Jump to content

Նեկրոմանտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դին իր օգնականի հետ զբաղվում է նեկրոմանտությամբ

Նեկրոմանտիա (հին հունարեն՝ νεκρός «մեռած» + μαντεία «գուշակություն», «մահացածների հոգիներին կատարված հարցումը ապագայի մասին»[1][2]), մոգության տեսակ, որը ներառում է մահացածների հոգիների հետ հաղորդակցություն[3]։ Այս պրակտիկան հիմնված է այն համոզմունքի վրա, որ մահացածները հատուկ ուժ ունեն և կարող են պաշտպանել ողջերին։

Աստվածաշնչում նկարագրվել է Էնդորի կախարդուհին, որը Փղշտացիների հետ ճակատամարտից առաջ՝ Սավուղ թագավորի համար կանչել է Սամուել մարգարեի հոգին։ Հին Հունաստանում նեկրոմանտները, տրանսի վիճակում կանչել են հոգիներին անմիջապես Հադեսի և Պերսեփոնեի սրբավայրերում։ Այս սրբավայրերը սովորաբար կառուցվել են անդրաշխարհին մոտ գտնվող սրբավայրերում՝ քարանձավներում, կիրճերում, տաք հանքային աղբյուրների մոտ։ Հռոմեացի բանաստեղծ Լուկանը «Ֆարսալա կամ պոեմ քաղաքացիական պատերազմի մասին» («Bellum civile sive Pharsalia») աշխատության մեջ հայտնում է, որ Ֆարսալոսում Հուլիոս Կեսարի դեմ ճակատամարտի նախօրեին (մ.թ.ա. 49 թվականի օգոստոսի 9-ին) Սեքստոս Պոմպեոսը դիմել է ամենահայտնի կախարդ Էրիխտոյին՝ մարգարեություն անելու համար։ Վերակենդանացնելով ռազմի դաշտում ընկած մարտիկի թարմ դիակը՝ Էրիխտոն գուշակել է Պոմպեյի պարտությունը Հուլիոս Կեսարից, որն իրականություն է դարձել (Գաղտնի արվեստը՝ «Հմայված աշխարհ» շարքից)։

Միջնադարում բառը վերաիմաստավորվել է որպես նիգրոմանտիա (լատիներեն niger - «սև»), այսինքն «սև մոգություն»[4]։

Այնուամենայնիվ սկսած Վերածննդի դարաշրջանից՝ նեկրոմանտիան որոշակի պատճառներով ասոցացվել է սև մոգության և ընդհանրապես դիվաբանության հետ՝ իր տեղը զիջելով ավելի վաղ ունեցած կոնկրետ իմաստին։ Հայտնի օկուլտիստ Էլիֆաս Լևին իր «Dogma et Ritual» գրքում սահմանում է նեկրոմանտիան որպես աստրալային մարմինների վերակենդանացման միջոց։ Ժամանակակից աշխարհում «նեկրոմանտիա» հասկացությունը լայնորեն տարածված է և հետևաբար առկա է նաև «բնական» մոգության մասին զանգվածային գրքերում։ Իսլանդացի հանրաճանաչ գրող Ջուդիթ Նորմանն իր «Կախարդական հայելիներ։ Մոգախոսքեր, գուշակություն, ֆեն-շույ» գրքում նախնիների ոգիներին կանչելու արարողություն է կատարում, որը կատարվում է հայելու օգնությամբ, որն ըստ էության հանդիսանում է նեկրոմանտիա։ 19-րդ դարից մինչև մեր օրերը մեծ ճանաչում է ձեռք բերել սպիրիտիստական շարժումը, որը հիմնված է նեկրոմանտիկ պրակտիկայի վրա, որն օգտագործում է հատուկ պատրաստված ուիջա տախտակը։

Հետագայում նեկրոմանտիան դարձել է մոգության առանձին ճյուղ։ Ներկայումս շատ սկսնակ մոգեր զբաղվում են նեկրոմանտիկայով՝ հավատալով, որ այն տալիս է մեծ ուժ և ապագան շատ բարձր ճշգրտությամբ կանխատեսելու ունակություն։ Որոշ մոգեր կարծում են, որ նեկրոմանտիայի օգնությամբ (հանգուցյալին կանչելու ժամանակ) հնարավոր է ուժեղ վնաս և անեծք հասցնել ցանկացած մարդու։

Նեկրոմանտիան տարբեր դարաշրջաններում տարածված է եղել ամբողջ աշխարհում։ Հարավային Աֆրիկայում և Արևմտյան Հնդկաստանի կղզիներում տարածված է վուդուի պաշտամունքը, որը մահացած մարդու մարմնի («բոկոր») վերածնունդն է, որն ունի մնացորդային գիտակցությունև հարմար է հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատանքի համար։ Համաշխարհային կրոնները դատապարտում են նեկրոմանտությունը։ Իսլամը վերցրել է հուդայականությունից և քրիստոնեությունից հակակրանքը գուշակության տեսակների և հատկապես նեկրոմանտիայի հանդեպ։ Բուդդայականությունը նույնպես դեմ է նեկրոմանտիկային։

Վերջին ժամանակներում շվեդ ռեժիսոր և նկարիչ Ֆրիդրիխ Յոհանսոնը դարձել է «էլեկտրոնային ձայնի ֆենոմենի» հայտնաբերողը, որն ունի տարբեր մահացած մարդկանց ձայները ձայնագրելու հնարավորություն։ Ըստ Յուհանսոնի՝ հնարավոր է խոսել մահացածների հետ։

Ազգային գիտական հիմնադրամը (ԱՄՆ) թվարկում է մահացածների հոգիների հետ հաղորդակցվելու հնարավորությունը որպես ամերիկացիների շրջանում ամենատարածված կեղծ գիտական մոլորություններից մեկը[5]։

  • Իրական (պատմական) բժիշկ Ֆաուստը հայտնի է եղել որպես նեկրոմտ և դիվաբան։
  • Էդվարդ Քելլին հայտնի է որպես միջնադարյան անգլիական նեկրոմանտ և գուշակ։ Էդվարդ Քելլին և գուշակ Ջոն Դին միասին աշխատել են մահացածների հոգիներին կանչելու գործում։
  • Նշվում է, որ միջնադարյան գերմանացի հայտնի սպիտակ մոգ և ալքիմիկոս Հենրիխ Կոռնելիոս Ագրիպպան Նետսհայմացին նույնպես ենթարկվել է նեկրոմանտության գայթակղությանը, որպեսզի խուսափի դևից սպանված ուսանողի մահվան պատասխանատվությունից, որովհետև անձամբ էր անխոհեմ կերպով կանչել նրան։ Կոռնելիոս Ագրիպային ստիպել են վերակենդանացնել աշակերտին, որպեսզի նա գնա Լյովեն քաղաքի (ներկայիս Բելգիա) քաղաքային շուկա և այնտեղ նա «նորից մահացել է»։
  • Կոմս Կալյոստրոն իրեն անվանել է նեկրոմանտ, բայց իրականում նեկրոմանտություն ասելով նա նկատի ուներ միայն սպիրիտիզմը։
  • Բրիտանացի սև մոգ Ալիստեր Քրոուլիn տիպիկ նեկրոմանտ է եղել։
  • Ամենահայտնի կին նեկրոմանտներից մեկի՝ Անիտա Բլեյքի մասին նկարագրված է գրող Լորել Համիլտոնի աշխատության մեջ։

Ֆենտեզի ստեղծագործություններում «նեկրոմանտիա» հասկացությունը սկսել է մեկնաբանվել ավելի լայն ձևով։ Այս տերմինը ենթադրում է փոխազդեցություն մահացածների աշխարհի հետ, դրա էներգիայի օգտագործումը և մահացածների աշխարհի վերահսկողությունը։ Համապատասխանաբար՝ նեկրոմանտը կախարդ կամ քուրմ է, որը կատարում է նման գործողություն։ Սա կարող է լինել մեռած մարմինների կառավարումը (չարքերի ստեղծում), նեկրոմանտիկ բացասական էներգիայի օգտագործումը կախարդանքների համար (այսպես կոչված չորացում, կյանքը գողանալը), կամ մահացածների հետ խոսելը՝ հոգեկանչությունը։ Ֆենտեզի որոշ աշխատություններում նեկրոմանտն ինքը «կիսով չափ մահացած» է՝ չարք (սովորաբար նախկին նեկրոմանտը, որը մահից հետո պահպանել է իր միտքն ու ուժը, կոչվում է լիչ), բայց շատ հիշատակումներում նա ողջ մարդ է։

Ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը վերակենդանացրել է նեկրոմանտիայի նկատմամբ հետաքրքրությունը՝ իր ստեղծագործություններում օգտագործելով «Նեկրոնոմիկոն» գեղարվեստական գիրքը, որը ենթադրաբար միջնադարյան արաբական գրիմուար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Реальный словарь классических древностей. Под редакцией Й. Геффкена, Э. Цибарта. — Тойбнер. Ф. Любкер. 1914.
  2. «Древнегреческо-русский словарь Дворецкого». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Definition of NECROMANCY». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
  4. Примечания // Легенда о докторе Фаусте / сост. и прим. В. М. Жирмунского. — М.: Наука, 1958. — (Литературные памятники).
  5. «WebCite query result». webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)