Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 324 բնակիչ, հիմնականում հայեր, որից 157 տղամարդ և 167 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր 237 մարդ, որից 117 տղամարդ և 120 կին։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց և ակումբ։
Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են էրզրումի նահանգից` 1830 թվականին Նազարեթ Նազարեթյանցի և Հակոբ Կարախանյանի գլխավորությամբ:Նախ նրանք կանգ են առել Ճալա գյուղի մոտ, ապա հիմնադրել են ներկայիս գյուղը։ Երկրորդ աշխարհամարտին գյուղից մասնակցել է 47 մարդ, որից զոհվել է 21-ը։ Գյուղի դպրոցը բացվել է 1903 թվականին, որի առաջին ուսուցիչն էր տեր Բարդուղիմեոսը, նաև գոյւղի առաջին քահանան էր:1929 թվականից դպրոցը դարձել է քառամյա։ 2005-2006 ուստարում դպրոցում սովորում էր 10 աշակերտ։ Գյուղի գլխավոր քրիստոնեական կառույցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը 1863 թվականին հիշատակվում է որպես փայտաշեն եկեղեցի։ Այն ուղղանկյուն հատակագծով փայտածածկ կառույց է։ 1936 թվականին եկեղեցին վերափոխվել է կոլտնտեսության պահեստի, իսկ 1990-ական թվականներին վերանորոգվել է։ Գյուղի մերձակայքում է գտնվում Սուրբ Գևորգ սրբատեղին, որին տեղացիներն անվանում են Եկեղեցագլուխ։ 1993 թվականին վերանորոգելուց հետո այն վերանվանվել է Սուրբ Գևորգ։ Օրալի և Փոքր Պամաճ գյուղերի միջև Բոլբոլա ձորի բարձունքներից մեկի վրա պահպանվել են բերդի ավերակներ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 21, էջ 581)։