Աֆյոնքարահիսարի մարզ
Աֆյոնքարահիսարի մարզ թուրքերեն՝ Afyonkarahisar ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 18 շրջան |
Վարչկենտրոն | Աֆյոնքարահիսար |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 725,568 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 14,230 |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-03 |
Հեռախոսային կոդ | +90 272 |
Փոստային ինդեքսներ | 03000–03999 |
Ավտոմոբիլային կոդ | 03 |
afyonkarahisar.gov.tr | |
Աֆյոնքարահիսարի մարզ (թուրքերեն՝ Afyonkarahisar ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆյոնքարահիսարի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, բոլոր կողմերից սահմանակցում է հետևյալ մարզերով. Քյութահյա (հյուսիս-արևմուտք), Ուշաք (արևմուտք), Դենիզլի (հարավ-արևմուտք), Բորդուր (հարավ), Ըսփարթա (հարավ-արևելք), Քոնյա (արևելք), Էսքեշեհիր (հյուսիս)։
Տարածքում գտնվում են Մեծ Մենդերես (Եգեյան ծովի ավազան) և Սաքարյա (Սև ծովի ավազան) ակունքները։ Մեծ մասը մտնում է Աքշեհիր աղի անհոսք լճի ավազանի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց հաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Վերջիններին հաղթելով՝ Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը։ Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների թյուրքական (1275-1341) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։ Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Աֆյոնքարահիսարում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Աֆյոնքարահիսարը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը 14,230 կմ² է, բաժանվում է 18 շրջանների։ Դրանք են՝
- Աֆյոնքարահիսար, թուրքերեն՝ Afyonkarahisar
- Բայաթ, թուրքերեն՝ Bayat
- Բաշմաքչը, թուրքերեն՝ Başmakçı
- Բոլվադին, թուրքերեն՝ Bolvadin
- Դազքըրը, թուրքերեն՝ Dazkırı
- Դինար, թուրքերեն՝ Dinar
- Էմիրդաղ, թուրքերեն՝ Emirdağ
- Էվջիլեր, թուրքերեն՝ Evciler
- Իհսանիե, թուրքերեն՝ İhsaniye
- Իսջեհիսար, թուրքերեն՝ İscehisar
- Հոջալար, թուրքերեն՝ Hocalar
- Շուհութ, թուրքերեն՝ Şuhut
- Չայ, թուրքերեն՝ Çay
- Չոբանլար, թուրքերեն՝ Çobanlar
- Սանդըքլը, թուրքերեն՝ Sandıklı
- Սինանփաշա, թուրքերեն՝ Sinanpaşa
- Սուլթանդաղը, թուրքերեն՝ Sultandağı
- Քըզըլյորեն, թուրքերեն՝ Kızılören
Բնակչությունը հասել է 725,568 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Աֆյոնքարահիսար քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Քոջաթեփե (թուրքերեն՝ Kocatepe) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը, ինչպես նաև՝ մարմարի արդյունահանումը։ Թռչնաբուծությամբ մարզը հայտնի է ամբողջ Թուրքիայում. այստեղ հաշվվել են ավելի քան 12 միլիոն հավեր։ Զբոսաշրջության որոշ եկամուտներ ապահովում են տեղի ջերմային աղբյուրների առատությունը, դրանց կողքը կառուցվել են հյուրանոցներ և հանգստյան տներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աֆյոնքարահիսար ամրոցի ժայռը
-
Այավազինի ժայռոտ գերեզմանաբլուրներ
-
Քոջաթեփե բլուր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Afyonkarahisar governor's official website
- Afyonkarahisar municipality's official website Արխիվացված 2008-09-05 Wayback Machine
- https://web.archive.org/web/20060622072815/http://www.turkeyforecast.com/weather/afyon/
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆյոնքարահիսարի մարզ» հոդվածին։ |
|