Մոտոցիկլային սպորտ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մոտոցիկլային սպորտ, ճանապարհային և սպորտային մոտոցիկլետներ վարելու մրցումներ։ Անցկացվում են յուրաքանչյուր դասի մոտոցիկլետի համար առանձին-առանձին։ Մոտոցիկլային սպորտի ձևերից են․ խճուղային-գծային մրցարշավ, խճուղային օղակաձև մրցարշավ (1,5 կմ-ից ավելի փակ երթուղով), մոտոցիկլետային կրոս (կտրտված տեղանքով, 1,5—5 կվ օղակաձև փակ երթուղով), մոտոցիկլետային բազմամարտ (մինչև 6 օր տևող մրցումներ), տրեկային մրցարշավ (սպիդվեյ, մարզադաշտի խարամածածկ կամ սառցապատ ուղիներով), ձևավոր վարում (արհեստական արգելքներով մրցահրապարակում), ռեկորդներ սահմանելու մրցավազք (տվյալ դասի մոտոցիկլետի առավելագույն արագության զարգացմանը նպաստող երթուղով), մոտոբոլ (մոտոցիկլետավարների թիմային խաղ գնդակով),անցկացվում են նաև մոտոռալլի, մոտոկողմնորոշում ևն։ Ռուսաստանում առաջին պաշտոնական մոտոմրցարշավը տեղի է ունեցել 1898 թվականին, Պետերբուրգի մերձակայքում։ Միջազգային մոտոցիկլետային ֆեդերացիան (ՖԻՄ) հիմնվել է 1904 թվականին։
Մոտոցիկլային սպորտը զարգացած է բազմաթիվ երկրներում։ Աշխարհի առաջնություններ խաղարկվում են բազմամարտի՝ 1913 թվականից, խճուղային օղակաձև մրցարշավի՝ 1949 թվականից, մոտոկրոսի՝ 1957 թվականից, տրեկային մրցարշավի (1949 թվականից խարամուղային, 1966 թվականից՝ սառցապատ ուղիներով)։
Հայաստանում տարածվել է 1930-ական թվականներին, ավտոմոտոսպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1961 թվականին։ Ամեն տարի անցկացվել են հանրապետական չեմպիոնատներ և ձմեռային առաջնություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 46)։ |