Ինֆրաձայն
Ինֆրաձայն (լատին․՝ infra — ավելի ցածր, տակ և ձայն), լսելի հաճախականությունների տիրույթից ցածր հաճախականություն ունեցող, ձայնայինին նման առաձգական տատանումներ։ Ինֆրաձայնային տիրույթի վերին սահման են ընդունում 16—25հց հաճախականությունը, իսկ ներքին սահմանն անորոշ է։ Մեծ ամպլիտուդների դեպքում ինֆրաձայնը ճնշման կամ ցավի զգացում է առաջացնում ականջում։ Ինֆրաձայնային ալիքներ են պարունակում մթնոլորտի, անտառի և ծովի աղմուկը, դրանց աղբյուրը մթնոլորտի տուրբուլենտությունն է և քամին (օրինակ, այսպես կոչված, «ծովի ձայնը»)։ Ինֆրաձայնային տատանումների աղբյուր են նաև ամպրոպային պարպումները (որոտ), պայթյուններն ու հրանոթային կրակոցները։ Երկրակեղևում ինֆրաձայնային հաճախականության վիբրացիա և ցնցումներ են առաջանում ամենաբազմազան աղբյուրներից, այդ թվում պայթյուններից, փլուզումներից և տրանսպորտային գրգռիչներից։ Ինֆրաձայնի համար բնորոշ է թույլ կլանումը տարբեր միջավայրերում, որի հետևանքով ինֆրաձայնային ալիքները օդում, ջրում և երկրակեղևում կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա։ Այդ երևույթը գործնականում կիրառվում է հուժկու պայթյունների տեղը կամ գործող հրանոթի դիրքը որոշելու համար։ Ինֆրաձայնային ալիքների շնորհիվ հնարավոր է կանխագուշակել ցունամի տարերային աղետը։ Պայթյունների՝ մեծ թվով ինֆրաձայնային հաճախականություններ պարունակող ձայները կիրառվում են մթնոլորտի վերին շերտերի, ջրային միջավայրի հատկությունների հետազոտման համար։ Ինֆրաձայն ընդունում և չափում են հատուկ միկրոֆոններով, հիդրոֆոններով, գեոֆոններով կամ վիբրոմետրերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 373)։ |