspx/tabid-2569/4686_read-32765
|