Jump to content

Կոհերենտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոհերենտություն (լատին․՝ cohaerens (cohaerentis)՝ կապի մեջ գտնվող), համաձայնեցումը մեկից ավելի աղբյուրների առաջացրած տատանումները բնութագրող միևնույն մեծությունների (օրինակ, փուլերի) միջև ժամանակի որևէ պահին կամ միևնույն աղբյուրի առաջացրած տատանումները բնութագրող տարբեր մեծությունների միջև՝ ժամանակի տարբեր պահերին։

Ալիքային պրոցեսներում կոհերենտությունը դրսևորվում է ինտերֆերենցիայի դեպքում։ Տատանումները կոչվում են կոհերենտ, եթե դրանց փուլերի տարբերությունը ժամանակի ընթացքում հաստատուն է մնում և որոշում է վերադրումից ստացվող արդյունարար տատանման ամպլիտուդը։ Միևնույն հաճախականության երկու ներդաշնակ տատանումները միշտ կոհերենտ են։ Այն դեպքում, երբ տատանումների ամպլիտուդը, հաճախականությունը և փուլը պատահականորեն փոփոխվում են ժամանակի ընթացքում, գումարման արդյունքը կախված է լինում փուլերի տարբերության փոփոխման արագությունից։ Երբ երկու տատանումների փուլերի տարբերությունը փոխվում է բավական դանդաղ, տատանումները կոհերենտ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ փուլերի տարբերությունը չի դառնում 15-ի կարգի։ Այդ ժամանակահատվածը կոչվում է ոչ մեներանգ տատանման կոհերենտության ժամանակ կամ կոհերենտության ալիքաշարի (ցուգի) տևողություն։

Ալիքային պրոցեսների դեպքում տարբերում են

  • ժամանակային
  • տարածական կոհերենտություններ։

Ժամանակային կոհերենտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակային կոհերենտությունը կապված է ալիքների մեներանգության աստիճանի հետ և հիմնականում վերաբերում է հարթ ալիքին։

Տարածական կոհերենտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիքի տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ ալիքի կոհերենտության հատկությունները նկարագրելու համար օգտագործվում է տարածական կոհերենտություն հասկացությունը։ Ալիքաշարի երկարության և տրամագծով շրջանի մակերեսի արտադրյալը ընդունված է անվանել կոհերենտության ծավալ։ Ջերմային աղբյուրների տարածական կոհերենտությունն սահմանափակվում է աղբյուրից ընդամենը մի քանի ալիք հեռավորությամբ, պատճառն այն է, որ մարմնի տարբեր մասեր ճառագայթում են միմյանցից անկախ։ Արդյունքում մեներանգ ալիքի փոխարեն առաքվում է ալիքների մի ամբողջ համախումբ։ Աղբյուրից հեռանալիս ալիքը դառնում է ավելի ու ավելի հարթ։ Դա թույլ է տալիս դիտել աստղերի լույսի ինտերֆերենցիան, չնայած դրանք ջերմային աղբյուրներ են։ Լազերային ճառագայթման տարածական կոհերենտության պահպանվում է փնջի ամբողջ կտրվածքով, որովհետև ակտիվ նյութի ամբողջ ծավալից տեղի է ունենում լույսի համաձայնեցված, ստիպողական ճառագայթում։ Լազերների կոհերենտության ծավալը մոտ 1017 անգամ գերազանցում է նույն ինտենսիվության ոչ լազերային աղբյուրների կոհերենտության ծավալը։ Գործնականում ոչ լազերային աղբյուրների օգնությամբ կոհերենտ ալիքներ ստանալու համար լույսի փունջը կիսում են երկու մասի և տարբեր ճանապարհներով ուղղելուց հետո միաբերում են նույն կետում, որտեղ և իրագործվում է դրանց վերադրումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 529