Նեոլամարկիզմ (նեո․․․ և լամարկիզմ), տարբեր ուղղությունների համախումբ էվոլյուցիոն ուսմունքում, առաջացել է XIX դարի II կեսին՝ կապված լամարկիզմի առանձին դրույթների զարգացման հետ։ Նեոլամարկիզմի կողմնակիցները փորձում էին լամարկիզմը հակադրել դարվինիզմին և ժխտել էվոլյուցիոն պրոցեսի շարժիչ ուժը՝ բնական ընտրությունը։ Նեոլամարկիզմի մեջ տարբերում են 3 հիմնական ուղղություն՝ մեխանոլամարկիզմ, պսիխոլամարկիզմ և օրթոլամարկիզմ։ Մեխանոլամարկիզմը (անգլիացի գիտնական Տ․ Սպենսեր, գերմանացի Թ․ Այմեր, ֆրանսիացի Գ․ Բոնյե, Ա․ Ժիար և ուրիշներ) էվոլյուցիան նույնացնում է արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած հարմարվողական փոփոխությունների կուտակման հետ և ժխտում բնական ընտրության ստեղծագործական դերը տեսակառաջացման պրոցեսում։ էվոլյուցիայում առաջատար դերը վերագրելով արտաքին միջավայրին՝ մեխանոլամարկիստները զարգացնում են ձեռքբերովի հատկանիշների ժառանգման հնարավորությունը։ Պսիխոլամարկիqմը կամ նեովիտալիզմը (գերմանացի գիտնականներ Ա․ Պաուլի, Ռ․ Ֆրանսե, Ա․ Վագներ և ուրիշներ) գտնում է, որ օրգանական բնությունը զարգանում է ներքին, ոչ նյութական գործոնների ազդեցության տակ։ Պսիխոլամարկիստները էվոլյուցիայի հիմնական աղբյուրը համարում են օրգանիզմի գիտակցական կամային գործողությունները՝ միաժամանակ գիտակցություն և հիշողություն վերագրելով ոչ միայն բուսական և կենդանական ամբողջական օրգանիզմներին, այլև նրանց յուրաքանչյուր բջջին։ Օրթոլամարկիզմը (գերմանացի գիտնական Կ․ Նեգելի, ամերիկացի Տ․ Օսբորն և է․ Կոպ, խորհրդային՝ Լ․ Բերգ և ուրիշներ) զարգացման հիմնական պատճառը տեսնում է օրգանիզմների ներքին հատկությունների մեջ (ավտոգենեզ), որոնք, իբր, կանխորոշում են էվոլյուցիայի ուղղագիծ բնույթը։ է․ Կոպը առաջ է քաշել էներգիայի հատուկ տեսակի գաղափարը և այն անվանել «աճման ուժ» կամ «բաթմիզմ», որն ուղղություն է տալիս ինչպես անհատական, այնպես էլ պատմական զարգացմանը։ Ըստ է․ Կոպի, տեսակների միջև եղած տարբերությունը որոշվում է նրանց մեջ գոյություն ունեցող «աճման ուժով», որն ստիպում է անհատին ձգտել կատարելագործման։ Չնայած գիտական անհիմնությանը, նեոլամարկիզմ ձևափոխված տեսքով հանդես է գալիս նաև այժմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 226)։