Բերան
Բերան (հայտնի է որպես բերանի խոռոչ, լատին․՝ cavum oris[1]), կենդանինեի անատոմիայում անցք է, որի միջոցով կենդանիները սնունդ են ընդունում և արձակում են վոկալ ձայներ։ Անցքին հաջորդում է բերանի խոռոչը, որը գտնվում է աղեստամոքսային տրակտի վերին ծայրում, որը դրսից սահմանափակվում է շրթունքներով, իսկ ներսից՝ ըմպանով և բարձրակարգ կենդանիների մոտ պարունակում է լեզու և ատամներ[2]։ Այդ խոռոչը հայտնի է նաև որպես այտային խոռոչ (լատիներեն bucca «այտ» բառից)[3]։ Արտաքինից բերանը կարող է ունենալ տարբեր ձևեր։ Մարդու մոտ այն շրջափակված է շրթունքներով, թռչունների մոտ ունի կտուցի ձև։ Բերանը մասնակցում է ոչ միայն մարսողության, այլև շնչառության գործընթացին։ Բերանի շարժումներն իրականացվում են մկանների միջոցով, ինչը թույլ է տալիս իրականացնել բերանի խոռոչի բոլոր կարևոր գործառույթները։
Կենդանիների որոշ տիպեր, այդ թվում նաև ողնաշարավորները, ունեն լիարժեք մարսողական համակարգ, որը սկսվում է բերանով և ավարտվում հետանցքով։ Օրգանիզմի սաղմնային փուլում բերանի հայտնվելը չափանիշ է, որն օգտագործվում է կենդանիներին առաջնաբերանայինների ու երկրորդաբերանայինների դասակարգման համար։
Ծամող ապարատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչում սննդի մեխանիկական մշակումը ապահովում է ծամելու միջոցով, որի հիմքում ընկած է ստորին ծնոտի պարբերական շարժումները վերինի նկատմամբ։ Ծամման գործընթացի համար պատասխանատու է ծամող ապարատը, որը կազմված է ծնոտներից, որտեղ դասավորված են ատամները և մկանները, որոնք շարժում են ստորին ծնոտը։ Այս գործընթացում ակտիվ դեր է խաղում նաև լեզուն։
Բերանի այլ գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձային գոտիներում բնակվող կոկորդիլոսները կարող են հատուկ բացել բերանը, որպեսզի հովացնեն այն բերանի լորձաթաղանթից գոլորշիացման շնորհիվ[4]։ Որոշ կաթնասուններ բերանով կատարվող շնչառությունն օգտագործում են ջերմակարգավորման համար, որովհետև դա մեծացնում է ջրի գոլորշիացումը թոքերի, լեզվի ու բերանի խոնավ մակերևույթներից։ Թռչունները նույնպես գերտաքացումից խուսափում են երախը շարժելու միջոցով՝ թևերը թափահարելով երախի կոկորդի մոտ, կաթնասունների շնչառության նման[5]։ Որո կենդանիներ իրենց բերանն օգտագործում են սպառնալիքի ցուցադրման համար։ Նրանք կարող են լայն բացել իրենց երախը՝ ցուցադրելով իրենց ատամներն ու բերանի լորձաթաղանթի գույնը։ Այդ «նշանը» պոտենցիալ հակառակորդին հնարավորություն է տալիս գնահատել վտանգի աստիճանն ու կրճատել ուղղակի բախման հավանականությունը[6]։
Թռչունների շատ տեսակներ բաց կտուցն օգտագործում են որպես վախի կամ վտանգի դրսևորում։ Որոշ թռչուններ այդ էֆեկտն ուժեղացնում են ֆշշոցով կամ խորը շնչառությամբ, մյուսները՝ կտուցով կափկափում[7]։
Կենդանիները բերանը կարող են օգտագործել նաև որպես հաղորդակցման համար ձայների արտաբերման գործիք։ Ձայներ արտաբերելու համար թոքերից դուրս եկող օդն անցնում է ձայնալարերի միջով կոկորդում։ Մարդկանց մոտ կոկորդը, փափուկ և կոշտ քիմքերը, ալվեոլային ելունդը, լեզուն, ատամներն ու շրթունքները կոչվում են արտիկուլյատորներ և որոշակի դեր են կատարում խոսքի ձևավորման մեջ։ Մյուս ալտիկուլյատորների նկատմամբ լեզվի դիրքի փոփոխությունը կամ շրթունքների շարժումը տարբեր կերպ սահմանափակում են թոքերից դուրս եկող օդի հոսանքը՝ առաջացնելով տարբեր ձայներ[8]։ Գորտերի ձայնային ապարատը թույլ է տալիս ուժեղացնել ձայնը՝ օգտագործելով կոկորդի մոտ տեղակայված պարկիկները։ Գորտերի ձայնային պարկերը կարող են հանդես գալ որպես ռեզոնատոր ձայնն արտաքին միջավայր փոխանցելու համար[9]։ Թռչունների երգեցողությունն ստեղծվում է շնչափողի հիմքի մոտ տեղակայված ձանային օրգանի՝ սիրինքսի վրայով անցնող օդի հոսանքով։ Յուրաքանչյուր դայլայլի համար թռչունը բացում և փակում է կտուցը, որը կարող է շարժվել և նպաստել ռեզոնանսին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gray, Henry 2a. The Mouth // Gray's Anatomy. — 1918.
- ↑ «Mouth definition». Dictionary Reference. The Free Dictionary. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Buccal definition». Dictionary Reference. The Free Dictionary. Վերցված է 2013 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Crocodiles and Alligators / Ross, Charles A.. — Blitz, 1992. — С. 48—51. — ISBN 978-1-85391-092-0
- ↑ Robertshaw, David Mechanisms for the control of respiratory evaporative heat loss in panting animals(անգլ.) // Journal of Applied Physiology : journal. — 2006. — Т. 101. — № 2. — С. 664—668. — — PMID 16675613.
- ↑ «Showing Off Your Weapons In The Animal Kingdom: Threat Displays May Prevent Serious Physical Harm». ScienceDaily. 2006 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Rogers, Lesley J.; Kaplan, Gisela T. Songs, Roars and Rituals: Communication in Birds, Mammals and Other Animals. — Boston, MA: Harvard University Press, 2000. — С. 79. — ISBN 0-674-00827-8
- ↑ «The production of speech sounds: Articulators above the larynx». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Stebbins, Robert C.; Cohen, Nathan W. A Natural History of Amphibians. — Princeton University Press, 1995. — С. 77. — ISBN 978-0-691-03281-8
- ↑ Ehrlich, Paul R.; Dobkin, David S.; Wheye, Darryl (1998). «Bird voices». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.