Jump to content

Վերին մանթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագունդն ըստ շերտերի

Վերին Մանթիա, երկրագնդի թաղանթներից մեկը, որն անմիջականորեն գտնվում է երկրակեղևի տակ և բաժանված է նրանից Մոհորովիչիչի մակերևույթով։ Վերջինս տեղադրված է մայրցամաքների տակ 20-ից մինչև 80 կմ (միջինը՝ 35 կմ), իսկ օվկիանոսների տակ՝ ջրի մակերևույթից 11-15 կմ խորության վրա։

Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը (օգտագործվում է որպես Երկրի ներքին կաոուցվածքի ուսումնասիրության մեթոդ) երկրակեղևից դեպի Վերին Մանթիա անցնելիս թռիչքաձև աճում է մոտավորապես 7-ից մինչև 8 կմ/վրկ։ Նրա հատակը ենթադրվում է 900 կմ (մանթիան վերինի և ստորինի բաժանելիս) և 400 կմ (մանթիան վերինի, միջինի և ստորինի բաժանելու դեպքում) խորությունների վրա։ 400-900 կմ խորությունների սահմաններում գտնվող զոնան կոչվում Է գոլիցինի շերտ։ Վերին Մանթիան կազմված է, հավանաբար, նռնաքարային պերիդոտիտներից՝ վերին մասում էկլոգիտի խառնուրդների մասնակցությամբ։ Նրա կառուցվածքի կարևոր առանձնահատկությունը սեյսմիկ ալիքների փոքր արագությունների զոնայի առկայությունն է։ Նրա կառուցվածքը տարբեր տեկտոնական զոնաների, օրինակ, գեոսինկլինալների և պլատֆորմների տակ տարբեր է։ Նրանում ընթանում են պրոցեսներ, որոնք երկրակեղևում տեկտոնական, մագմատիկ և մետամորֆային երևույթների աղբյուր են հանդիսանում։

Շատ տեկտոնական հիպոթեզներում Վերին Մանթիային հատկացվում է կարևոր դեր։ Օրինակ, ենթադրվում է, որ երկրակեղևն առաջացել է Վերին Մանթիայի նյութից՝ հալման ճանապարհով, որ տեկտոնական շարժումները կապված են նրանում կատարվող շարժումների հետ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 404