Դիմապատկեր
Դիմապատկեր կամ Դիմանկար (ֆր.՝ portrait, հն. portraire - պատկերել, գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ), կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կամ նկարագրություն, Կերպարվեստի ժանր, որի ստեղծագործություններում վերստեղծվում է մարդու որոշակի անհատականության կերպար։ Պատկերվող մարդկանց քանակով տարբերվում են մեկ անձի, զույգի կամ խմբի դիմապատկերներ, ըստ պատկերման բնույթի՝ մոնումենտալ, հանդիսավոր, ինտիմ, երգիծական կամ հումորիստական (շարժ) դիմապատկեր, զանազանվում են նաև՝ ողջ հասակով, գոտկատեղից, կրծքավանդակից վեր պատկերված դիմապատկերներ, քանդակագործության մեջ՝ հուշարձաններ, դիմաքանդակային արձաններ, խմբաքանդակներ, կիսանդրիներ, հարթաքանդակ դիմապատկերներ (այդ թվում՝ դրամների, մեդալների, գեմմաների վրա)։ Գեղանկարչական հատուկ տարատեսակ է մանրանկարչական դիմապատկերը։ Դիմապատկերները կատարվում են բնորդից, փաստական նյութերի հիման վրա, երևակայությամբ (օրինակ, հեռավոր անցյալի գործիչների դիմապատկերները)։
Դիմապատկերի տարածված տեսակներից է ինքնապատկերը։ Ռեալիստական դիմապատկերի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կերպարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի արտահայտումը, այլն հոգեբանական բնութագրման միջոցներով բնորդի ներաշխարհի, բնավորության, սոցիալական, ազգային տիպական գծերի բացահայտումը։ Բացահայտելով մարդկանց հոգևոր ու բարոյական արժանիքները՝ ռեալիստական դիմապատկերը դառնում է հասարակական կյանքը ճշմարտացիորեն արտացոլելու միջոց, սոցիալ-դաստիարակչական մեծ դեր է խաղում ժամանակի առաջավոր գաղափարները հաստատելու պայքարում։ Դիմապատկերը լայն տարածում է ստացել դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Հին Եգիպտոսում դիմապատկերը հիմնականում ունեցել է պաշտամունքային նշանակություն, կատարվել հստակ կանոններով, որոշ գործերում՝ ռեալիստական բնութագրումներով (Զոսերը, Նեֆերտիտին և այլն)։ Հին հունական արվեստի նախնական շրջանում դիմապատերները աբստրահված ու սխեմատիկ են, ապա՝ ռեալիստորեն ընդհանրացված, որոնք հետագայում ստացել են առավել անհատականացված կերպարավորում։ Հին Հռոմի դիմապատկերներին բնորոշ են ճշմարտացի, սուր շեշտադրումով կամ նուրբ հոգեբանական բնութագրումները։ Անտիկ դիմապատկերը ազդել է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի և այլ շրջանների դիմապատկերի վրա, որտեղ ըստ տեղական ավանդների ու պայմանների, ունեցել է ինքնատիպ զարգացում։
Միջնադարում դիմապատկերի դերն ու նշանակությունը նվազել է, չնայած պահպանվևլ են բյուզանդական, հայկական, վրացական և այլ ժողովուրդների մի շարք ինքնատիպ դիմապատկերներ։ Վերածննդի դարաշրջանում դիմապատկերը աննախընթաց զարգացման է և ասել Ս․ Բոտիչելլիի, Դոնատելլոյի, Լեոնարդո դա Վինչիի, Զորջոնեի, Տիցիանի (Իտալիա), Ցան Վան-Էյքի, Լ․ Լեյդենցու (Նիդերլանդներ), Ալբրեխտ Դյուրերի, Հ․ Հոլբայն Կրտսերի, Լ․ Կրանախի (Գերմանիա) և այլոց արվեստում։ XVII դարում դիմապատկերին նոր որակ և իմաստավորում տվեցին Ռեմբրանդը, Ֆ․ Հալսը (Հոլանդիա), Պ․ Ռուբենսը, Ա․ Վան-Դեյքը (Ֆլանդրիա), Դ․ Վելասկեզը (Իսպանիա) և ուրիշներ։ Նշանակալից երևույթ է XVIII—XIX դարերի ֆրանսիական դիմապատկերը (Ա․ Վատտո, Ժ․ Ա․ Տուդոն, Գ․ Կուրբե, Օ․ Ռենուար և ուրիշներ) ու ռուսական (Կ․ Բրյուլլով, Ն․ Գե, Ի․ Ռեպին, Վ․ Սերով և ուրիշներ) դիմապատկերը։ Դիմապատկերը նոր բովանդակություն և արժեքավորում ստացավ սովետական արվեստում, երբ առաջնահերթ դարձավ նոր մարդու հոգեբանական կերպարի ստեղծումը։ Սովետական դիմապատկերի վարպետներից են գեղանկարիչներ Ա․ Գերասիմովը, Ի․ Գրաբարը, Պ․ Կորինը, Մ․ Նեստերովը, քանդակագործներ՝ Ն․ Անդրեևը, Ս․ Կոնենկովը, Վ․ Մուխինան։
Հայկական դիմապատկերն ունեցել է իր հետևողական զարգացումը։ Եզակի են միջնադարում ստեղծված դիմապատկերները (Գագիկ I-ի արձանը, XI դ․, XIII—XIV դդ․ մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն)։ XVII—XVIII դարերում հայկական կերպարվեստում նկատվող միտումներն իրենց հետքն են թողել նաև դիմապատկերի վրա, որի լավագույն օրինակներին հանդիպում ևնք ինչպես բուն Հայաստանում (Հովնաթանյաններ, այնպես էլ գաղթօջախներում (Մինաս, Տ․ Մրքուզ, Բոգուշներ, Բ․ Սալթանով և ուրիշներ)։ Հայկական դիմապատկերի փայլուն օրինակները տվել է Հ. Հովնաթանյանը։ XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին ռեալիստական դիմապատկերներ են ստեղծել Ս․ Ներսիսյանը, Սուրենյանցը, Ս․ Աղաջանյանը, Ա․ Տեր-Մարուքյանը, Փ․ Թերլեմեզյանը, Տ․ Գյուրջյանը, Ե․ Թադևոսյանը, Մ․ Սարյանը և ուրիշներ, որոնց ավանդույթները զարգացման նոր աստիճանի են հասել հայ սովետական դիմապատկերում։ Վերածնված հայրենիքի աշխատավոր մարդկանց դիմանկարներ են ստեղծել Ս․ Աղաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Ա․ Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ս․ Ստեփանյանը, Ա․ Բաժբեուկ-Մելիքյանը, Երվանդ Քոչարը, Գ․ Գրիգորյանը (Ջիոտտո), Հ. Ավետիսյանը, Ն․ Նիկողոսյանը, Դ․ Դանիելյանը, Մ․ Քամալյանը, Մ․ Ավետիսյանը, Ե․ Գոջաբաշյանը և ուրիշներ։
-
Լեոնարդո դա Վինչի
Ջոկոնդա -
Թոմաս Գեյնսբորո
Տղան երկնագույնով -
Իլյա Րեպին
Տրետյակովի դիմանկարը -
Ռեմբրանտ վան Ռեյն
Ջուլհակների արտելի խմբակային դիմանկարը -
Ջոն Սարգենտ
Տիկին Χ -
Մաք Նեյլ Ուիստլեր
Մոր դիմանկարը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտիկյան Ե․, Ստեփան Աղաջանյան, Ե․, 1956։
- Алпатов М․В․, Очерки по истории портрета, [М․—Л․], 1937;
- Павлов В․ В․, Египетский портрет I—IV веков, М․, 1967;
- Казарян М․, Художники Овнатаняны, М․, 1968;
- Андроникова М․, Об искусстве портрета, М․, 1975․
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմաքանդակ (քանդակագործության մեջ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «դիմապատկեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 391)։ |