Կանոնական գրքեր
Կանոնական գրքեր, Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի։ Հին և Նոր կտակարանների Կանոնական գրքերի կազմում են Աստվածաշնչի Կանոնը։ Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերը բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկական կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի։ Կանոնական գրքերի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան գրերի գյուտը և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է հունարեն և ասորերեն։ Հայերեն թարգմանության Աստվածաշնչի կանոնական գրքերի առաջին ցանկը տվել է Կորյունն իր «Վարք Մաշտոցի» երկում։ Նրանից հետո Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Այրիվանեցի, Գրիգոր Որդի Աբասա, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ)։ Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768 թվականի Պարտավի եկեղեցական ժողովը՝ Սիոն Ա Բավոնեցու ձեռամբ։
Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական։ Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում։ Ըստ Մ. Օրմանյանի՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված կանոնական գրքերի մասին։ Դարերի ընթացքում գրքերի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ։ Ներկայիս հայկական կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք)։
Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39 կանոնական գրքից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը։ Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար։ Հայկ. երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում։ Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն։ Դրանք են՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք, Հեսու, Դատավորներ, Հռութ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու, Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել (տես նաև Աստվածաշունչ հոդվածի Կանոն մասը)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 474 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боговдохновенность Священного Писания // Православная Богословская Энциклопедия. Том 2. Издание Петроград. Приложение к духовному журналу «Странник» за 1901 г.
- Брюс М. Мецгер КАНОН НОВОГО ЗАВЕТА. Происхождение, развитие, значение Արխիվացված 2012-01-01 Wayback Machine Пер. с англ. Давид Гзгзян. Научный ред. Андрей Десницкий. Редактор Наталья Трауберг. (Год изд. не указан, (C) Bruce M. Metzger, 1987 (C) ББИ, 1998)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 140)։ |
|