Jump to content

Ջեզիրեի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեզիրեի թեմ[1] կամ Ջեզիրեի առաջնորդական փոխանորդություն, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սիրիայի քրդաբնակ հյուսիսարևելյան՝ ալ-Հասաքայի մարզի առաքելական հայության հոգևոր կյանքը։ Կենտրոնը ալ-Կամիշլի քաղաքի Սուրբ Հակոբ տաճարն է։

Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը հիմնվել է 1943 թվականին։ Առաջին առաջնորդական փոխանորդն է եղել Խորեն վարդապետ Բարոյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս)։ Փոխանորդությունն ի սկզբանե ենթարկվում էր Հալեպի թեմին, սակայն 21-րդ դարի սկզբին դառնում է առանձին թեմ։

Ի սկզբանե առաջնորդության ստեղծումը պայմանավորված էր Սիրիայի հյուսիսարևելյան հատվածներում (ալ-Ջազիրա) ստվարացող հայ բնակչությամբ, որոնք Թուրքիայի սահմանն էին անցել Սասունից, Տարոնից, Մոկքից ու այլ նախկին հայաբնակ գավառներից։ 1943 թվականին հայերի թիվն ալ-Ջազիրայում (Ալ-Հասաքայի մարզ) հասնում էր 9788-ի, և ասորիների (31764) և այլ քրիստոնյաների (944) հետ միասին նրանք կազմում էին բնակչության շուրջ մեկ երրորդը[2]։ Ընդ որում, նախորդող տասը տարիներին մարզի ընդհանուր բնակչությունը եռապատկվել էր՝ հիմնականում եկվոր քուրդ բնակչության հաշվին։ Հայերը ալ-Կամիշլիում հիմնել էին սուրբ Հակոբ եկեղեցին, որտեղ գործում էր նաև հայ կաթողիկե սուրբ Հովսեփ եկեղեցին։ Վերջինս հանդիսանում է Կամիշլիի թեմի առաջնորդանիստը։ Սուրբ Հակոբ եկեղեցուց զատ հիմնվել էր նաև «Եփրատ» վարժարանը։ Ի տարբերություն կաթողիկե հայերի՝ առաքելական հայերը հայախոս են[3]։

Հայկական փոքրաքանակ համայնքներ կան նաև ալ-Հասաքայում և որոշ գյուղերում։ Հայկական մյուս խոշոր՝ սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցին կառուցվել է ալ-Հասաքա քաղաքում։

2002-2004 թվականներին առաջնորդական փոխանորդն էր Բաբկեն ծայրագույն վարադապետ Չարյանը, որը մինչ այդ պաշտոնավարել էր Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում, ապա՝ Իրանում։ Ջեզիրեյի հայոց թեմի ներկայիս առաջնորդն է Փառեն ծայրագույն վարդապետ Վարդանյանը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. Hourani, Albert Habib (1947). Minorities in the Arab World. London: Oxford University Press. էջեր 76.
  3. «Սիրիահայության Հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  4. «Գամիշլիի Մէջ Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցի Պաշտօնական Բացումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: