Jump to content

Ակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակն (այլ կիրառումներ)
Քաղաք
Ակն
թուրքերեն՝ Kemaliye
թուրքերեն՝ Eğin
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԵրզնկա
ՀամայնքԷրզինջանի մարզ[1] և Խարբերդի վիլայեթ
Այլ անվանումներՄարընտունիկ, Ակին
ԲԾՄ1130 մետր
Բնակչություն5555 մարդ (2018)
Պաշտոնական կայքkemaliye.gov.tr
Ակն (Թուրքիա)##
Ակն (Թուրքիա)

Ակն (այժմ՝ Քեմալիե, թուրքերեն՝ Kemaliye), քաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Հանրապետության կենտրոնական մասում, Էրզինջանի մարզում, Արևմտյան Եփրատ (Կարասու) գետի աջ ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակն անունը հավանաբար ծագել է քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվանումից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում եղել է Խարբերդի վիլայեթի կազմում։ Ակնը գտնվում է Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, ծառազարդ հովտում, բարձր, ավելի քան 1000 մ։

Քաղաքում գտնվում է հայտնի Անմահության ջուր աղբյուր և ուխտատեղի[2]։

Ավանդության համաձայն՝ Անիի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաքը, այն կոչելով Ակն։ 1300-1321 թվականներին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ս. Հակոբ եկեղեցով։

Այլ պատմության համաձայն՝ Ակնը հիմնադրել են Սեբաստիա տեղափոխված Արծրունիները 1022 թվականին՝ կոչելով այն Մարընտունիկ։

Հնում Ակնը մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք նահանգի մեջ։ Նոր ժամանակներում մտել է երբեմն Էրզրումի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն էլ՝ Սեբաստիայի նահանգի (վիլայեթի) մեջ, լինելով Ակնի գավառակի կենտրոնը։ XIV դարում սկզբին Ակնը գրավեցին թուրքերը։

1896 թվականի սեպտեմբերի 3-4-ին թուրք հրոսակները հարձակվեցին Ակնի, իսկ քրդերը՝ շրջակա հայ գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ և այլն) վրա, կոտորեցին բնակիչներին, կողոպտեցին ու հրդեհեցին տները։ Ականատեսի վկայությամբ, զոհերի թիվր հասավ 3000-ի։ Հետագա երկու տասնամյակում հայերը վերաշինեցին քաղաքը, Ակնում նորից կյանքն աշխուժացավ։ Մեծ եղեռնին Ակնը և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։ 1929 թվականի տվյալներով՝ Ակնում մնացել էր ընդամենը 41 հայ բնակիչ։ Ներկայումս այն անշուք գավառական քաղաք է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին քաղաքն ունեցել է շուրջ 10.000 բնակիչ, որից մոտ 5500-ը՝ հայեր։ 1880 թվականի տվյալներով ունեցել է 5442 հայ և 4286 թուրք և հույն բնակիչ, 19-րդ դարի վերջերին նրա բնակչությունը հասնում էր 20 հազար մարդու, որի կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը թուրքեր ու մասամբ հույներ[3]։ Ակնեցիները պանդխտել են Կոստանդնուպոլիս։ Ակնեցիները ունեին նաև իրենց բարբառը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստներով և առևտրով։ Կարևոր զբաղմունք էր նաև շերամապահությունը։ Արհեստներից տարածված էին դերձակությունը, ջուլհակությունը, կոշկակարությունը, դարբնությունը, երկաթագործությունը, մանածագործությունը և այլն։19-րդ դարի վերջերում Ակնում հաշվվում էին մինչև 300 խանութներ, կրպակներ, արհեստանոցներ ու պանդոկներ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տները քարաշեն էին, 2 - 4 հարկանի։ Քաղաքը մաքուր էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնը հայտնի էր իր ճարտարապետական կոթողներով՝ վանքերով, եկեղեցիներով, կամուրջներով, շրջակայքի հնություններով։ XI դարում Արծրունիներն այստեղ կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի համանուն վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Ս. Նշան վանքը (Վարագի Ս. Նշան վանքի անունով)։ 19-րդ դարի վերջում ուներ երկու գործող եկեղեցի՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գևորգ անուններով։ Հնում քաղաքում գոյություն ուներ նաև Սբ. Հովհաննես Ոսկեբերան հայրապետի անունով եկեղեցի, որ հրկիզվել էր 1655 թվականին։ Ակնում եղել է նաև Անի անունով բերդ։Քաղաքն ուներ մի շարք մզկիթներ։

XIX դարի վերջերին Ակնում գործում էին Ս. Աստվածածին և Ս. Գևորգ եկեղեցիները։

Ակնը նշանակալի դեր է խաղացել հայկական մշակույթի մեջ։ Այն հայտնի էր իր ժողովրդական երգերով, անտունիներով, տաղերով։ 19-րդ դարի վերջերին Ակնում գործում էին ազգային մի քանի ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870 թվականից Ակնում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873 թվականին այստեղ ներկայացվել է «Սուրբ Մեծն Ներսես» պիեսը։

XIX դարում և XX դարի սկզբներին այստեղ գործում էին երկսեռ երկու վարժարան՝ Նարեկյան և Ներսիսյան, ինչպես և չորս մասնավոր դպրոցներ, որոնք բոլորը միասին 1872-1873 թթ. ունեին 360 աշակերտ։ Եկեղեցիներին կից XIX դարի երկրորդ կեսում գործում էին երկու «դպրատուն»։

Ակնը գրչության կենտրոն էր։

Նշանավոր ակնեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնցիները տվել են գրչի ու մտքի բազմաթիվ ականավոր մշակներ՝ բժիշկներ և ուսուցիչներ, արվեստագետներ, իրավաբաններ, ազգային ե հոգևոր գործիչներ։

Շատերը ակնեցի են համարում նաև միջնադարյան մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակին։

Ակնը մոտ 200 տարի ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Կ. Պոլսին և Զմյուռնիային (Տատյան, Ճեգայիրլյան և ուրիշներ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 281 — 992 էջ։
  3. Ս. Մ. Ծոցիկյան, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947, էջ 50-57։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սրվանձտյանց Գ., Թորոս աղբար, հ. 1, ԿՊ [1879]
  • Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952
  • Ագատյան Թ., Ակն ե ակնցիք, Իսթանբուլ, 1943
  • Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 30-35

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 224
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակն» հոդվածին։