Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը:
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում: Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է: Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110 X 69-75 Մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական:(մանրամասն...)
12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում։ Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո՝ 2001 թվականի ամռանը, 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը թիմի հետ նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս (2001-2002, 2003-2004) և մեկ երկրի գավաթ (2002)։ 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-06 մրցաշրջանում թիմը պաշտպանեց տիտղոսը, սակայն «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնություններն էլ չեղարկվեցին։ Դրանից հետո 24,8 միլիոն եվրոյի դիմաց Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր»: «Սևակապույտների» կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Զլատանը ակումբր հետ նվաճեց 3 Սկուդետտո անընդմեջ։ 2009 թվականի ամռանը 46 միլիոն եվրոյի դիմաց և Սամուել Էտոյի փոխարեն տեղափոխվեց իսպանական «Բարսելոնա»: Ակումբի կազմում դարձավ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների պատճառով Իբրահիմովիչը 2010 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Միլան», իսկ 2011 թվականին վերջինս գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։ Սերիա A վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում Իբրահիմովիչը կրկին թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն։ 2012 թվականին «Միլանի» ֆինանսական խնդիրների պատճառով Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին «Պարի Սեն-Ժերմենին»: Գործարքի արժեքը կազմեց 60 միլիոն եվրո։ «Փարիզեցիների» կազմում շվեդը 3 անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Իբրան զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: