Jump to content

Կարլ Մակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Մակ ֆոն Լեյբերիխ
Karl Freiherr Mack von Leiberich
25.08.1752 – 22.12.1828 (76 տարեկան)
ԾննդավայրՆենսլինգեն (Բավարիա)
Մահվան վայրՍանկտ Պյոլտեն (Ավստրիական կայսրություն)
ՔաղաքացիությունԱվստրիա
Ծառայության տարիներ17701828
Կոչումֆելդմարշալլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
ՊարգևներՄարիա Թերեզայի շքանշան

Բարոն Կարլ Մակ ֆոն Լեյբերիխ (գերմ.՝ Karl Freiherr Mack von Leiberich, 1752, օգոստոսի 25 - 1828, դեկտեմբերի 22) - Ավստրիական ֆելդմարշալ - լեյտենանտ։ Մասնակցել է Թուրքիայի և Ֆրանսիայի դեմ իրականացված պատերազմներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1770 թվականին ընդունվել էր ավստրիական հեծելազորային գունդ որպես ֆուրիեր։ 1772 թվականին ստացել էր կապրալի աստիճան։ Այնուհետև ծառայել էր որպես գնդի համհարզ կայսերական կիրասիրական գնդում։ 1777 թվականին ստացել էր կրտսեր լետենանտի կոչում։ Բավարիայի դեմ պատերազմում ծառայել էր կոմս Կինսկի և ֆելդմարշալ Մորից Լասսի շտաբներում։ 1783 թվականին ստացել էր կապիտանի աստիճան։ Թուրքիայի դեմ պատերազմի ժամանակ ծառայել էր կայսերական գլխավոր շտաբում և 1788 թվականին արժանացել էր մայորի աստիճանի և նշանակվել որպես ֆլիգել- ադյուտանտ/ արքայահամհարզ։ 1789 թվականին արդեն որպես փոխգնդապետ աչքի էր ընկել Բելգրադի գրոհի ժամանակ[1]։ Սակայն, բանակի գլխավոր հրամանատար դարձած, Լաուդոնի հետ ունեցած տարձայնությունները պատճառ դարձան, որպեսզի Մակը թողնի ռազմական թատերաբեմը՝ ռազմական տրիբունալում չհայտնվելու համար։ Այնուամենայնիվ, նա արժանացել էր գնդապետի կոչման և պարգևատրվել Մարիա Թերեզայի շքանշանի ասպետական խաչով։ Նույն թվականին Մակը նշանակվել էր շևոլեժերյան գնդի հրամանատար և մարտերից մեկի ընթացքում վիրավորվել էր գլխի հատվածում, որի հետևանքներն իրենց զգացնել են տվել ամբողջ կյանքի ընթացքում։

Մակը գնդի հրամանատար մնաց մինչև 1793 թվականը, երբ առաջին կոալիցիոն պատերազմի սկզբին նշանակվել էր Նիդերլանդներում արքայազն Սաքսեն - Կոբուրգսկի ավստրիական զորքերի գլխավոր հրամանատարական շտաբի գեներալ - կվարտիրմեյստեր (զորաբնակարարանապետ)։ Աչքի էր ընկել Ներվինդենի ճակատամարտում մարտի 1-ին և 18-ին։ 1793 թվականի մայիսի 23-ին, տեղի ունեցած Ֆամարեի ճակատամարտում հաղթելուց հետո, Մակը նշանակվել էր 20-րդ կիրասիրական (ճոշանակիր) գնդի պետ։ 1793 թվականի մարտ - ապրիլ ամիսների հաջողություններին շուտով փոխարինել են դաշնակիցների անհաջողությունները քաղաքական և ռազմական բնագավառներում, որոնք մասնակիորեն վերագրվել են Մակին։ Այդ պատճառով նա հեղինակազրկվել էր կայսեր աչքից և 1793 թվականին պաշտոնակ արվել գեներալ - կվարտիրմեյստերի պաշտոնից։ 1793 թվականի ռազմարշավն ավստրիացիների համար ավարտվել էր ծայրաստիճան անհաջողությամբ[2]։

Մակը հիմնավոր պատճառներ ուներ ենթադրելու, որ այդ անհաջողությունները կապված էին իր հեռացման հետ։ Այդպես կարծում էր ոչ միայն ինքը։ Նրան ծառայության վերադարձնելու կոչերը հետզհետե շատացել էին։ Թագաժառանգ Սաքսեն - Կոբուրգսկին բազմիցս առաջարկել էր Մակին նորից զբաղեցնել գեներալ - կվարտիրմեյտերի պաշտոնը։ Բայց առաջարկները նրա կողմից ընդունվել էր ոչ բարյացակամ։ Նրա վիրավորված ինքնասիրությունը չէր կարող համաձայնել Նիդերլանդներում գտնվող բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնից ցածր պաշտոն։ Առաջարկվող պաշտոնը նա կարող էր ընդունել միայն այն դեպքում, եթե ինքը կայսրը զբաղեցներ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը։

Գեներալ Մակն Ուլմից հետո (ծաղրանկար)

Մակին կանչել էին Վիեննա. նա տեղ էր հասել 1793 թվականի դեկտեմբերի 26-ին։ Կայսրն, իրոք, նպատակ էր ունեցել գլխավորել զորքերը Նիդերլանդներում, իսկ Մակը նախապատրաստել էր նոր ռազմարշավի նախագիծ, որտեղ ընդծել էր Պրուսիային օգնելու անհրաժեշտությունը։ 1794 թվականի գարնանը նա ուղևորվել էր Լոնդոն գործողությունները համաձայնեցնելու համար։ Վերադառնալով Վիեննա՝ նրա կողմից ստեղծված ռազմարշավի նախագիծը Նիդեռլանդներում հավանության էր արժանացել թագաժառանգ Կոբուրգսկի և անձամբ կայսր Ֆրանց 2-րդի կողմից։ 1794 թվականին Մակը, վերջնականապես վերքից ապաքինվելով, նորից վերադարձել էր ակտիվ ծառայության գեներալ - մայորի և շտապի պետի պաշտոնում։ Բայց անհաջողությունները շարունակել էին ուղեկցել բանակին նույնիսկ հետ վերադառնալուց հետո և մայիսի կեսերին Մակը ստիպված էր համաձայնել կայսեր և թագաժառանգ Կոբուրգսկիի պլանի իրականացման հետ։ Բայց ծրագիրը լավ չէր մշակված և 1794 թվականի մայիսի 17-ին Տուրնեի ճակատամարտում ավստրիական բանակը պարտություն էր կրել։ Մայիսի կեսերին Մակը ազատվել էր իր բոլոր ծառայողական ֆունկցիաներից։

Հաջորդ տարվա ընթացքում Մակը որևէ պաշտոն չի զբազեցրել։ 1796 թվականին Անգլիայի վարչապետը նրան էր առաջարկել Պորտուգալիայում գտնվող դաշնակից զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը։ 1797 թվականի գարնանը ֆելդմարշալ - լեյտենանտի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա ուղևորվել է Վերին Հռենոս ու նշանակվել Հռենոսյան բանակի շտաբի պետ Ֆելդցեյխմեյստեր կոմս դե Լատուրի հրամանատարության ներքո։ 1798 թվականին նրան էր հանձնվել նեապոլիտանական բանակի հրամանատարությունը. նա կարողացել էր բավականին մեծ հաջողություններ ունենալ ֆրանսիացիների դեմ հարավային Իտալիայում, գրավել էր Հռոմը և շարժվել էր Կապուա։ Սակայն շուտով պարտություն էր կրել ֆրանսիական գեներալ Շամպիոնեի կողմից Չիվիտա-Կաստելլանայի ճակատամարտում՝ ունենալով 60 000-ոց նեապոլիտանական զորք ընդդեմ 12 000-ոց ֆրանսիական զորքի։ Այս պարտության արդյունքում նեապոլիտանական թագավորը փախչել էր Սիցիլիա, իսկ Մակը շուտով գերի էր վերցվել ֆրանսիական զորքերի կողմից։ Մարենգոյի ճակատամարտում Նապոլեոնի հաղթանակից հետո՝ Մակը փոխանակվել էր գեներալ Ալեքսանդր Դյումայի հետ (հայտնի գրողի հայր)։ 1805 թվականին նոր պատերազմի մեկնարկով՝ Մակն ավստրիական բանակի գլխավորությամբ շարժվել էր դեպի Ուլմ, քաղաքն ամրացնելու համար, բայց մոտենալով Իլլեր գետի մոտ հարձակման է ենթարկվել ֆրանսիացիների կողմից, պարտվել և թաքնվել Ուլմում։

Այստեղ նա շրջապատվել էր և անձնատուր եղել 20 000-ոց զորքի հետ։ Խոստումի դիմաց նա ազատ է արձակվել, վերադարձել էր Ավստրիա և հանձնվել ռազմական դատարանին, որի վճռով էլ ազատվել էր պաշտոններից և շքանշաններից։

1819 թվականին իշխան Շվարցենբերգի միջնորդությամբ Մակին հետ են վերադարձվել Ֆելդմարշալ - լեյտենանտի պաշտոնը և Մարիա - Թերեզայի շքանշանը։

Նապոլեոնը Մակի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը Մակի հետ ծանոթացել էր Փարիզում, նրա գերեվարության ընթացքում։ Նրա մասին ձևավորվել էր հետևյալ կարծիքը. «Մակն իմ ճանաչած ամենաանմիջական մարդն է։ Լցված մեծամտությամբ և ինքնասիրությամբ՝ նա իրեն համարում է ամեն ինչի ընդունակ։ Ցանկալի կլիներ, որ նրան ուղարկեին մեր լավագույն գեներալներից մեկի դեմ. այդ ժամանակ մենք ականատես կլինեինք հետաքրքիր իրադարձությունների։ Մակը մեծամիտ է և վերջ. նա անհաջողակ է և դժբախտ»։

Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում Մակը հիշատակվել է, երբ ժամանելով Կուտուզովի շտաբ հաղորդել է, որ նրա բանակը ջախջախվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bruce, Robert Bowman; Schneid, Frederick S.; Pavkovic, Michael (2008 թ․ ապրիլի 15). Fighting Techniques of the Napoleonic Age: Equipment, Combat Skills, and Tactics. Macmillan. ISBN 978-0-312-37587-4.p. 132
  2. Chisholm, 1911, էջ 260

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մակ (Mack) Կարլ.
    • C. A. Schweigerd: Oesterreichs Helden und Heerführer von Maximilian I. bis auf die neueste Zeit in Biographien und Charakterskizzen .... Vienna, 1854
    • Johann Ritter von Rittersberg: Biographien der ausgezeichnetesten Feldherren der k.k. oesterreichischen Armee. Prague, 1828
    • A short critical memoir will be found in Streffleur (i.e., Österreichische Militärische Zeitschrift) for January 1907.