Jump to content

Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն
Partito Nazionale Fascista
Տեսակկուսակցություն
ԵրկիրԻտալիա Իտալիայի թագավորություն
ԱռաջնորդԲենիտո Մուսոլինի
Հիմնադրվածնոյեմբերի 9, 1921
Լուծարվածհուլիսի 27, 1943
ԳաղափարախոսությունԻտալական ֆաշիզմ
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
Կրոնքաթեիզմ
Պաշտոնական գույն(եր)կանաչ, սպիտակ, կարմիր
Օրհներգ«Երիտասարդություն»
ՇտաբՄիլան, Իտալիայի թագավորություն և Palazzo della Farnesina, Հռոմ, Իտալիա
ՆախորդFasci Italiani di Combattimento?
ՀաջորդՀանրապետական ֆաշիստական կուսակցություն
Խորհուրդ6 000 000 անդամ (1939)
 Partito Nazionale Fascista Վիքիպահեստում

Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն (իտալ.՝ Partito Nazionale Fascista), աջակողմյան արմատական և ծայրահեղական քաղաքական կուսակցություն Իտալիայի թագավորությունում, որը հիմնադրվել է 1921 թվականին՝ իտալացի ազգայնական գործիչ Բենիտո Մուսոլինիի կողմից՝ ֆաշիստական գաղափարախոսությունը տարածելու նպատակով։ Ֆաշիստական կուսակցությունը հաջորդել է նույն Մուսոլինիի գլխավորած «իտալական պայքարի միության»-ը։

Հենց հիմնադրման տարուց ի վեր կուսակցությունը մանդատներ է ձեռք բերել Իտալիայի խորհրդարանում, իսկ արդեն 1924 թվականին դարձել խորհրդարանական մեծամասնություն։ 1928 թվականին դարձել է երկրի միակ օրինական կուսակցությունը (քաղաքական այլ ուժերի գործունեությունն արգելվել է)։ Կուսակցության դիրքերը խարխլվել է 1943 թվականին՝ Մուսոլինիի վարչակազմի անկմանը զուգընթաց։ Ներկայումս, ազգային ֆաշիստական կուսակցության գործունեությունը օրենսդրորեն արգելված է («Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրություն», անցումային և եզրափակիչ դրույթներ, 12-րդ գլուխ)։

1919 թվականին Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ Միլանում ստեղծվում է այսպես կոչված «իտալական պայքարի միություն»-ը, որը արագորեն տարածվում է Իտալիայի մյուս երկրամասերում, որտեղ էլ ստեղծվում են տեղական մասնաճյուղեր (ֆաշիոներ)։ Այդ շրջանում Մուսոլինին առաջնորդվում էր ձախակողմյան դիրքորոշմամբ[1]։ 1921 թվականի մայիսին կայացած ընտրություններում Մուսոլինին հանդես է գալիս ի սատար լիբերալ կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Ջովաննի Ջոլիտտիին։ Արդյունքում, Մուսոլինիի գլխավորած կուսակցությունից 35 պատգամավորներ ստանում են մանդատներ Իտալիայի խորհրդարանում։

Նոյեմբերի 7-10-ն ընթացող կուսակցական երրորդ համաժողովի ժամանակ որոշում է ընդունվում քաղաքական ուժի անվանափոխման վերաբերյալ։ Այսպիսով՝ նոյեմբերի 9-ին միությունը վերածվում է ազգային ֆաշիստական կուսակցության։ Մեկ տարի անց՝ 1922 թվականին, հազարավորր քաղաքացիներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Հռոմ՝ աջակցելու ազգային ֆաշիստական կուսակցությանը։ Շուտով տեղի է ունենում Մուսոլինիի հանդիպումը թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ի հետ, որից հետո ֆաշիստական կուսակցության առաջնորդը նշանակվում է Իտալիայի վարչապետ՝ իր ձեռքն առնելով երկրի կառավարությունը։ Բուրժուական վարչակարգի սոցիալական հենարանն ընդլայնել փորձող Ջովաննի Ջոլիտտին այս ամենից հետո ընդունում է ընդդիմադիր կեցվածք։ 1923 թվականին խորհրդարանն ընդունում է «Աչերբո» օրենքը, որն ամբողջովին կոչված էր վերաձևելու գործող ընտրական համակարգը։ Ըստ այդ օրենքի՝ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունն ինքնաբերաբար պետք է ստանար պատգամավորական պալատի մանդատների 66 տոկոսը։ Հաջորդ տարում տեղի ունեցած ընտրություններում ֆաշիստական կուսակցությունը վստահ հաղթանակ է տանում՝ ստանալով քվեների 63 %-ը։

Հուլիսին, սոցիալիստական խմբակցության պատգամավորներից Ջակոմո Մատեոտին առևանգվում և սպանվում է ֆաշիստական կուսակցության կողմնակիցների կողմից։ Այս իրադարձությունը երկրում առաջ է բերում քաղաքական ճգնաժամ։ Հունվարի 3-ին Մուսոլինին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ վարչակարգի թշնամիների նկատմամբ կկիրառվեն ավելի կոշտ պատժամիջոցներ։ 1920-ական թվականներին ավտորիտար վարչակարգն աստիճանաբար ավարտվում է, որի առանցքային տարրը դառնում է միակողմանի համակարգը։ Կուսակցական առաջնորդները ստանում են պետական լիազորություններ։ Այս պայմաններում 1928 թվականին ազգային ֆաշիստական կուսակցությունը դառնում է Իտալիայի քաղաքական դաշտի միակ և աջակողմյան կուսակցություն։ Նույն տարում երկրում հաստատվում միակուսակցական համակարգ (մյուս կուսակցությունների գործունեությունն արգելվում է)։

1934 թվականին անցկացվում են հերթական խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ ևս Մուսոլինին ընտրվում է բացարձակ մեծամասնությամբ (99 %)։ 1939 թվականին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի նախօրեին Իտալիան դաշինք է կնքում նացիստական գաղափարախոսությամբ զարգացող գերմանական Երրորդ Ռայխի հետ։ 1943 թվականի հուլիսին դաշնակիցների զորքերը Սիցիլիայից ներխուժում են մայրցամաքային Իտալիա և պարզ է դառնում, որ ֆաշիստական կուսակցությունն Իտալիայում այլևս չի կարող երկար կյանք ունենալ։ Հռոմի պաշարումից հետո Բենիտո Մուսոլինին հեռացվում է վարչապետական աթոռից և թագավորի հրամանով նա ձերբակալվում է (հետագայում՝ մահվան դատապարտվում)։ Նոր վարչապետ գեներալ Բադալյոն պաշտոնապես արգելում է ֆաշիստների գործունեությունն Իտալիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]