Նեգատիվ (կինոտեխնիկա)
Սևանկար կամ նեգատիվ (լատին․՝ negativus — բացասական), սև-սպիտակ լուսանկարչության և կինոյի մեջ, պատկեր, որում լուսավորվածությունն ունի պատկերված առարկայի լուսավորվածությանը հակառակ պայծառություն։ Առարկայի լուսավոր մասերը սև են։ Լուսանկարչական սևացումը լույսի ազդեցությամբ լուսազգայուն թաղանթի վրա արծաթի մանր հատիկների առաջացման հետևանք է։
Հատիկների խտությունը, հետևաբար նաև սևացվածության աստիճանը, համեմատական է թաղանթին ընկած լույսի պայծառությանը։ Լուսանկարման պահին կինո կամ լուսանկարչական ժապավենի (թիթեղի) վրա առաջանում է առարկայի թաքնված պատկերը, որը տեսանելի են դարձնում սևանկարային պրոցեսի միջոցով։ Այն ֆիզիկաքիմիական պրոցես է, բաղկացած մի քանի փուլերից՝ սևանկարի հայտածում, ամրացում, լվացում և չորացում։ Լուսանկարչական ամրացման նպատակն է լույսի ազդեցությանը չենթարկված և արծաթի չքայքայված հալոգենիդները փոխարկել լուծելի աղերի, որոնք հեռացվում են լվացմամբ։ Սևանկարի որակը գնահատվում է սևացած մասերի օպտիկական խտությամբ, տարբեր մասերում սևացվածության աստիճանների հարաբերությամբ, մանրահատիկությամբ և այլն։ Սևանկարը սովորաբար օգտագործում են պատկերի պոզիտիվը ստանալու համար։ Որակյալ սևանկարը ապահովում է պարզ մանրամասներով և առարկայի պատկերը ճիշտ արտահայտող պոզիտիվի ստացումը։ Երբեմն, օրինակ, սպեկտրալուսաչափության մեջ, օգտագործում են ուղղակի սևանկար։ Գունավոր կինո- և լուսանկարչության մեջ․ պատկեր, որտեղ պատկերված առարկաները ներկված են ոչ թե իրական, այլ լրացնող գույներով․ կապույտը՝ դեղին, կանաչը՝ ծիրանի, կարմիրը՝ կապտականաչավուն։ Լուսանկարման պահին լուսազգայուն եռաշերտ թաղանթներում առաջանում են առարկայի երեք թաքնված պատկերները, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ հիմնական գույնի։ Սևանկարային պրոցեսն այս դեպքում ավելի բարդ է։ Հայտածման ընթացքում առաջանում են արծաթի հատիկներից բաղկացած պատկերներին համապատասխան պատկերներ՝ յուրաքանչյուր շերտում մեկ լրացնող գույնով։
Գունավոր սևանկարի որակը գնահատվում է տարբեր մասերի գույների հարաբերությամբ, առարկայի իրական գույների հետ նրանց համապատասխանությամբ (որպես լրացուցիչ գույներ), մանրահատիկությամբ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 213)։ |