Jump to content

Մորուք Կարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորուք Կարո
Ծնվել է1875 թվական
ԾննդավայրՍասուն-ի գավառի Գելիեգուզան գյուղ
Մահացել է1949 թվականի դեկտեմբերի 6
Մահվան վայրՀամադան
ԱզգությունՀայ
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
Գործունեությունհայ ազգային - ազատագրական շարժում, հայդուկային շարժում
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն
Երեխաներերեք դուստր

Մորուք Կարո (Ավոյան Կարապետ) (1875, գ. Գելիեգուզան (Սասունի գավառ) - 1949, դեկտեմբերի 6[1], Համադան, Պարսկաստան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորուք Կարոն ծնվել է 1875 թվականին Սասունի Գելիեգուզան գյուղում Հեբոյի Ավոյի բազմանդամ ընտանիքում։ Սովորել է ծննդավայրի վարժարանում։ 1891-1893 թվականներին դեռևս պատանի Կարոն մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Սերոբի, Անդրանիկի. Գևորգ Չավուշի, Ռուբենի խմբերում)։ Մորուք Կարոն Սպաղանաց Մակարի խմբի կազմում որպես տասնապետ մասնակցել է Սասունի 1904 թվականի ապստամբությանը։ 1905-1907 թվականներին մասնակցել է Գևորգ Չավուշի մղած գրեթե բոլոր կռիվներին։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես 1905 թ. ապրիլի 25-ին Գևորգ Չավուշի ղեկավարած Խարս գյուղի կռվում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո դարձել է փախստական։

1912-1914 թթ. գործել է Տարոնում։ Մասնակցել է Սասունի 1915 թվականի ինքնապաշտպանությանը։ 1916 թվականին Մուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու սասունցիներից կազմված ժողովրդական գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանազկերտում, Ալաշկերտում։ 1918 թվականին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ Հայաստանի ստեղծումից (1918) հետո մասնակցել է Արևելյան Հայաստանի տարածքում ապօրինի հաստատված կովկասյան թաթարների հակահայկական ելույթների դեմ պայքարին, օժանդակել արևմտահայ գաղթականների վերաբնակեցմանը։

1919 թվականից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զովասար գյուղ)։ Մասնակցել է 1921Փետրվարյան ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան։ 1924 թվականին վերադարձել է Խորհրդային Հայաստան՝ դարձյալ բնակվելով Թալինի շրջանի Զովասար գյուղում։ 1928 թվականի գարնանը, Կարոն փախչում է Չեկայի հետապնդումներից՝ խուսափելով ձերբակալությունից։ Շուրջ երկու տարի թափառելով հանդերում և անտառներում՝ 1930 թվականին Կարոն անցնում է Պարսկաստան։ Կարոյի Պարսկաստան անցնելուց երկու տարի անց՝ 1932 թվականին երեք տարով բանտարկում և աքսորի են դատապարտում Մորուք Կարոյի կնոջը՝ Մարթային։ Թեև երեք տարի անց Մարթան աքսորից վերադառնում է Ահագչի, սակայն, 1941 թվականի նոյեմբերի 28-ին Չեկայի աշխատակիցները կրկին ձերբակալում են Մարթային և երեք աղջիկների հետ աքսորում Ղազախստան։ 1946 թվականին նրանք վերադառնում են աքսորից։

Մորուք Կարոն մահացել է 1949 թ․ դեկտեմբերի 6-ին Պարսկաստանի Համադան քաղաքում։ Կարոյի դին հողին է հանձնվել հաջորդ օրը Համադանի հայկական գերեզմանատանը։ 1993 թվականի սեպտեմբերին Մորուք Կարոյի եղբոր՝ Օհանի որդին՝ Աղանիկ Հեբոյանը Համադանից Հայաստան է տեղափոխում հորեղբոր աճյունը, որը 1993 թվականի հոկտեմբերի 2-ին հողին է հանջնվում Թալինի շրջանի Զովասար գյուղում՝ Մորուք Կարոյի կնոջ՝ Մարթայի շիրիմի կողքին։ Մորուք Կարոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել Աղանիկ Հեբոյանի «Մորուք Կարո» իրապատում վիպակում (Երևան, 1998, 2015)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մօրուք Կարօ (Աւոյեան Կարապետ, 1875-1949)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։