Կարդո
Կարդո (լատին․՝ cardo, cardus, առանցք), հին հռոմեական կանոնավոր հատակագծված քաղաքներում և ռազմական ճամբարներում հյուսիսից հարավ ձգվող փողոց՝ ի տարբերություն արևելքից արևմուտք ուղղությամբ փողոցի՝ կարդոյին ուղղահայաց դեկումանուսի։ Որոշ քաղաքներ ունեին մեկից ավելի կարդո և դեկումանուս. Հերկուլանումն ուներ երեք կարդո և վերին ու ներքին դեկումանուսներ։
Քաղաքի գլխավոր կարդոն կոչվում էր Կարդո Մաքսիմուս (լատին․՝ Cardo Maximus) և որպես կանոն հանդիսանում էր քաղաքի գլխավոր փողոցն ու տնտեսական կյանքի կենտրոնը։ Կարդո Մաքսիմուսը սովորաբար ձգվում էր քաղաքի կենտրոնով, միացնում էր քաղաքի գլխավոր դարպասները և երկու կողմերից հաճախ եզերված էր լինում սյունաշարով։ Մեջտեղում հատվում էր Դեկումանուս Մաքսիմուսի հետ։ Հատման մոտակայքում էր սովորաբար գտնվում ֆորումը։ Հռոմեական քաղաքների մեծ մասն ուներ ուղղանկյուն հատագիծ և կառուցվում էր Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուս Մաքսիմուսի խաչմերուկի շուրջ։
Հին Հռոմում կանոնավոր հատակագծումը եղել է իշխող սկզբունք (Պոմպեյ, Տիմգադ, Օստիա և այլն)։ Կարդոյի և դեկումանուսի շուրջ քաղաքի կառուցումը, որպես քաղաքաշինական սկզբունք, փոխառվել է կաստրայի` զինվորական ճամբարի հատակագծումից` կիրառվելով Հին Հռոմի ամբողջ պատմության ընթացքում։ Հռոմի պետական և զինվորական հստակ կացութաձևն իր դասական արտահայտությունն է ստացել ճամբարի կանոնավոր, ռացիոնալ հատակագծման մեջ։ Հարթ տեղանքի վրա խրամատների և հողակույտերի միջոցով պատնեշում էին ուղղանկյուն տարածք, որի առանցքները տեղադրված էին ըստ աշխարհի կողմերի։ Այսպիսի կողմնորոշումը շեշտվում էր փոխուղղահայաց երկու ճանապարհներով (կարդո և դեկումանուս), որոնց հատման հանգույցում հրապարակն էր՝ ընդհանուր ժողովատեղին, վարչական և պաշտամունքային կենտրոնը։ Այստեղ էին զորահրամանատարների, քրմերի վրանները, զորարշավային զոհասեղանը, գանձատները և այլն։ Ճամբարը հատվում էր մի շարք ավելի նեղ փողոցների կանոնավոր ցանցով։ Նվաճված կարևոր տարածքների կենտրոններում կառուցվում էին մշտական ճամբարներ, որոնք Հռոմի տիրապետության պատվարներն էին։ Դրանք արդեն քարաշեն պարսպով, զորանոցներով և այլ շինություններով ամրություններ էին, որոնք բարեկարգ ճանապարհներով կապվում էին մետրոպոլիսներին։ Մշտական ճամբարները, հետզհետե կառուցապատվելով շրջակա բնակելի տներով (զինվորների ընտանիքների, արհեստավորների և առևտրականների)՝ դառնում էին նորաստեղծ քաղաքների կորիզը։ Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի բազմաթիվ քաղաքներ ծագել են հռոմեական ճամբարներից, և դրանցից շատերում Կարդո Մաքսիմուսն ու Դեկումանուս Մաքսիմուսն այսօր էլ պահպանում են քաղաքի գլխավոր պողոտաների դերն ու գործառույթը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հռոմեական կարդո Բեյթ Շեանում (Իսրայել)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 316)։ |