Jump to content

Ֆիքսված ծախսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհանուր ծախսերը որպես հիմնական ծախսի և փոփոխական ծախսերի հանրագումար: Հորիզոնական առանցքի վրա ապրանքի/ծառայության ծախսերն են: Հիմնական կամ ֆիքսված ծախսերը կազմում են ընդհանուր արժեքի երկու բաղադրիչներից մեկը:

Տնտեսագիտության մեջ ֆիքսված ծախսերը, անուղղակի ծախսերը կամ գլխավոր ծախսերը բիզնեսի ծախսեր են, որոնք կախված չեն բիզնեսի արտադրած ապրանքների կամ ծառայությունների քանակից։ Դրանք կարող են լինել ժամանակի ընթացքում պարբերաբար կատարվող ծախսեր, ինչպես, օրինակ, ամսական վճարվող տոկոսները կամ վարձավճարները, և դրանք հաճախ անվանում են որպես գլխավոր ծախսեր։ Փոփոխական ծախսերը կապված են ծավալի հետ, վճարվում են արտադրված քանակի համար և անհայտ են հաշվետու տարվա սկզբում։ Օրինակ հացաբուլկեղենի արտադրության ժամանակ կատարվող ֆիքսված ծախսեր են հացաթխման օբյեկտների վարձակալության ամսական վարձավճարը, անվտանգության համակարգի և հիմնական հեռախոսագծի համար ամսական վճարումները, քանի որ դրանք կախված չեն արտադրված կամ վաճառված հացի քանակից։ Մյուս կողմից, հացաբուլկեղենի աշխատավարձի արժեքը փոփոխական է, քանի որ հացի արտադրությունը մեծանալու դեպքում հացաբուլկեղեն ստիպված կլինեն վարձել ավելի շատ աշխատողներ։ Տնտեսագետները ֆիքսված ծախսերը համարում են մուտքի խոչընդոտ նոր ձեռնարկատերերի համար։

Կառավարման հաշվառման մեջ ֆիքսված ծախսերը սահմանվում են որպես ծախսեր, որոնք չեն փոխվում բիզնեսի գործունեության արդյունքում տրված ժամանակահատվածում։ Օրինակ, մանրածախ վաճառողը պետք է վճարի վարձավճարները և կոմունալ վճարները անկախ վաճառքի ծավալներից։ Մարքեթինգում անհրաժեշտ է իմանալ, թե որոնք են փոփոխական և հիմնական ծախսերը կանխատեսումներ կատարելու համար։ Շատ կարևոր է ճիշտ կանխատեսել միավոր վաճառքի տարբեր փոփոխությունների արդյունքում ստացված հասույթը և, հետևաբար, առաջարկվող մարքեթինգային արշավների ֆինանսական ազդեցությունը։ Մարքեթինգի գրեթե 200 ավագ մենեջերների հետազոտության մեջ 60 տոկոսը կարևորել է «փոփոխական և ֆիքսված ծախսեր» տարբերությունը հասկանալու օգտակարությունը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատուն ծախսերը հավերժ ֆիքսված չեն. դրանք ժամանակի ընթացքում փոխվում են, բայց անփոփոխ են նշված ժամանակահատվածի համար։ Օրինակ, ընկերությունը կարող է ունենալ անսպասելի և անկանխատեսելի ծախսեր, որոնք կապված չեն արտադրության հետ, ինչպիսիք են պահեստի հետ կապված ծախսերը, որոնք ամրագրված են միայն վարձակալության ժամանակահատվածի ընթացքում։ Ըստ սահմանման, երկարաժամկետ հատվածում հաստատուն ծախսեր չկան, քանի որ երկարաժամկետ հատվածում բոլոր կարճաժամկետ ֆիքսված ծախսերը դառնում են փոփոխուն ծախսեր[1][2]։ Հայեցողական ֆիքսված ծախսերը սովորաբար բխում են ղեկավարության կողմից կայացվող տարեկան որոշումների կայացումից, օրինակ գովազդը, ապահովագրավճարը, մեքենաների սպասարկումը և հետազոտության և զարգացման ծախսերը։

Բիզնեսի պլանավորման և կառավարման հաշվառման ժամանակ ֆիքսված ծախսեր, փոփոխական ծախսեր և նման այլ տերմինների օգտագործումը հաճախ կարող է տարբերվել՝ կախված ենթատեքստից։ Հաշվապահական տերմինաբանության մեջ ֆիքսված ծախսերը կարող են ներառել գրեթե բոլոր ծախսերը (ծախսերը), որոնք ներառված չեն վաճառված ապրանքների արժեքի մեջ, իսկ փոփոխուն ծախսերը ներառված են ապրանքի արժեքի մեջ։ Հաշվապահական հաշվառման և տնտեսագիտության տերմինաբանության միջև հավասարություն մտցնելու համար կատարվում է այն ենթադրությունը, որ հաշվապահական հաշվառման ժամանակահատվածը հավասար է այն ժամանակաշրջանին, որի ընթացքում հիմնական ծախսերը արտադրությունից կախված չեն։ Գործնականում, այդ համարժեքությունը միշտ չէ, որ պահպանվում է, և կախված քննարկվող ժամանակաշրջանից՝ որոշ հիմնական ծախսեր (օրինակ ՝ վաճառք, ընդհանուր և վարչական ծախսեր) կարող են ճշգրտվել ղեկավարության կողմից, և յուրաքանչյուր ծախսի բաժանումը որոշակի կատեգորիայի որոշվում է ծախսերի հաշվառման ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McEachern, William (2012). Economics: A Contemporary Introduction. Mason, Ohio: South-Western Cengage Learning. էջ 158. ISBN 0-538-45374-5.
  2. Schwartz, Robert (2010). Micro Markets: A Market Structure Approach to Microeconomic Analysis. Hoboken, New Jersey: John Wiley & Sons, 2010. էջ 202. ISBN 0-470-44765-6.