Jump to content

Նոր Գվինեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Գվինեա
Տեսակկղզի
Երկիր Ինդոնեզիա և  Պապուա Նոր Գվինեա
Վարչատարածքային միավորՊապուա (Ինդոնեզիայի գավառ) և Արևմտյան Պապուա
Մասն էԱվստրալիա
Երկարություն2398 կմ
Լայնություն400 կմ
Մակերես785 753 կմ²
Ամենաբարձր կետըPuncak Jaya?
Բնակչություն11 300 000 մարդ
Անվանված էԳվինեա (տարածաշրջան)
Քարտեզ
Քարտեզ

Նոր Գվինեա (ինդոն.՝ Pulau Irian, անգլ.՝ New Guinea), մակերեսով երկրորդ ամենամեծ կղզին աշխարհում[1]՝ Գրենլանդիայից հետո։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում[2][3], ընկած է Ավստրալիա մայրցամաքից 150 կմ դեպի հյուսիս՝ նրանից անջատվելով Տոռեսի նեղուցով[2][4]։

Զբաղեցնում է 829 000 կմ² մակերես[4][5]։ Բնակչությունը 2014 թ. տվյալներով կազմում է 11 306 940 մարդ։ Կղզու ամենաբարձր կետը 4884 մետր բարձրություն ունեցող Պունչակ Ջայա լեռն է, որը համարվում է Ավստրալիա և Օվկիանիա մայրցամաքի ամենաբարձր լեռը[4][6]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին սնուցվում է Խաղաղ օվկիանոսի, Արաֆուրյան և Մարջանների ծովերի ջրերով։ Լեռնային ռելիեֆն ու խոնավության առատ քանակը նպաստում են գետերի ցանցի հարստացմանը։ Նոր Գվինեայում առկա են մի շարք երկար գետեր, որոշների երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի։ Դրանցից ամենաերկարը Սեպիկ գետն է։ Գետի երկարությունը 1126 կմ է, իսկ ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 80 321 կմ2։ Երկարությամբ երկրորդը Պապուա Նոր Գվինեայի տարածքում գտնվող նավարկելի Ֆլայ գետն է, որի երկարությունը 1050 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 76 000 կմ2։ Ֆլայ գետը նաև ամենաջրառատն է ամբողջ Օվկիանիայում։ Գետի ջրային պաշարն ամբողջությամբ գոյանում է անձրևներից։

Նոր Գվինեայի հարավային շրջանները պատկանում են Ավստրալիական պլատֆորմին։ Կղզու հյուսիսային և կենտրոնական մասերը զբաղեցնում են բարձր լեռնազանգվածները։ Կղզու ողջ հյուսիս-արևմուտքից մինչ հարավ-արևմուտք ձգվում է գլխավոր լեռնահամակարգը (Կենտրոնական լեռներ), որի ամենաբարձր կետը 3000-4000 մ բարձրություն ունեցող Ջայա լեռն է։ Ծովափերին հանդիպում են բազմաթիվ կորալյան ժայռեր և փոքր կղզիներ, որտեղ հանգած հրաբուխներ կան։ Նոր Գվինեայի լեռնաշղթաները ձգվում են մինչև Բիսմարկի կղզեխումբ և Սողոմոնյան կղզիներ։ Այս կղզիների լեռների բարձրությունը սովորաբար չի գերազանցում 3000 մետրը։ Շատերը կազմված են հանգած և գործող հրաբուխներից։

Նոր Գվինեայի առաջին բնակիչների մասին պատմական փաստերն ամբողջությամբ վերականգնելը դժվար է, քանի որ այդպիսի կլիմայական պայմաններում օրգանական նյութերն արագ են ոչնչանում։ Հայտնի է, որ սկզբնական շրջանում մարդիկ սկսել են բնակեցնել ծովափնյա տարածքները, քանի որ նրանք լավ ծովագնացներ են եղել և հաճախ են նավարկել։

Նոր Գվինեայում առաջին բնակիչները հայտնվել են դեևս 60 հազար տարի առաջ։ Նրանք այստեղ են հասել Ասիայից և Ավստրալիան Նոր Գվինեային կապող նեղուցով։ Ներկայումս համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով նեղուցը ծածկված է ջրով[4]։ Գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել 10 հազար տարի առաջ։ Բնակիչներն աճեցրել են բանան, շաքարի ճակնդեղ և տարո (լատին․՝ Colocásia esculénta

Այստեղ եկած առաջին եվրոպացիները եղել են իսպանացի և պորտուգալացի նավաստիները, որոնք կղզում հայտնվել են 16-րդ դարում։ Լեգենդի համաձայն՝ պորտուգալացի դոն Ժորժի դի Մենեժեշը, գալով կղզի, այն անվանում է Ilhas dos Papuas` «Պապուասների կղզի» (մալայերեն «գանգրահեր» բառից)։ 1545 թ. կղզի է գալիս իսպանացի ծովագնաց Ինյիգո Օրտիս դե Ռետեսը, ով կղզին կոչում է «Նոր Գվինեա»՝ ի հիշատակ աֆրիկյան բնակավայր Գվինեայի, որտեղ եղել էր նախկինում։ Այդ պահից եվրոպացիները սկսեցին Նոր Գվինեայից արտահանել թանկարժեք մետաղներ, կոկոս և արժեքավոր ծառատեսակներ, այդ թվում՝ կաուչուկ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նոր Գվինեան բաժանվել է մի քանի մասի։ Կղզին միմյանց մեջ բաժանել են Մեծ Բրիտանիան, Գերմանական կայսրությունը, Նիդերլանդները։ Հայրենական պատերազմի սկզբին կղզին օկուպացվել է Ճապոնիայի կողմից։ Պատերազմի ավարտից հետո այն մնացել է Նիդերլանդների հսկողության տակ։ 20-րդ դարի 60-ական թվականներին սկսվել է կղզու անկախության գործընթացը, որին բացասաբար է վերաբերվել Ինդոնեզիայի Հանրապետությունը։ Ինդոնեզիան իր զորքերը կենտրոնացրել է կղզու արևմտյան շրջանում՝ նորգվինեացիների դեմ պայքարելու համար, որի արդյունքում զոհվել են 300 հազար պապուացիներ։

Ներկայումս կղզին բաժանված է 2 մասի։ Արևելյան մասը պատկանում է Ինդոնեզիային, իսկ արևմտյան մասը՝ Պապուա Նոր Գվինեային։ Նոր Գվինեան Ավստրալիական սալի մաս է կազմում։

Նոր Գվինեային բնորոշ է հասարակածային և մերձհասարակածային[7] կլիմաները։ 1000 մ բարձրության վրա ջերմաստիճանը բարձր է և գրեթ ողջ տարվա ընթացքում չի փոփոխվում։ Կղզում ամսական ջերմաստիճանը տատանվում է 25-28 °С ջերմաստիճանի սահմաններում, 20 °С-ից գրեթե չի իջնում։ 2000 մ բարձրության վրա միջին ջերմաստիճանը բոլոր ամիսների ընթացքում մի փոքր ցածր է 20 °С-ից։

Հյուսիսային շրջաններում տեղումների միջին քանակը կազմում է 4000 մմ, որոշ վայրերում՝ 6000 մմ։ 4000 մ բարձրության վրա ջերմաստիճանի ցածր պայմաններում և տեղումների բարձր քանակով պայմանավորված ձևավորվում է սառցաշերտ։ Սառցապատ տարածքները հանդիպում են մոտավորապես 4400 մ բացարձակ բարձրության վրա։

Կղզու հարավային մասերը տեղումների բաշխվածությամբ նման են Հյուսիսային Ավստրալիայի կլիմային։ Ձմռանը հարավարևելյան պասսատները կլիման դարձնում են չորային, իսկ ամռանը հյուսիսային մուսսոնները խոնավություն են հաղորդում։ Տեղումների տարեկան քանակը հասնում է 1000 մմ-ի[5]։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին իր ֆլորայով ավելի նման է Ասիային, քան Ավստրալիային։ Ինչպես կենդանական աշխարհը, այնպես էլ բուսականությունը կազմված է էնդեմիկ տեսակներից։ Տեսակների բաշխվածությունը կապված է տեղումների քանակի և օվկիանոսի մակարդակից բարձրության հետ։

Նոր Գվինեայի ցածրադիր ափերում, ինչպես Ավստրալիայում, լայն շերտով ձգվում են արևադարձային խիտ անտառները։ Նոր Գվինեայի որոշ վայրերին բնորոշ է Metroxylon rumphii բուսատեսակի անտառները։ Կղզու սավաննաներում աճում են ակացիաներ, էվկալիպտ (լատին․՝ Eucalyptus), կազուարիններ (Casuarina

Խոնավությամբ հարուստ արևադարձային անտառները կազմով նման են հարավարևելյան Ասիայի անտառներին։ Բայց Նոր Գվինեայի և շրջակա կղզիների խոնավ արևադարձային թավ անտառների քանակն արագ նվազում է։ Դրանք արժանանում են Աֆրիկայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների անտառների ճակատագրին[5]։ Այստեղ հանդիպում են նաև հնդկեղեգ, շքածառ։

Rhyticeros plicatus

Նոր Գվինեան, լինելով արևադարձային կղզի, հարուստ է կենդանական և բուսական տեսակներով։ Կղզում հանդիպում են էնդեմիկ կենդանիներ։ Բուսական աշխարհը կազմված է 11 000 տեսակներից, որոնցից 2 500-ը խոլորձներ են, 1 200-ը՝ ծառատեսակները։ Նոր Գվինեան 500 թռչունների, 400 երկկենցաղների, 180 կաթնասունների և 450 թիթեռների հայրենիք է։ Օվկիանոսային կենդանատեսակները նույնպես բազմազան են։ Կան ձկների 1 000 տեսակներ։ Այստեղ հանդիպում են ներկայացուցիչներ կաթնասունների բոլոր ենթադասերից՝ միանցքանիներ, պարկավորներ, գիշատիչ պարկավորներ (լատ.`Dasyuromorphia), Peramelemorphia, Diprotodontia, Eutheria։

Նոր Գվինեայի արևմտյան մասը համարվում է աշխարհի քիչ հետազոտված վայրերից։ Հետազոտություններին չեն օգնում նաև արբանյակային նկարները։ Արևմուտքի սաղարթախիտ անտառների վրա գոյացող ամպերի պատճառով հնարավոր չի լինում տիեզերքից հետազոտել անանցանելի ջունգլիների խորքերը։

Այստեղ հանդիպում են թռչունների 79 ընտանիքներ և 730 տեսակներ և 320 տեսակ էնդեմիկ թռչուններ։ Թութակներն ու աղավնիները մեծ թիվ են կազմում։ Հանդիպում են ճնճղուկանմանների կարգի ներկայացուցիչներ։ Այդ կարգի ավելի հայտնի տեսակներից են դրախտային թռչունները (լատին․՝ Paradisaeidae)։ Էնդեմիկ կենդանիների դասին է ներառվում նաև Նորգվինեական կոկորդիլոսը (Crocodylus novaeguineae):

«Եդեմի այգի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թ. ամերիկացի հետազոտողների մի խումբ հայտնաբերել է «Եդեմի այգի» կոչվող վայրը Նոր Գվինեայի արևադարձային լեռնային անտառներում։ Այդ տարածքը զբաղեցնում է 300 000 հեկտար մակերես Ֆոջա լեռան լանջերին և մեկուսացված է եղել արտաքին աշխարհից։ Հետազոտողները «Եդեմի այգում» հայտնաբերել են մինչ այդ դեռևս չհայտնաբերված ավելի քան 20 տեսակի գորտեր, 4 տեսակ թիթեռներ, 5 տեսակ արմավենիներ։ Հայտնաբերվել են մի քանի հազվադեպ հանդիպող պարկավորներ՝ կենգուրու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Գվինեա» հոդվածին։