Saving Abel, ռոք խումբ, Միսսիսիպի նահանգի փոքր քաղաք Կորինֆում։ Կազմավորվել է 2004 թվականին, 2008 թվականին թողարկել է իր առաջին՝ "Saving Abel" ալբոմը, 2010 թվականին երկրորդ ալբոմը՝ "Miss America" անվանմամբ։ «Եթե ձեզ երգ է դուր գալիս, որը հնչում է ռադիոյով և դուք գաղափար չունեք, թե ով է այն կատարում, ձեզ թվում է, որ դուք արդեն դրա նման մի բան լսել եք։ Ահա մենք հենց այդպիսի խումբ ենք»՝ իրենց ստեղծագործությունները բնութագրում են խմբի անդամները։
Ջարեդ Վիքսն ու Ջեյսոն Նուլլը խումբը հիմնել են 2004 թվականին։ 2005 թվականին նրանց է միացել կիթառիստ Սքոթ Բարետը, բասիստ Էրիկ Թեյլորը և թմբկահար Բլեյկ Դիքսոնը։ Որոշ ժամանակ անց տղաներին նկատում է պրոդյուսեր Սկիդ Միլլսը (Skidd Mills), ով մինչ այդ համագործակցել էր ZZ Top-ի, Saliva-ի և Ռոբերտ Կրեեմի հետ։ Նա տղաներին առաջարկեց օգտագործել իր՝ Մեմֆիսի «747 Studios» ստուդիան։
Խմբի դեբյուտային համանուն ալբոմը թողարկվել է միայն 2008 թվականի մարտին Virgin Records լեյբլում և ստացել դրական արձագանքներ։ Առաջին երգը՝ «Addicted»-ը (երգ նախկին ընկերուհու մասին)[1] հայտնվել է Billboard Hot 100 ազգային չարթի 20-րդ հորիզոնականում և 2-րդ տեղում՝ US Mainstream Rock Chart-ում։ Ալբոմը Billboard 200-ում հասել է 49-րդ հորիզոնականի և 2009-ի փետրվարի դրությամբ վաճառվել է 382,443 օրինակով։ 2009 թվականի մարտի 16-ին ձայնասկավառակը ստացել է վաճառքի ոսկե աստիճան[2]։
2009 թվականի սկզբին Saving Abel-ը ուղևորվեց Nickelback խմբի «Dark Horse Tour», 2009 թվականի ամռանը բաց երկնքի տակ նվագել են Hinder-ի և Papa Roach-ի հետ։ Ինչպես նաև, իր սեփական ուղևորության ժամանակ դեպի ԱՄՆ, հասցրել է մի բեմում ներկայանալ Red-ի, Pop Evil-ի և Taddy Porter-ի հետ[3]։
2009 թվականի ապրիլի 7-ին խումբը թողարկեց EP ալբոմը՝ «18 Days Tour» անվանումով, որն իր մեջ ներառում էր «Addicted» և «18 Days» հիթերի ակուստիկ տարբերակները, ինչպես նաև 2 նոր երգեր՝ «Goodbye» և «Trying to Clear My Head»[4]։ 2010 թվականի հունվարին Saving Abel-ը վերադարձավ ստուդիա՝ երկրորդ ստուդիական ալբոմի ձայնագրման համար[5]։ Ալբոմը ստացավ Miss America անվանումը և նախատեսվում էր թողարկել 2010 թվականի հունիսի 8-ին։ Նոր ալբոմի երգերից մեկն արդեն հասանելի է ներբեռնման համար՝ «Sex Is Good»-ի ակուստիկ տարբերակը։
2010 թվականի ապրիլի 8-ին թողարկվեց «Stupid Girl (Only in Hollywood)» առաջին սինգլը՝ ալբոմի թողարկմանը պատրաստվող խմբի կողմից։ Ապրիլի 19-ից երգը ունկնդրելու համար հասանելի է դարձել ռոք ռադիոկայաններում։