Կորիզանյութ
Կարիոպլազմա կամ կորիզանյութ (հունարեն karyos—կորիզ և պլազմա), կարիոլիմֆա, բջջակորիզի պրոտոպլազմա, որը շրջապատող ցիտոպլազման վրայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կարիոպլազման բջջակորիզի պարունակությունն է, կիսահեղուկ նյութ է՝ կոլոիդ լուծույթ, որի մեջ են քրոմատինը, կորիզակը, ներկորիզային մատրիքսը, ածխաջուր, ֆերմենտներ, հանքային աղեր և այլն։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիզանյութը կենդանի բջիջներում երևում է որպես անգույն, միապաղաղ զանգված։ Չբաժանվող բջիջներում, ներկված նյութերի վրա կորիզանյութը դիտվում է որպես երկար թելիկներից հյուսված ցանց, որը գրավում է կորիզի ամբողջ խոռոչը։ Այդ թելիկները քրոմոսոմներն են. դրանք չբաժանվող բջիջներում առանձին-առանձին տեսնել կամ հաշվել հնարավոր չէ։ Այսպիսով, կորիզանյութը բարակ թելիկների ցանց է, որը կազմում է կորիզային կմախք, նրա օղակներում, ծալքերում տեղավորված են քրոմատինի կույտեր և կորիզակներ[1]։
Բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիզանյութի բաղադրության մեջ կան՝
- քրոմատին
- սպիտակուցներ
- նուկլեինաթթուներ
- ֆերմենտներ
- ածխաջուր
- հանքային աղեր
- ցածր մոլեկուլյար նյութեր
Կորիզահյութը իր քիմիական բաղադրությամբ նման է ցիտոպլազմային, սակայն նրանում կան ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ։ Նրանում են գտնվում նաև բջջակորիզի ֆերմենտների մեծ մասը։ Կորիզահյութի ֆերմենտներն ու կոֆերմենտներն ապահովում են ի-ՌՆԹ-ի սինթեզը՝ տրանսկրիպացիան։ Կորիզանյութում կան նաև ֆերմենտներ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում են՝ կատալիզում են նյութափոխանակության գործընթացները։ Ցածր մոլեկուլյար նյութերը բարձր մոլեկուլյար նյութերի՝ պոլիմերների համար ելանյութ են ծառայում։ Կորիզահյութը պարունակում է քրոմատին, որը ներկվում է տարբեր գույներով՝ կարմիր, հետամոքսիլին։ Քրոմատինը իր քիմիական կազմով ներկայացնում է սպիտակուցներին միացած ԴՆԹ, որը դիտվում է որպես մանրահատիկավոր կազմությամբ միատարր նյութ։ Դա այն ելանյութն է, որից բջիջների բաժանման ժամանակ ձևավորվում են քրոմատինը[1][2][3]։
Ֆունկցիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիզահյութի ֆունկցիաներն են՝
- բջջակորիզի կառուցվածքային մասերի՝ քրոմատինի և կորիզակի միջև փոխկապակցության պահպանումն է
- հենարան է բջջակորիզի բաղադրամասերի համար
- ի-ՌՆԹ-ի սինթեզի ապահովում
- միջավայրի ապահովում կորիզակի և քրոմատինի համար[1][2][3]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 111-112
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 323)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորիզանյութ կատեգորիայում։ |