Թանաքաձուկ (լատին․՝ Sepia), տասնոտանիների կարգի գլխոտանի փափկամորթների սեռ։ Մարմինը երկարավուն է (մինչև 25 սմ), բաժանված գլխի և իրանի։ Կողքերին ունի լողակներ, բերանի շուրջը՝ ութ «ձեռքեր», որոնք կրում են ծծիչներ։ Ծայրերում լայնացած երկու ավելի երկար «ձեռքերը» ծառայում են որսը բռնելուն։ Իրանը ծածկված է թիկնոցով, որի տակ գտնվում է խեցին։ Թանաքագեղձի (ուղիղ աղիքի հավելված) արտադրած սեկրետը՝ սեպիան, ինքնապաշտպանության միջոց է, ջուրը գունավորում է և ապակողմնորոշում թշնամուն։ Վարում է հատակային կյանք, լողում է դանդաղ։ Ապրում է տաք և արևադարձային ծովերում։ Միսն օգտագործվում է որպես սննդանյութ։ Թանաքագեղձի սեկրետը կիրառվում է գեղանկարչության մեջ որպես կայուն, մուգ դարչնագույն ներկանյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 138)։