Տեքստիլային գործվածք, արտադրանք, որ ստացվում է ջուլհակային արտադրության պրոցեսում փոխադարձ ուղղահայաց թելերի (հենքաթելերի և միջնաթելերի) հյուսմամբ։ Որոշ դեպքերում, խավ և նախշեր ստեղծելու նպատակով, օգտագործում են լրացուցիչ թելեր։ Տեքստիլ գործվածքները լինում են պաստառների կամ հատային արտադրանքների (սփռոց, գլխաշոր և այլն) տեսքով։ Ունեն փոքր հաստություն (0,1 մմ-0,5 մմ), զգալի լայնություն (որպես կանոն մինչև 1,5 մ, երբեմն նույնիսկ մինչև 12 մ), տարբեր երկարություն։ Նեղ գործվածքները (0,4 մ լայնությամբ) կոչվում են ժապավեններ։ Տեքստիլ գործվածքները դասակարգվում են ըստ մանրաթելի կազմի, նշանակման, ինչպես նաև ըստ մշակման, վերջնամշակման և նախշազարդման եղանակների։ Մշակվում են համարյա բոլոր տեսակների տեքստիլային մանրաթելերից, թելերից ու մանվածքներից։ Տեքստիլային գործվածքները լինում են բամբակե, վուշե, բրդե և մետաքսե։ Տարբերում են համասեռ (միևնույն տիպի մանրաթելերից կամ առնվազն 10% թելերի խառնուրդով), անհամասեռ (իրար հաջորդում են տարբեր թելեր), խառը (տարբեր տեսակ մանրաթելերից կազմված թելերից) տեքստիլային գործվածքներ։ Ըստ նշանակման դասակարգում են կենցաղային և տեխնիկական գործվածքներ։ Տեքստիլային գործվածքների ընդհանուր քանակի մոտ 2/3-ը կենցաղային գործվածքներ են, որոնք բաժանվում են հագուստի (սպիտակեղենի, շրջազգեստի, կոստյումի և այլն), դեկորատիվ (կահույքի, վարագույրի և այլն), խոնավաներծծիչ (սրբիչի և անձեռոցիկի) տեսակների։ Բացի այդ առևտրում բաժանվում են առանձին խմբերի, ենթախմբերի, տեսակների, տարատեսակների, արտիկուլների (պայմանական համար)։ Կենցաղային տեքստիլային գործվածքների տեսականու մեջ առավել մեծ բաժին ունեն բամբակե գործվածքները։ Արտադրության ծավալով հաջորդ տեղերում են մետաքսե գործվածքները, վուշե գործվածքները և բրդե գործվածքները։ Ջուլհակահաստոցից հանված գործվածքները կոչվում են անմշակ, դրանք սահմանափակ կիրառություն ունեն (կոպիտ են, վատ են թրջվում ևն)։ Արտաքին տեսքի և սպառողական այլ հատկությունների լավացման համար գործվածքները ենթարկվում են դրվազման, տարբեր գույնի թելերից մշակվում են խայտաբղետ, իսկ տարբեր գույնի մանրաթելերից ստացված մանվածքից՝ մեչանծի գործվածքներ։ Տեքստիլային գործվածքները լինում են նաև խավածածկ։ Մահուդը աչքի է ընկնում թելերի հյուսվածքը ծածկող թաղիքային ծածկոցով։ Մահուդի մակերևույթին կարող են առաջանալ ակոսիկներ (հաստ թելերի հաշվին), ռելիեֆային զարդանախշեր (տես Ժակքարդի մեքենա)։ Բազմաշերտ գործվածքները մշակվում են ընդհանուր միջնաթելերով ամրացվող մի քանի հենքաթելեր իրար վրա դնելով։ Մինչև սպառողին հասնելը գործվածքները ենթարկվում են սպիտակեցման, ներկման կամ նախշատպման, ինչպես նաև վերջնամշակման՝ տարբեր եղանակներով։ Հարթ ներկված են կոչվում միագույն ներկված, իսկ նախշազարդված՝ երեսի կողմից նախշեր ունեցող գործվածքները։ Տեքստիլային գործվածքների հիմնական բնուաթագրերը և հատկությունները։ Տեքստիլային գործվածքի կառուցվածքը բնութագրվում է թելերի հաստությամբ (գնահատվում է գծային խտությամբ, այսինքն, 1 կմ թելի զանգվածը գործվածքով), ոլորքով, հյուսվածքի տեսակով, գործվածքի խտությամբ, հենքաթելի և միջնաթելի կորացվածության հարաբերությամբ (այսպես կոչված, կառուցվածքի ֆազ), մակերևույթի կառուցվածքով (հարթ, խավոտ) և այլն։ Հատկությունները և արտաքին տեսքը պայմանավորված են կառուցվածքով (հենքաթելերի և միջնաթելերի փոխադարձ դասավորվածությունը և կապը դրանց միջև) թելերի կամ մանվածքների հատկություններով և վերջնամշակմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 691)։