Jump to content

Միջատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջատներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Երկկողմանի համաչափ կենդանիներ (Bilateria)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Linnaeus, 1758

Միջատներ (լատին․՝ Insécta), անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները հազարոտնուկների հետ միասին պատկանում են տրախեաշունչների ենթատիպին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «insecte», լատիներեն՝ insectum, միջին հունարեն՝ ἔντομον բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։

Միջատների մարմինը պատված է խիտինացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին։ Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է սաղմնային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ մետամորֆոզով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, թրթուր, իմագո՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, հարսնյակ և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը։ Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը՝ նիշաները և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ Անտարկտիդայում։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է էնտոմոլոգիա (միջատաբանություն)։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միջատ» բառը, որն ի սկզբանե գրականության մեջ առաջարկել է գործածել Արիստոտելը, նշանակում է տարանջատումներով, մասնատումներով, կտրվածքներով կենդանի (լատին․՝ insectum «կտրում եմ», «հատում եմ», «տարանջատում եմ», հին հունարեն՝ ἔντομον «կտրվածք, հատում, ատամնաձև կտրվածք» բառերից)։

Միջատների բոլոր կարգերը։ Իմագո։
Միջատների բոլոր կարգերը։Թրթուրներ։

Լատինական անվանումը՝ Insecta (Linnaeus, 1758) ունի Կառլ Լիննեյի ֆորմալ հեղինակային իրավունքը։ Միջազգային կենդանաբանական անվանակարգի, համաձայն, լիննեյան «ԲՆության համակարգի» 10-րդ հրատարկության լույս ընծայման տարեթվին (1758) է տրվում կենդանաբանական տաքսոնների բոլոր անվանումների առաջնահերթությունը։ Տեսակների, ցեղերի, ընտանիքների և դրանց մեջ ընկած միջանկյալ կիրառելի տիպական անվանումների համար գործում են կենդանաբանական անվանակարի (նոմենկլատուրայի) Միջազգային կոդեքսի կանոնները, սակայն, այնպիսի ոչ տիպիկ անվանումների համար ինչպիսին է Insecta-ն, դրանք չեն տարածվում։ Արդյունքում, գիտական գրականության մեջ գործածում էին «Insecta» տերմինը ամենատարբեր տաքսոնների համար։ Ի սկզբանե, Արիստոտելի ժամանակներից սկսած, այդ անվանումը վերաբերում էր ցամաքային [[հոդվածոտանիներին (վեցոտանիներին, սարդակերպերին և այլոց), բայց ոչ խեցգետնակերպերին։ Լիննեյը խեցգետնակերպերին տեղակայեց Insecta դասի մեջ, այնպես որ, ըստ Լիննեյի, Insecta-ն մոտավորապես համապատասխանում է ներկայիս Arthropoda (հոդվածոտանիներ) տաքսոնին։ Ժան Բատիստ Լամարկը «Insecta» դասի մեջ էր տեղակայում միայն թևավոր միջատներին, այն էլ ոչ բոլորին։ Այլ հեղինակներ գործածում էին «Insecta» անվանումը այս կամ այն իմաստներով, որոնք միջանկյալ դիրք էին գրավում լիննեյան և լամարկյան ընկալումների միջև։ Առավել ավանդական է հանդիսանում «Insecta» (Վիլյամ Էլֆորդ Լիչ, 1815) անվանման գործածումը՝ «վեցոտոնիներ» իմաստով։

Տեսակների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ, գիտնականների կողմից նկարագրվել է միջատների 1070781 տեսակ, ներառյալ 17203 բրածո տեսակներ։ Տեսակների իրական թվաքանակը գնահատվում է 2 մլն-ից մինչև 8 մլն ընկած միջակայքում։ Յուրաքանչյուր տարի նկարագրվում է գիտության համար նոր միջատների 7000-7500 տեսակ։ Միջատների ժամանակակից և անհետացած չորս տասնյակ կարգերից առանձնանում են 5 խոշորագույն կարգերը՝ կարծրաթևավորները (բզեզներ) (392 415 տեսակ), երկթևանիները (160 591 տեսակ), թեփուկաթևավորները (158 570 տեսակ), թաղանթաթևավորները (155 517 տեսակ) և կիսակարծրաթևավորները (104 165 տեսակ)։ Միջատները խիստ բազմազան են, և դրանց մեծամասնությունը վատ է ուսումնասիրված, ուստի անչափ դժվար է տալ գոյություն ունեցող տեսակների թվաքանակի ճշգրիտ գնահատականը։ Նկարագրված տեսակներից մի քանիսը հայտնի են ընդամենը մի վայրում հայտնաբերված գտածոների, կամ նույնիսկ մեկ նմուշի շնորհիվ։

Մարմնի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատների մարմինը կազմված է երեք առանձին, բայց իրար հետ կապված մասերից։ Դրանք են՝ գլուխը, կուրծքը և փորիկը։ Գլխի վրա կա բեղիկների մի զույգ, երկու ֆասետային և, երբեմն նաև, մեկից երեք հատ պարզ աչք։ Բեղիկների միջոցով միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները։

Միջատի մարմնի կառուցվածքը։
A գլուխ, B կուրծք, C փորիկ,1 անտենաներ, 2 ծնոտներ, 3 labrum, 4 բեղիկներ, 5 երես, 6 ճակատ, 7 ծոծրակ, 8 առաջնակուրծք,
9 scutellum, 10 ծածկաթևր, 11 փորիկ, 12 շնչանցքեր, 13-15 ոտքեր

Գլխի առջևի մասում են գտնվում նաև ծնոտների երեք զույգերը՝ վերին, ստորին և իրար հետ միաձուլված ստորին ծնոտների երկրորդ զույգը՝ ստորին շուրթը։

Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները։ Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտք և 2 զույգ թև, որոնք ամրանում են կրծքի հատվածին։

Փորիկն ունի տասնմեկ հատված, չնայած, միջատների որոշ տեսակների մոտ հատվածները կարող են լինել միացված և ավելի մեծացված չափսերով։ Որովայնում են գտնվում մարսողական համակարգը և բազմացման օրգանները։ Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և սարդերի), միջատների մարմինը ևս պատված է խիտինե ծածկույթով, որին ասում են արտաքին կմախք[1]։ Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից։ Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում։ Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները։ Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ։ Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ։ Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել։ Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից։ Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել։

Սովորական դեպքերում միջատների թևերը երկու զույգ են՝ առջևի և ետևի։ Ամրացված են կրծքամասին։ Կազմված են խիտ ցանց ստեղծող ամուր ջղերի վրա ամրացված բարակ թևաթաղանթից։ Միջատների որոշ կարգերի թևերը կրել են փոփոխություններ՝ հատուկ գործողություններ կատարելու համար։ Թեփուկաթևավորների և թաղանթաթևավորների մոտ ետևի թևերը տարբերվում են առջևիններից իրենց չափսերով։ Բզեզների առջևի թևերը դարձել են ծածկաթևեր՝ ետևինները պաշտպանելու համար, որոնք հանգստի ժամանակ թաքնված են նրանց տակ։

Ներքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատների կենտրոնական նյարդային համակարգն իրենից ներկայացնում է իրար միացված առանձին նյարդային հանգույցների՝ գանգլիոնների մի շղթա։ Նյարդային համակարգի ամենաառջևի մասի երեք սերտաճած գանգլիոններից է կազմված ուղեղը։ Մնացած մասը գտնվում է աղիների տակ։ Ուղեղը բաժանվում է երեք մասերի։ Պրոտոցերեբրումը պատասխանատու է տեսողության և բարդ վարվեցողական ռեկցիաների համար, դեյտոցերեբրումը նյարդավորում է անտենաները, իսկ տրիտոցերեբրումը՝ ստորին ծնոտները, բերանի անցքի մոտ դասավորված մկաններն ու ներսի օրգանները։
Նյարդային համակարգի մյուս մասն է շղթայաձև իրար միացած գանգլիոնների որովայնային նյարդաշարը։

Մարսողական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատների մարսողական համակարգը կազմված է աղիքային տրակտից և մարսողական գեղձերից։ Շատ միջատներ ունեն թքագեղձեր։ Առավել զարգացած են ողկուզանման թքագեղձերը, որոնք թրթուրների մոտ վերափոխվում են մետաքսարտադրող օրգանների։ Թուքը պարունակում է տարբեր ֆերմենտներ. ածխաջրերը ճեղքելու համար՝ կարբոհիդրազներ, ճարպերն ու սպիտակուցները մարսելու համար՝ լիպազներ և պրոտեինազներ, ոջիլների մոտ՝ հյուսվածքները քայքայող գիալուրոնիդազ։ Արյուն ծծողների մոտ կան անտիկոագուլանտներ։ Որոշ միջատների թքագեղձերը կարող են արտադրեն մետաքս, ֆերոմոններ կամ ալոտրոֆ նյութեր։

Շնչառական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։ Շնչուղիների համակարգը կարող է լինել բաց և փակ։ Երկրորդ դեպքում շնչուղիներ լինում են, իսկ շնչանցքեր՝ ոչ։ Փակ համակարգը հատուկ է ջրային և մակաբույծ միջատներին, որոնք շնչում են ջրի մեջ կամ տիրոջ հեղուկների խոռոչներում լուծված թթվածինը։

Տեսողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճպուռի աչքերը։
Սովորական լուսատտիկ

Միջատների տեսողության առանձնահատկությունը պայմանավորված է նրանց աչքերի ֆասետային կառուցվածքով։ Ֆասետային աչքերը կազմված են հազարավոր օմատիդիումներից։ Ամենաշատ օմատիդիումներ ունեն թիթեռների (12-17 հազար) և ճպուռների (10-28 հազար) աչքերը։

Ֆասետային աչքերում տեսողական պատկերը ձևավորվում է առանձին օմատիդիումների ստեղծած կետային բազմաթիվ պատկերների միավորումից։ Ֆասետային աչքերը չունեն արտաքին ազդակներին հարմարվելու ընդունակություն և չեն կարող հարմարվել տարբեր հեռավորություների տեսողությանը։ Կարելի է ասել, որ միջատները ծայրահեղ «կարճատես» են։

Ֆասետային աչքերի մյուս առանձնահատկությունն այն է, որ միջատները լավ տեսողություն չունենալով հանդերձ, այդ աչքերի կառուցվածքի շնորհիվ շատ լավ են ընկալում օբյեկտների շարժումները։ Դա հատկապես կարևոր է վտանգից խուսափելու համար՝ միջատները շատ արագ են արձագանքում ցանկացած շարժմանը։

Բացի ֆասետային աչքերից, միջատներից շատերն ունենում են նաև պարզ աչքեր, որոնք սովորաբար լինում են երեք հատ և տեղավորված են գլխի ճակատային մասում։ Պարզ աչքերը նախատեսված են լուսավորությունն ու նրա փոփոխությունները գնահատելու համար։
Պարզ աչքեր չունեն թիթեռները, երկթևանիները և աշխատավոր մրջյունները։

Լույս արձակել
[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ միջատներ ընդունակ են լույս արձակել։ Դրանցից ամենահայտնիներն են լուսատտիկների կարգի բզեզները։ Որոշ տեսակներ կարողանում են կարգավորել լուսարձակումը՝ կայծեր արձակելով։
մեծ են քաքում Լուսարձակումը ծառայում է տարբեր նպատակների՝ տալիս են ազդանշաններ հակառակ սեռին, լուսարձակումը ծառայեցնում են պաշտպանության և, նույնիսկ, քողարկման նպատակներին։ Photuris կարգի արուներն արձակում են զուգավորմանը պատրաստ լինելու ազդանշաններ, որոնք հատուկ են իրենց հետ նույն տարածքում ապրող Photinus կարգի տեսակներին։ Photinus-ի արուները այդ ազդանշաններով հրապուրվելով «ընկնում են թակարդը», և կեր են դառնում Photuris կարգի գիշատիչ էգերին։

Տարբեր միջատների մոտ լսողության մեխանիզմները տարբեր են։ Նրանցից շատերի մոտ դա իրականացվում է ազդրերի հետ միացման մասում գտնվող ոտքերի անրակներում գտնվող վիբրառեցեպտորների միջոցով։ Նրանց միջոցով միջատներն ընկալում են այն զանգվածի նվազագույն ցնցումները, որի վրա գտնվում են։
Օդի կամ ջրի միջոցով ձայների ընկալումը կատարվում է ֆոնոռեցեպտորների միջոցով։ Միջատների ամենաբարդ լսողական օրգաններն են համարվում տիմպանալ օրգանները։ Նրանց բաղադրության մեջ գտնվող սենսիլների քանակը տատանվում է 3-ից (որոշ թիթեռներ) մինչև 70 (սարանչա) և նույնիսկ հասնում է 150-ի (երգող ցիկադների մոտ)։

Ձայներ հանել

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորեխի ձայներ արձակելու գործողությունները։
Ցիկադի երգելը։

Միջատները եղել են ձայներ հանող առաջին օրգանիզմները։ Նրանք դա անում են հիմնականում վերջավորությունների մեխանիկական գործողություններով։ Ցիկադներն արձակում են ամենաուժեղ ձայներն այն հատուկ ձևափոխությունների միջոցով, որոնք կրել են իրենց իրենց մարմինն ու մկանային համակարգը։ Աֆրիկյան Brevisana brevis ցիկադի արձակած ձայնը չափվել է մինչև 106.7 դեցիբել ուժգնության 50 սմ հեռավորության վրա[2]։

Հոտառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախոշոր միջատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում գտնվող Little Barrier կղզու անտառապահը՝ Մարկ Մոֆեթը, գտել է աշխարհի ամենախոշոր միջատին, որն այնքան մեծ է, որ կարողանում է մի ամբողջ գազար ուտել։ Երկու օր անընդմեջ որոնումների արդյունքում նա հայտնաբերել է այս ծղրիդանման միջատին, որի թևի լայնությունը 15սմ է։ Այս միջատը համարվում է մինչ այժմ հայտնի ամենախոշոր միջատը, որի քաշն այնքան է, որքան կարող են կշռել երեք մուկ միասին վերցրած։

Հետաքրքիր փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը տարեկան ուտում է միջինը մոտ 500 գրամ միջատ, հիմնականում այլ սննդի հետ միասին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «O. Orkin Insect zoo». The University of Nebraska Department of Entomology. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  2. Walker, T.J., ed. 2001. University of Florida Book of Insect Records, 2001.
  3. «Հետաքրքիր». Դավիթ Շահինյանի բլոգ (ռուսերեն). 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջատներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջատներ» հոդվածին։