Jump to content

Վազգեն Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Բադալյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1954(1954-05-09) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և ՎՊՀ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
 Vazgen Badalyan Վիքիպահեստում

Վազգեն Արշակի Բադալյան (մայիսի 9, 1954(1954-05-09), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բռնցքամարտի հայ մարզիչ, ոստիկանության գնդապետ, նկարիչ։ Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչը։ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013), Հայաստանի նկարիչների միության անդամ (2012)։ Վանաձորի պատվավոր քաղաքացի (2012)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոցը, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Չորս տարի ուսանել է նաև ոստիկանության ակադեմիայում։

1965 թվականից զբաղվել է բռնցքամարտով (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանց)։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր։

Եղել է Հայաստանի 6-ակի չեմպիոն, միջազգային 7 մրցաշարերի հաղթող։

1973-1975 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

Մարզչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկի կարիերան ավարտելուց հետո Վազգեն Բադալյանն անցել է մարզչական գործունեության։ Մոտ 23 տարի աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի «Օլիմպիական հերթափոխի» մարզադպրոցում և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունում որպես մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ։

1980-1993 թթ. եղել է Վանաձոր քաղաքի ավագ մարզիչ։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականներում որպես մարզիչ, հրավիրվել է Իրան, Ֆրանսիա, Եթովպիա՝ մասնագիտական օգնություն ցույց տալու տեղի բռնցքամարտիկներին։

1986-1992 թթ. եղել է Վանաձորի «Հայաստան» մարզական ընկերության համալիր և բռնցքամարտի մարզադպրոցների տնօրենը, միաժամանակ շարունակել մարզչական գործունեությունը։ 1993 թվականից Վանաձորի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է։

1993-2008 թթ. եղել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ, 1997-2009 թթ.՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։

1986 թվականից՝ ԽՍՀՄ համամիութենական կարգի մրցավար, 1998-ից՝ միջազգային կարգի մրցավար։

Վազգեն Բադալյանի սաներից ամենահայտնին՝ Վախթանգ Դարչինյանը

1990 թ. հիմնադրել է «Ռինգ», իսկ 2004-ին՝ «Վազգեն Բադալյան» մարզամշակութային ակումբները, որտեղ մարզվում են ավելի քան 100 մարզիկ։ Բադալյանի սաներից 5-ը միջազգային կարգի սպորտի վարպետներ են (Ս. Օհանյան, Բ. Սահրադյան, Լեռնիկ Պապյան, Վ.Վ. Բադալյան, Վախթանգ Դարչինյան), 2-ը՝ օլիմպիական խաղերի մասնակից (Լեռնիկ Պապյան, Վախթանգ Դարչինյան)։ Նրա սաներն աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնություններում արժանացել են 43 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։ Նրանցից ամենահանրաճանաչը՝ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, 2000 թ. տեղափոխվելով պրոֆեսիոնալ ռինգ, 2004 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008 թ. դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։

2013 թվականին նշանակվել է ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ։

Արցախյան շարժում, ոստիկանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1995 թվականներին Բադալյանը ներդրում է ունեցել Արցախյան շարժման, Վանաձորի 1992-1995 թթ.՝ զորակոչերի և ոստիկանական խմբերի կազմավորման գործում, բազմիցս մեկնել է Արցախ։ Վանաձորի երկրապահ կամավորների միության խորհրդի անդամ է։

1991-2013 թվականներին ծառայել է ոստիկանության համակարգում, կրում է ոստիկանության գնդապետի կոչում։ 1993-1996 թթ. եղել է ոստիկանության Վանաձորի բաժնի պետը։ 2007-2013 թթ. եղել է Լոռու մարզային վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալը։ 2013-ից անցել է կենսաթոշակի։

Նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Բադալյանը զբաղվում է նաև նկարչությամբ։ Նկարել սկսել է հասուն տարիքում, նկարչական կրթություն չունի։ 2000 թվականին Վանաձորում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր տուշով, մատիտով արված շուրջ 60 գծանկար։ 2013-ին, Լևոն Իգիթյանի նախաձեռնությամբ, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում կայացել է նրա ցուցահանդեսը։ Սկզբնապես աշխատում էր գծանկարի ժանրում, հետագայում սկսեց աշխատել նաև յուղաներկով և կենցաղային լաքով, սիրում է աշխատել խառը նյութերով[1]։ Բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների մասնակից է, ունեցել է չորս անհատական ցուցահանդես (Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Երևան քաղաքներում)։

2007 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, իսկ 2012-ին ընտրվել այդ միության անդամ։

2012 թվականին Բելառուսում մասնակցել է միջազգային ցուցահանդեսին։ Նրա գրաֆիկական աշխատանքներով ձևավորվել են բանաստեղծական 6 գրքեր, 3 աշխատանք մշտական ցուցադրման է Վանաձորի կերպարվեստի թանգարանում։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-2004 թթ. եղել է «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր փոխնախագահն էր։ Բարեգործական գործունեություն է ծավալել սպորտի, մշակույթի, առողջապահության և կրթության բնագավառներում։ 2007 թվականին ընտրվել է Վանաձորի Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ։

1991-1995 թթ. եղել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։

2009 թ. ընտրվել է Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։

Ստեղծել է բռնցքամարտի պատմության թանգարան, շարունակում է աշխատանքը Լոռու բռնցքամարտի պատմության գրքի վրա։

Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռնիկ։

Կոչումներ, պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (1972)
  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1979)
  • Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալ մարզական բարձր ցուցանիշների համար (2004)
  • «ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում՝ Բռնցքամարտի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար (2004)
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր (2003)
  • ՀԱՕԿ «Վարազդատ Արշակունի» մեդալ (2008)
  • Վանաձորի պատվավոր քաղաքացի (2009)
  • ՀՀ գլխավոր դատախազի շնորհակալագիր (2010)
  • Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2013)[2]
  • ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալ՝ բռնցքամարտի մասսայականության, մարզական բարձր ցուցանիշների համար և 60-ամյակի կապակցությամբ (2014)
  • ՀՀ Ոստիկանության «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշաններ, անվանական զենք, «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար» մեդալներ
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
  • Պարգևատրվել է նաև Ֆրիտյոֆ Նանսենի, «Հայրենիքի պաշտպանության համար», «Փառապանծ մարտիկ», «Վազգեն Ա կաթողիկոս» մեդալներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]