Պտղոմեոս Լագոս (հին հունարեն՝ Πτολεμαῖος Σωτήρ, մ․թ․ա․ 367–283 թթ․), Եգիպտոսում Պտղոմեոսյան դինաստիայի (մ․թ․ա․ 305-30 թթ.) հիմնադիրը, Եգիպտոսի սատրապ, Ալեքսանդր Մակեդոնացու ամենամտերիմ զինակիցներից մեկը՝ եռանդուն և տաղանդավոր գործիչ։
Պտղոմեոս Լագոսի մասին հստակ տեղեկություններ չկան, վաղ շրջանում Պտղոմեոսի մասին կենսագրություններ չեն գրվել։ Բայց մեզ հասած որոշ պատառիկներով կարելի է ընդհանուր մի կենսագրական կազմել, ըստ որի՝ նա ապրել է մոտ ութսուն տարի, հենց այն տարիները, որոնք համապատասխանում են հին աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Այն է՝ Փիլիպոս ll Մակեդոնացու հզորացումը, նրա որդի Ալեքսանդրի կողմից Աքեմենյան տերության նվաճումը, դիադոքոսների պատերազմներն ու հելլենիստական պետությունների ձևավորումը։ Պտղոմեոսը սերում էր մակեդոնական հայտնի ընտանիքներից. մոր՝ Արսինոեի ընտանիքը բարեկամական կապերով կապված էր մակեդոնական թագավորական ընտանիքին, հայրն էլ՝ Լագոսը, պատկանում էր մակեդոնական ազնվականական ընտանիքներից մեկին[1]։ Պտղոմեոս Լագոսը ամուսնացած է եղել երեք անգամ. առաջին անգամ ամուսնացել է Արտաբազի դուստր Արտակամեի հետ։ Նրա երկրորդ կինը Անտիպատրոսի դուստրն էր՝ Էվրիդիկեն, որից ծնված Պտղոմեոս Կերավնոսը դիադոքոսների պատմության մեջ մտավ որպես սարսափելի չարագործ, քանի որ սպանեց իր հովանավոր և մերձավոր ընկեր Սելևկոսին։ Վերջինս, սակայն, զրկվեց գահից և գահաժառանգ նշանակվեց Պտղոմեոսի՝ Բերենիկեի հետ երրորդ ամուսնությունից ծնված որդին՝ Պտղոմեոս ll-ը, որը հետագայում ստացավ Ֆիլադելֆոս անունը։
Մ.թ.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտից հետո Պտղոմեոսը արքայի հետ միասին ոտք դրեց Եգիպտոս։ Նա մեծապես հետաքրքրվում էր զինվորական խնդիրներով և կառավարման համակարգով։ Եվ պատահական չէ, որ այս բնագավառներում նա մեծ ներդրում ունեցավ։ Մ․թ․ա․ 330 թ. արքան Պտղոմեոսին վստահեց թիկնապահի ազատված տեղը։ Այդպես նա մուտք գործեց արքայի մերձավոր շրջապատ։ Նրան վստահված էր ոչ միայն արքայի պաշտպանությունը, այլև շատ այլ կարևոր գործեր, որոնցում նրան հնարավորություն էր տրվում առանձնանալ մյուսներից։ Հենց այդ ժամանակվանից էլ նրան սկսեցին վստահել ռազմական կարևորագույն գործերը։ Ալեքսանդրի Արևելյան արշավանքի ընթացքում Պտղոմեոսը իրեն ցուցաբերեց որպես ընդունակ սպա, որն առանձնանում էր իր զգուշավորությամբ և քաջությամբ։
Մ․թ․ա․ 323 թ. Ալեքսանդրի մահից հետո բոլորի, այդ թվում նաև Պտղոմեոսի համար, սկսվեց նոր շրջան։ Բաբելոնում սատրապությունների բաժանման ժամանակ Պտղոմեոսը կարողացավ հասնել նկատելի հաջողությունների։ Կարելի է նույնիսկ ասել, որ այստեղ որոշվեց նրա ճակատագիրը, քանզի նրան բաժին ընկավ հենց Եգիպտոսը, որը նրան անծանոթ չէր, քանի որ դեռևս Ալեքսանդրի կենդանության օրոք, լինելով Եգիպտոսում, նա կարողացավ գնահատել այս երկրի բնակչության և դիրքի հետ կապված առավելությունները։ Եվ՛ արևելքից, և՛ արևմուտքից Եգիպտոսը շրջապատված էր լայնատարած անապատներով և այն գրավելը այնքան էլ հեշտ գործ չէր։ Երկիրը հեշտ էր պաշտպանել և, եթե անգամ թշնամուն հաջողվեր գրավել սահմանամերձ ամրոցները, միևնույն է դելտայի բազուկներով բաժանված Նեղոսի հովտի և Վերին Եգիպտոսի միջև ընկած հսկայական ձգվածությունը նրան մեծ դժվարությունների առաջ կկանգնեցներ։ Սակայն, այս ամենից զատ, երկիրը կառավարելու համար հարկավոր էր ստեղծել կառավարման մի կազմակերպված համակարգ և ստույգ գործող տեղեկատվական ծառայություն. ինչ-որ բան կարելի էր վերցնել փարավոններից և պարսիկներից, բայց շատ բան պիտի ստեղծվեր նորից։ Պտղոմեոսյան դինաստիայի առաջին արքաների կառավարման տարիներին ձևավորվեց հելլենիստական Եգիպտոսին բնորոշ տնտեսական և վարչական համակարգ։ Նոր տերերը օգտագործում էին ինչպես հունական ինստիտուտները, այնպես էլ տեղական ավանդույթները՝ իրենց իշխանությունը ամրապնդելու համար։
Պտղոմեոսի արտաքին քաղաքականության մեջ առկա էր շատ կարևոր մի գիծ. այն է՝ Եգիպտոսի սահմանների ընդարձակումը և ամրապնդումը։ Նրա կառավարումը խաղաղ չի անցել, քանի որ ողջ կյանքի ընթացքում վերջինս շատ պատերազմներ է մղել։ Ըստ նրա՝ այդ պատերազմներն անհրաժեշտ էին, եթե նա ուզում էր մնալ որպես Եգիպտոսի կառավարիչ։ Պտղոմեոսի պատերազմներն ու նրա ռազմավարությունն առանձնանում էին յուրահատուկ զգուշավորությամբ։ Ի տարբերություն Ալեքսանդրի՝ Պտղոմեոսը իր բոլոր խաղաթղթերը չէր դնում սեղանին, այլ նախօրոք ամենայն մանրամասնությամբ ծրագրում էր սպասվելիք ճակատամարտը[2]։
Եգիպտոսից դուրս Պտղոմեոսի նվաճումները սկսվեցին մ․թ.ա. 322 թ.։ Նա հաղթեց Պերդիկասին (Պերդիկասը սպանվեց իր իսկ վրանում՝ իր համախոհների կողմից), որն այդ ընթացքում արդեն դարձել էր կայսերական խնամակալ։ Այդ ընթացքում Պտղոմեոսի հանդեպ հարգանքը այնքան էր մեծացել, որ նրան առաջարկեցին կայսրության խնամակալությունը, սակայն վերջինս հրաժարվեց այդ առաջարկից։ Նա դեռևս վաղուց էր մտադրվել իրեն վերցնել Եգիպտոսը և նրա համար շատ ավելի կարևոր էր ընդլայնել և ամրապնդել իր դիրքերը հենց այդ երկրում։ Որպեսզի ապահովեր երկիրը Պաղեստին կողմից սպասվող ներխուժումից, նա պաշտպանության կարիք էր զգում։ Իսկ այդպիսի պաշտպանի դեր կարող էր ստանձնել Սիրիան, որին էլ վերջինս կարողացավ իր ձեռքն առնել։ Այդ ժամանակներից սկսած Սիրիան դարձավ կռվախնձոր, որի պատճառով հետագայում բազում պատերազմներ մղվեցին։ Մ․թ․ա․ 313 թ. Պտղոմեոսը ներխուժեց Կիպրոս, որը ևս մեծ նշանակություն ուներ, քանի որ գտնվում էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Սակայն առավել մեծ կարևորություն ունեցավ մ․թ․ա․ 312 թ. Գազայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ Պտղոմեոսը և Սելևկոսը հաղթանակ տարան Անտիգոնեսի որդու՝ Դեմետրիոս Պոլիորկետոսի դեմ։ Մ․թ․ա․ 311 թ. խաղաղության պայմանագիր կնքվեց մի կողմից Անտիգոնեսի և մյուս կողմից Կասսանդրոսի ու Լիսիմաքոսի միջև։ Սկզբնապես այդ պայմանագրում Սելևկոսի և Պտղոմեոսի անունները չէր շեշտվում, սակայն հետագայում Պտղոմեոսը միացավ այդ պայմանագրին։
Պտղոմեոսի կյանքում և քաղաքականության մեջ շրջադարձային եղավ մ․թ․ա. 306 թ. Սալամինի ճակատամարտը, որտեղ վերջինս ջախջախիչ պարտություն կրեց և ծովում կորցրեց իր երբեմնի հզորությունը։ Չնայած այդ պարտությանը՝ մ.թ․ա. 305 թ. Պտղոմեոսը իրեն Եգիպտոսի արքա հռչակեց, որից հետո նրա ներքին քաղաքականության մեջ նոր շրջան է սկսվում։ Նա կառավարական կենտրոնը Մեմֆիսից տեղափոխում է դեպի Ալեքսանդրիա։ Այն հիանալի դիրք ուներ և հանդիսանում էր հին աշխարհի ամենալավ նավահանգիստներից մեկը՝ զիջելով թերևս միայն Կարթագենին։ Վերին Եգիպտոսում հիմնելով Պտղոմայիս քաղաքը՝ Պտղոմեոսը ստեղծեց հատուկ կենտրոն, որն իր վրա վերցրեց նահանգի գլխավոր քաղաքի գործառույթները։ Եգիպտոսի նոր արքայի իշխանության հենարանը զինվորական ուժն էր և հարկերը, որոնց օգնությամբ նա կարող էր իրականացնել բավականին հաջող ներքին քաղաքականություն։
Մ․թ․ա․ 283 թ. մահանում է Պտղոմեոս l-ը՝ գահը փոխանցելով որդուն՝Պտղոմեոս ll-ին, որը մ.թ․ա. 285 թվականից արդեն ստանձնել էր երկրի կառավարումը։
- ↑ Бенгстон Г. Правители эпохи эллинизма. М., 1982. ст. 29.
- ↑ Бенгстон Г. Правители эпохи эллинизма. М., 1982. ст. 42.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|