Մարաշ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաշ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնակավայր | ||
---|---|---|
Մարաշ | ||
թուրքերեն՝ Kahramanmaraş | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Քահրամանմարաշի մարզ և Ադանայի վիլայեթ | |
Մակերես | 3017 կմ² | |
ԲԾՄ | 67±1 մետր | |
Բնակչություն | ▲443 575 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0344 | |
Փոստային դասիչ | 46000 | |
Ավտոմոբիլային կոդ | 46 | |
| ||
Մարաշ (թուրքերեն՝ Kahramanmaraş, «Հերոս Մարաշ»), քաղաք Լեռնային Կիլիկիայում՝ Ադանայից մոտ 60 կմ հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։ Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաշ անունը հայտնի է հին ժամանակներից։ Պտղոմեոսը այն հիշում է Maras ձևով։ Քաղաքի Գերմանիկ(ե) անունը տրված է հռոմեական զորավար Գերմանիկոսի (Տիբերիոս կայսեր եղբորորդին) անունով, որը մ․թ․ա․ 18 թվականին գալիս է Կոմագենե՝ այս երկրի գործերը կարգավորելու։ Մարաշի Գուրգում անունը ոմանք նույնացնում են Միքայել Ասորու հիշատակած Ճռճում տեղանվան հետ։
Պատմական տեղեկանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաշի տեղը հաճախակի փոփոխվել է։ Հնագույն տեղը գտնվել է այժմյան Մարաշից 5-6 կմ արևելք, Էրքենեզ գետակի ափին։ Բյուզանդա-արաբական արշավանքների հետևանքով սա ավերվում է, և Հալեպի Սեյֆ Էդ Դովրե իշխանի կողմից կառուցվում է նոր քաղաք, այժմյան քաղաքից 1 կմ հարավ-արևելք գտնվող Կարա Մարաշ տեղում։ Ըստ այդմ Մարաշի հայտնի Է դառնում նաև Կարա Մարաշ անունով։ Մարաշի միջնաբերդը կառուցված է բյուզանդական շրջանում և միջին դարերում կոչվել է Մարվանի։ Բյուզանդական տիրապետության ժամանակ քաղաքի հայերր մեծ թիվ էին կազմում, ուստի քաղաքը հանձնվում է հայ իշխանների տիրապետությանը։ Այդ իշխաններից էին Գևորգ Մլեհը (915), Փիլարտոս Վարաժնունին (Ժանտ Փիլարտո», 1065), Թաթուլը (1100)։ Հայկական տիրապետության շրջանում եղել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065 թ, կարճ ժամանակ՝ կաթողիկոսանիստ։ Կիլիկիայում Եդեսիայի իշխանության հաստատումից հետո Մարաշը դառնում է այդ իշխանության ավաններից մեկը։ Սելջուկների տիրապետության անկումից հետո Մարաշի միացվում է Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Լևոն Բ այն գրավում է 1189 թ, Հեթում Ա՝ 1266 թ։ 16-րդ դ Մարաշի անցել է օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դ սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը ք տեղափոխում է այժմյան վայրը։ Մարաշում մեծ ավերածություններ են եղեք 1114 թ երկրաշարժի ժամանակ։ 1880-ական թթ երկու մեծ հրդեհների ժամանակ այրվել են հայկական թաղերն ու շուկան։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ։ Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաշի հնագույն բնակիչները եղել են խեթերը։ Հետագայում ուժեղանում է սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական և սելևկյան տիրապետության շրջանում այստեղ բնակվում են նաև հույներ և հրեաներ։ Հայերը նույնպես Մարաշում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Հովհան Ոսկեբերանի վկայությամբ՝ Կոկիսոնի գավ–ը հայկական էր։ Այդ ժամանակներից էլ ուժեղանում է հայերի հոսքը դեպի Մարաշ և շրջակայքը։ Խաչակրաց արշավանքների շրջանում Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։ Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի դաշտը, որտեղ մշակում էին ցորեն, բրինձ, բամբակենի, ոռոգվում էր 7 գետակներով։ Բացի երկրագործությունից և պտղաբուծությունից, Մարաշի հայերն զբաղվել են արհեստներով (փայտագործություն, գուլպայագործություն, կաշեգործություն, ներկարարություն, կոշկակարություն, մուշտակագործություն, կահույքագործություն) և վաճառականությամբ։ 1890-ական թթ այստեղ կային 1900 խանութ, 7 իջևանատուն, 11 բաղնիք, 281 արհեստանոց, 2 օճառի տնայնագործական ձեռնարկություն, 11 փուռ։ Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս.Ստեփանոս, Ս. Քառասուն մանկունք են), որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրեին Մարաշում գործող նշանավոր վարժարանները Ազգային կեդրոնականը և Հ.Մալճյանինն էին։ Ուներ ճեմարան, բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ Այստեղ լույս է տեսել «Ճշմարտություն» (1919) պարբերականը։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր։
Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը և Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրականի Վարագի հետ։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարաշում են ծնվել հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ, Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Գերսամ Ահարոնյանը (1916), մշակութային գործիչ Գրիգոր Ասթարճյանը (1888), պատմաբան Հարություն Աստուրյանը (1880), արևելագիտության դոկտոր, պրոֆ Ավետիս Սանճյանը (1921), աշուղներ Արմենակ Արըգյանը (1865), Հարություն Արըգյանը (1870 - 1918)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 721 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաշ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 297)։ |