Կրել է ֆրանսիական ուշ գոթական արվեստի ազդեցությունը։ Տոսկանայից բացի, աշխատել է Նեապոլում (1317), Օրվիետոյում (1320), Ասսիզիում (1320-ական թվականներին)։ Մարտինիի ստեղծագործություններում («Մաեստա» որմնանկար Պալացցո Պուբլիկոյում, 1315, կոնդոտյեր Գվիդորիչչո դա Ֆոլիանոյի պատկերը, 1328, երկուսն էլ՝ Սիենայում, «Ավետում», 1333, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա և այլն) հետզհետե գերակշռող է դարձել ուշ ասպետական մշակույթին բնորոշ սպիրիտուալիստական նրբագեղությունը, սերը պաճուճավոր գծի և ուրվապատկերի հանդեպ, արտահայտիչ գուներանգը։ Աշխատելով Ավինյոնում՝ Մարտինին մտերմացել է Պետրարկայի հետ, նրա համար ստեղծել Լաուրայի դիմանկարը (կորել է) և Վերգիլիոսի ձեռագրի ֆրոնտիսպիսը (Ամբրոզիանա գրադարան, Միլան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 345)։