Մուտնեջմեթ
Մուտնեջմեթ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 14-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 14-րդ դար |
Վախճանի վայր | Թեբե |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
Հայր | Էյե (Եգիպտոսի փարավոն) |
Մայր | Tey? |
Մուտնեջմեթը հիերոգլիֆներում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Մուտնեջմեթ Քաղցր Մուտ |
Մուտնեջմեթ (անգլ.՝ Mutnedjmet), հաճախ գրվում է նաև Մուտնեջեմեթ, Մուտնոջմեթ, Մուտնոջեմեթ (եգիպ.՝ mw.t-nḏm.t)[1], հին եգիպտական թագուհի, որը եղել է տասնութերորդ արքայատոհմի վերջին փարավոն Հորեմհեբի մեծ թագուհին։ Անունը թարգմանաբար նշանակում է «Քաղցր Մուտ»։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտնեջմեթի տիտղոսների թվում էին՝ «Ժառանգական արքայադուստր» (iryt-p`t), «Մեծ արքայի կին» (hmt-niswt-wrt), «Շատ գովելի» (wrt-hzwt), «Ողորմած տիկին» (nbt-im3t), «Սիրո քաղցրություն» (bnrt-mrwt), «Վերին և Ստորին Եգիպտոսի տիրուհի» (hnwt-Shm’w -mhw), «Հաթորի փառաբանող» (hsyt-nt-hwt-hrw) և «Ամոնի փառաբանող» (Sm’yt-nt-imnw)[2] տիտղոսները։
Մուտնեջմեթը որպես Նեֆերտիտիի քույր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ եգիպտագետներ ենթադրել են, որ Մուտնեջմեթը նույնական է Նեֆերտիտիի քույր Մուտբենրետի հետ[3]։ Այս ենթադրության հիմք է հանդիսացել այն փաստը, որ Մուտբենրետի անունը կարդացվել է Մուտնեջմեթ։ Այլ եգիպտագետներ, ինչպես Ջոֆրեյ Մարտինը, նշել են, որ այս պնդումը հաստատող միանշանակ ապացույց չկա[4]։ Մարտինը գրել է, որ
- Մուտնոջմեթ անունը հազվագյուտ չի եղել տասնութերորդ արքայատոհմի վերջին շրջանում, և եթե նույնիսկ նա Նեֆերտիտիի քույրը լիներ, Հորեմհեբի հետ նրա ամուսնությունը ոչ մի ազդեցություն չէր ունենա վերջինիս լեգիտիմության կամ թեկնածության վրա, քանի որ Մուտնոջմեթը (որը պատկերված է Էլ–Ամառնայի արքայական դամբարաններում) նույնպես արքայական ծագում չի ունեցել։ Ցանկացած դեպքում, անկախ իր ծագումից, Մուտնոջմեթին ամուսնացրել են Հորեմհեբի հետ նախքան վերջինիս փարավոն դառնալը[4]։
Հուշարձաններ և արձանագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտնեջմեթը հայտնի է մի քանի իրերից ու արձանագրություններից․
- Հորեմհեբի ու Մուտնեջմեթի արձան է հայտնաբերվել Կառնակում, սակայն այժմ գտնվում է Թուրինի Եգիպտական թանգարանում (1379)։ Գահի վրա Մուտնեջմեթը պատկերված է թևավոր սֆինքսի տեսքով, որը հիանում է իր սեփական քարտուշով։ Սֆինքսը պատկերված է հարթ գագաթով թագով, որի վերին մասում Տեֆնուտ աստվածուհուն հիշեցնող տարրեր են։ Արձանի հետևի մասում պատկերված է Հորեմհեբի իշխանության գալը[3]։
- Հորոմհեբն ու Մուտնոջմեթը պատկերված են Ռոյի դամբարանում (TT255) Դրա Աբու էլ-Նագայում։ Արքայական զույգը պատկերված է զոհաբերության տեսարանում[5]։
- Կառնակի վիթխարի արձաններից մեկը պատրաստվել է Հորեմհեբի համար․ այնտեղ պատկերված է նաև Մուտնեջմեթը։ Արձանը հետագայում յուրացվել է ու վերաարձանագրվել Ռամզես II-ի ու Նեֆերտարիի համար[6]։
- Մուտնեջմեթը յուրացրել է Լուքսորում գտնվող Անհեսենամոնին վերաբերող մի քանի արձանագրություն[7]։
- Սակկարայում գտնվող Հորեմհեբի դամբարանում հայտնաբերվել են Մուտնոջմեթի անունը կրող արձաններ (բեկորներ) և այլ իրեր, այդ թվում՝ ալաբաստրի բեկորներ, որոնցից մի մասում հուղարկավորության տեքստեր են[8]։
Մահ և հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտնեջմեթը մահացել է ամուսնու կառավարման 13-րդ տարում, 40-ից մի փոքր ավելի հասակում, որը հաստատվել է Սակկարայում գտնվող իր ամուսնու դամբարանի թաղման խցում հայտնաբերված գինու սափորի վրայի արձանագրություններով ու նրան պատկանող այլ իրերով ու արձաններով[7]։ Մուտնեջմեթի մումիան հայտնաբերվել է իր ամուսնու՝ Մեմփիսում գտնվող չօգտագործված դամբարանում, մեռելածին երեխայի մումիայի հետ։ Ակնհայտաբար նրան հուղարկավորել են Հորեմհեբի մեմփիսյան դամբարանում՝ վերջինիս առաջին կնոջ՝ Ամենիայի կողքին։ Մուտնեջմեթի մումիան ցույց է տալիս, որ նա ծննդաբերել է մի քանի անգամ, սակայն տասնութերորդ արքայատոհմի վերջին փարավոնն իր մահվան պահին կենդանի ժառանգ չի ունեցել։ Ենթադրվել է, որ նա դուստր է ունեցել, որը ոչ մի փաստաթղթում չի հիշատակվել։ Մումիայի մոտ նորածնի մումիայի առկայությունը վկայում է այն մասին, որ այս թագուհին մահացել է ծննդաբերության ժամանակ։ Թագուհու ներքին օրգանները պարունակող կանոպիկ սափորներից մեկն այժմ գտնվում են Բրիտանական թանգարանում[7]։
Հնարավոր է, որ թագուհիների հովտում գտնվող QV33 Արխիվացված 2019-03-26 Wayback Machine դամբարանն ի սկզբանե կառուցված լինի հենց այս թագուհու համար։ Դամբարանը հայտնի է որպես անհայտ ոմն Տանեջմեթի դամբարան, սակայն քանի որ նրա անունով երկու քարտուշները վնասված են, բայց ընթեռնելի են ta և mut հիերոգլիֆները, դա հիմք է հանդիսացել այս ենթադրության համար[9]։
Հանրային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավաֆրիկացի նկարիչ Ուինիֆրեդ Բրունթոնը 1920-ական թվականներին նկարել է այս թագուհու դիմանկարը։
- Միշել Մորանի «Նեֆերտիտի. վեպ» վեպում Մութնեջմեթը գլխավոր հերոսն է՝ որպես Նեֆերտիտի թագուհու կրտսեր քույր։ Նա նաև հիշատակվում է Մորանի երկրորդ վեպում՝ «Հերետիկոս թագուհին», որպես գլխավոր հերոսուհու՝ արքայադուստր և ավելի ուշ թագուհի Նեֆերտարիի մայր։
- Մուտնեջմեթը Քերի Գրինվուդի պատմական «Սև երկրից դուրս» (2010) վեպի երկու գլխավոր հերոսներից մեկն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ranke, Hermann (1935). Die Ägyptischen Personennamen, Bd. 1: Verzeichnis der Namen (PDF). Glückstadt: J.J. Augustin. էջ 148. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Wolfram Grajetzki, Ancient Egyptian Queens: a hieroglyphic dictionary, Golden House Publications
- ↑ 3,0 3,1 J. Tyldesley, Chronicle of the Queens of Egypt, 2006, Thames & Hudson
- ↑ Briant Bohleke, "Amenemopet Panehsi, Direct Successor of the Chief Treasurer Maya", Journal of the American Research Center in Egypt, Vol. 39, (2002), pp. 157-172
- ↑ Maya Müller, "Über die Büste 23725 in Berlin", Jahrbuch der Berliner Museen, Bd. 31, (1989), pp. 7-24
- ↑ 7,0 7,1 7,2 Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson, 2004, 0-500-05128-3, pg 156
- ↑ Geoffrey T. Martin, "Excavations at the Memphite Tomb of Ḥoremḥeb, 1977: Preliminary Report", The Journal of Egyptian Archaeology, Vol. 64, (1978), pp. 5-9
- ↑ Elizabeth Thomas: "Was Queen Mutnedjmet the Owner of Tomb 33 in the Valley of the Queens?", The Journal of Egyptian Archaeology, Vol. 53, (Dec., 1967), pp. 161-163
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուտնեջմեթ» հոդվածին։ |
|