Նյարդացավ, նևրալգիա (նեյրո․․․ և հուն. ἄλγος – ցավ), ծայրամասային նյարդերի ախտահարում, բնորոշվում է համապատասխան նյարդով նյարդավորվող շրջանի նոպայաձև ցավերով։ Նյարդացավի դեպքում շարժողության խանգարումներ և զգացողության անկում չեն առաջանում, իսկ ախտահարված նյարդում բացակայում են կառուցվածքային փոփոխությունները։ Նյարդացավը հիմնականում առաջանում է նեղ անցքերով և խողովակներով անցնող նյարդերում։ Առաջնային նյարդացավի դեպքում կլինիկական հետազոտությամբ այլ հիվանդություն չի հայտնաբերվում։ Երկրորդային կամ ախտանշանային նյարդացավի դեպքում հայտնաբերվում են բորբոքային, ուռուցքային և այլ պրոցեսներ, որոնք բացասաբար են ազդում նյարդի վրա։ Երկարատև ընթացքի դեպքում նյարդացավ կարող է վերածվել նյարդաբորբի։ Նյարդացավը ընթանում է նոպայաձև, ուղեկցվում վեգետատիվ–անոթային խանգարումներով (մաշկածածկույթների կարմրություն, արցունքահոսություն ևն), երբեմն առաջանում է մկանների տեղային ջղաձգություն։ Ավելի հաճախ հանդիպում է եռորյակ նյարդի, նստանյարդի, հազվադեպ՝ մեծ և փոքր ծոծրակային, լեզվաըմպանային նյարդերի նյարդացավ։
Երկրորդային նյարդացավի դեպքում հիմնական հիվանդության վերացում, առաջնայինի դեպքում՝ նովոկաինի ներարկումներ, В խմբի վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։ Եռորյակ նյարդի բորբոքման դեպքում՝ հակաջղաձգային պատրաստուկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 316)։