Jump to content

Կատրինա Կաիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատրինա Կաիֆ
անգլ.՝ Katrina Kaif
Ծնվել էհուլիսի 16, 1983
(34 տարեկան)
ԾննդավայրԲրիտանական Հոնկոնգ
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Այլ անուն(ներ)Կատրինա Ռոզմարի Տյուրքոտ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2003-ից մինչ օրս

Կատրինա Կաիֆ (անգլ.` Katrina Kaif, իրական անունը` Կատրինա Տյուրքոտ (Katrina Turquotte)[1], հուլիսի 16, 1983(1983-07-16)[2], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), հնդկական կինոյի դերասանուհի և բրիտանական մոդել։ Համարվում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասնուհիներից մեկը։ 2009 թվականին, արժանացել է Filmfare Awards մրցանակի` «Նյու-Յորք» ֆիլմում կանացի լավագույն դերի համար։ Զբաղվում է բարեգործությամբ և հանդես գալիս զանազան շոու-բեմադրություններում։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրինա Կաիֆը ծնվել է Բրիտանական Հոնկոնգում։ Հայրը գործարար էր, մուսուլման, ծնունդով Քաշմիրից, իսկ մայրը` անգլիական իրավաբան և բարեգործ, քրիստոնյա[3]։ Կատրինան ունի երեք ավագ և երեք կրտսեր քույրեր, ինչպես նաև մեկ ավագ եղբայր։ Քույրերից Իզաբելը նույնպես դերասանուհի է և մոդել։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Կատրինան դեռ փոքր էր, որից հետո հայրը մեկնել է ԱՄՆ։ Երեխաներին մեծացրել ու դաստիարակել է մայրը։ Մոր աշխատանքային բնույթի հետ կապված, նրանց ընտանիքն ստիպված էր ապրել տարբեր երկրներում` Չինաստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Մեծ Բրիտանիա և այլն։ Հաճախակի տեղափոխումների պատճառով Կատրինան իր քույրերի և եղբոր հետ միասին կրթություն էին ստանում տնային պայմաններում[4]։

14 տարեկանում Կատրինան հաղթել է Հավայիում անցկացվող գեղեցկության մրցույթում և որպես մոդել, աշխատանքի անցել ոսկերչական ընկերությունում։ Մոդելի իր աշխատանքը շարունակել է Լոնդոնում, որտեղ մշտապես ելույթներ է ունեցել Լոնդոնի նորաձևության շաբաթում։ Այնտեղ նա գրավել է ռեժիսոր Կայզադ Գուստադի ուշադրությունը, ով նրան հրավիրել է նկարահանվելու անգլո-հնդկական «Բում» (2003 թ.) էրոտիկ ֆիլմում, որտեղ նկարահանվել էին նաև Ամիթաբհ Բաչչանը, Գուլշան Գրովերը, Ջեքի Շրոֆը և Զինատ Ամանը[5][6][7]։ Հնդկաստանում նկարահանումների ժամանակ Կատրինան բազմաթիվ այլ առաջարկներ ստացավ և որոշեց մնալ այնտեղ։ 2003 թվականին նա Հնդկաստանում սկսեց մոդելային գործունեություն և ներկայացնում էր այնպիսի բրենդներ, ինչպիսիք էին Կոկա-Կոլան, LG Group-ը և Սամսունգը։

2004 թվականին նա նկարահանվել է տելուգու լեզվով «Արքայադուստր Մալիսվարին» կինոնկարում։ Նրա հոնորարը կազմել է 120 000 ԱՄՆ դոլար, որը հարավհնդկական դերասանուհու համար այն ժամանակ ամենաբարձրն էր։ Չնայած նրա դերասանական խաղը ընդունվեց բացասական արձագանքներով, այնուամենայնիվ ֆիլմը շահութաբեր էր[8][9]։ 2005 թվականին Կատրինան նկարահանվեց «Ինչպես ես սիրեցի» կինոնկարում` Սալման Խանի և Սուշմիտա Սենի հետ միասին։ Ըստ Կատրինայի, դա Բոլիվուդում իր առաջին իրական քայլն էր։ Ֆիլմը հաջողված էր, որի շնորհիվ նա ստացավ Stardust Award մրցանակը։ 2006 թվականին Ակշայ Կումարի հետ միասին նա հանդես է եկել «Սիրո նախազգացում» կինոնկարում, որը սակայն տապալվեց կինովարձույթում։ Այնուհետև նա նկարահանվել է ևս մեկ տելուգու և մալայալամ լեզուներով ֆիլմերում[10]։

2007 թվականին Կատրինան նկարահանվել է չորս բոլիվուդյան հիթերում. «Նամաստե Լոնդոն»` Ակշայ Կումարի հետ, «Հարազատ մարդիկ»` Դհարմենդրայի, Սաննի Դեոլի և Բոբբի Դեոլի հետ միասին, «Գործընկերը»` Սալման Խանի, Լարա Դատտայի և Գովինդայի հետ, ինչպես նաև «Բարի գալուստ» ֆիլմը` Ակշայ Կումարի, Նանա Պատեկարի, Մալիկա Շերավաթի և Անիլ Կապուրի հետ միասին։

Կատրինայի հաջորդ հաջողված ֆիլմերից էին «Մրցավազք» (2008 թ.) և «Սինգհ արքան» (2008 թ.) կինոնկարները։ «Ժառանգորդները» (2008 թ.) կինոնկարը հաջողություն չունեցավ։ 2009 թվականին Կատրինան մասնակցեց «Նյու-Յորք» կինոնկարի նկարահանումներին, որտեղ նրա խաղընկերներն էին Ջոն Աբրահամը և Նիլ Նիտին Մուկեշը։ Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ և դերասանուհին ստացավ Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն դերի համար։

2010 թվականին Կատրինան նկարահանվել է «Քաղաքագետները» կինոնկարում, որտեղ նրա հետ նկարահանվել էին Աջայ Դևգանը, Արջուն Ռամպալը և Նանա Պատեկարը։ Ֆիլմի սյուժեն ներշնչված էր Մահաբհարաթայով և Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպով։ 2011 թվականին, Հրիթիկ Ռոշանի հետ միասին նկարահանվել է «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» կինոնկարում, որն արդյունքում արժանացավ բազմաթիվ մրցանակների, իսկ «Իմ եղբոր հարսնացուն» կինոնկարի համար Կատրինան երկրորդ անգամ ներկայացվեց Filmfare մրցանակին։

2012 թվականին նկարահանված «Կար-չկար մի վագր» ֆիլմը վաստակեց 48 միլիոն դոլար, որտեղ Կատրինան հանդես էր եկել պակիստանյան հետախուզության գործակալի դերով։ Շահութաբեր էր նաև Յաշ Չոպրայի «Քանի դեռ ողջ եմ» կինոնկարը, որտեղ Կատրինան նկարահանվել էր Անուշկա Շարմայի և Շահրուխ Խանի հետ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից Կատրինա Կաիֆը հանդիպում էր Սալման Խանի հետ, իսկ 2010 թվականին նրանք բաժանվեցին որպես ընկերներ[11][12]։

2009 թվականին նկարահանված «Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը» կինոնկարի նկարահանումների ժամանակ Կատրինան մտերմացել էր Ռանբիր Կապուրի հետ, սակայն 2016 թվականին նրանք արդեն բաժանվել են[13]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2003 Բում Boom Ռինա Կաիֆ, Պոպդի
2004 Արքայադուստր Մալիսվարին Malliswari Մալիսվարի
2005 Հոր հետքերով Sarkar Պուջա
2005 Ինչպես ես սիրեցի Maine Pyaar Kyun Kiya Սոնյա
2005 Կայծակի հարված Allari Pidugu Շվետա
2006 Սիրո նախազգացում Humko Deewana Kar Gaye Ջիյա Յաշվարդհան
2006 Մատանի դերասանուհու համար Balram vs. Tharadas Սուփրիյա
2007 Նամաստե Լոնդոն Namastey London Ջասմիթ Մալհոթրա
2007 Հարազատ մարդիկ Apne Նանդինի Սարաբհայ
2007 Գործընկերը Partner Պրիա Ջայսինգհ
2007 Բարի գալուստ Welcome Սանջանա Շետտի
2008 Մրցավազք Race Սոֆյա
2008 Սինգհ արքան Singh Is Kinng Սոնյա
2008 Ալո, կոլ-կենտրոնը լսում է Hello պատմող
2008 Ժառանգորդները Yuvvraaj Անուշկա
2009 Նյու-Յորք New York Մայա Շեյխ
2009 Երկնագույն անդունդ Blue Նիկի
2009 Տարօրինակ սիրո զարմանալի պատմությունը Ajab Prem Ki Ghazab Kahani Ջեննի Պինտո
2009 Մեծ իրարանցում De Dana Dan Անջալի Կակադ
2010 Քաղաքագետներ Raajneeti Ինդու Սաքսենա, Ինդու Պրատապ
2010 Խաբեության արքան Tees Maar Khan Անիյա Խան
2011 Կյանքը ձանձրալի չի կարող լինել Zindagi Na Milegi Dobara Լայլա
2011 Իմ եղբոր հարսնացուն Mere Brother Ki Dulhan Դիմփլ Դիքսիտ
2012 Բոցավառ ուղի Agneepath կամեո
2012 Կար-չկար մի վագր Ek Tha Tiger Զոյա
2012 Քանի դեռ ողջ եմ Jab Tak Hai Jaan Միրա Թհապար
2013 Բայքերներ 3 Dhoom:3 Ալիյա
2014 Այդ նույն օրը (Պիֆ-Պաֆ) Bang Bang Հարլին Սահանի
2015 Ուրվականը Phantom Նավազ
2016 Մոլեգնություն Fitoor Ֆիրդուս
2016 Նայեք կրկին ու կրկին Baar Baar Dekho Դիյա
2017 Խուզարկու Ջագան Jagga Jasoos Շրութի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jane Mathews. «'Tax dodge' raid on British-born Bollywood star». Daily Express (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Salman Khan wishes Katrina Kaif on birthday with adorable picture and heartfelt note
  3. «Katrina Kaif turns 30!». The Times of India (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Chaturvedi, Anshul (2010 թ․ դեկտեմբերի 26). «I'm not dumb: Katrina». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին.
  5. [1]
  6. [2]
  7. [3]
  8. [4]
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. [5]
  11. Singh, Prashant (2011 թ․ օգոստոսի 19). «I am Katrina's bodyguard: Salman Khan». Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  12. «Salman believed in me: Katrina». India Today. 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Did the break-up with Ranbir Kapoor cost Katrina Kaif an endorsement deal?». Daily News and Analysis. 2016 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրինա Կաիֆ» հոդվածին։