Հորդանես (ծննդյան թիվն անհայտ - 551 թվականից հետո, Բյուզանդիա, լատին․՝ Iordanes կամ Iordanis), գոթական 6-րդ դարի պատմագիր։ Երբեմն սխալմամբ անվանում են Յորնանդ։
Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Հորդանեսը եղել է նոտար կամ ինչ-որ պաշտոնյա Փոքր Սկյութիայի տարածքում՝ ունենալով Բյուզանդիայի դաշնակցի կարգավիճակ։ Պատմաբանների մեկ այլ խումբ կարծում է, որ Հորդանեսը եղել է օստգոթական մի տոհմի քարտուղարը։ Կան նաև ենթադրություններ, որ նա հոգևոր միաբանության անդամ էր։ Կան տվյալներ, որ նա եղել է Կրոտոնեի եպիսկոպոսը։ Իսկ որոշ ուսումնասիրողներ էլ պնդում են, որ նա հայրական գծով ալան էր։
Հորդանեսի աշխատություններից մեկը՝ «Համառոտ ժամանակագրություն» (լատին․՝ De adbreviatione chronicorum, De origine actibusque Romanorum) նվիրված է ոմն Վիգիլիոսի, որը, հավանաբար, այդ ժամանակվա (537-555 թթ.) Հռոմի Պապն է։ Այս աշխատությունը համաշխարհային պատմության համառոտագրությունն է և հասցված է մինչև իր ժամանակակից Հուստինիանոս Ա կայսեր իշխանության տարիները։
Սակայն նրա աշխատություններից առավել հետաքրքրություն է ներկայացնում «Գեթերի ծագման և գործերի մասին» (լատին․՝ De origine actibusque Getarum) երկը, որը կրճատ կերպով հայտնի է «Getica» վերնագրով։ Գեթերը թրակիական հնագույն ռազմաշունչ ցեղ էին, որոնք Հերոդոտոսի օրոք ապրում էին Բալկանների և Դանուբի միջև։ Այս ստեղծագործությունը գոթերի պատմությունն է՝ մինչև օստգոթերի անկումը Իտալիայում։ Այս աշխատությունը, ըստ մի շարք ուսումնասիրողների, արժեքավոր է նրանով, որ այն գրելիս Հորդանեսն օգտվել է մեզ չհասած աղբյուրներից, հատկապես 5-րդ դարում ապրած Պրիսկոս Պանիոնացու «Բյուզանդիայի պատմությունը և Աթիլլայի գործերը» և 6-րդ դարի հռոմեացի պատմագիր Կասսիոդորի «Գոթերի պատմություն» ստեղծագործություններից։ Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Հորդանեսի «Getica»-ն Կասսիոդորի աշխատության շարունակությունը կամ լրացումն է։ Ժամանակակից հետազոտողների ուշադրությունը գրավում է ոչ այնքան Հորդանեսի պատմագրական շարադրանքը, որքան գոթերի «հնագույն երգերի» հիշատակությունը, որոնց միջոցով պատմագիրը հիմնավորում է գոթերի հնագույն ժողովուրդ լինելը։
Ըստ ռուս պատմաբան Նիկոլայ Օսոկինի՝ Հորդանեսի «Գոթերի պատմությունն» խիստ արժեքավոր է նրանով, որ հեղինակը մեծապես օգտվելով օգտագործել է գոթերի բանահյուսությունը, և ոչ միայն մեզ է ավանդել գերմանական ցեղերի ժողովրդական ստեղծագործությունները, այլև ցույց է տվել, թե որքան կարևոր է այդպիսի աղբյուրը՝ որևէ ժողովրդի պատմության համար։ Հորդանեսի աշխատության մեջ երևում է, թե որքան հայրենասեր է հեղինակը, որը թեև փայլուն տիրապետում է լատիներենին, քիչ թե շատ ծանոթ է դասական մատենագիրներին, սակայն արհամարհում է հռոմեական ամեն ինչը։
Mierow, Charles Christopher, The Gothic History of Jordanes: In English with an Introduction and a Commentary, 1915. Reprinted 2006. Evolution Publishing, ISBN 978-1-889758-77-0. [1]
Carlo Troya (1842). Storia d'Italia del medio-evo (in Italian). Tip. del Tasso stamp. reale. pp. 1331–. Retrieved 5 April 2013.
Kulikowski, Michael, Rome’s Gothic Wars, p. 130.
Arne Søby Christensen, Cassiodorus, Jordanes, and the History of the Goths. Studies in a Migration Myth, 2002, ISBN 978-87-7289-710-3
Иорданес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Марийская биографическая энциклопедия / Сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2007. — С. 152. — 486 с. — 2032 экз. — ISBN 5-87898-357-0.