Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող 60-170 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս, շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, որի հետևանքով դրանց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթու) ներթափանցում է մաշկ` առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով՝ երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսն աճում է ստվերոտ վայրերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։
Եղինջը դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ 2 տարի։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։
Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդեսը և Պլինիոսը նշել են եղինջի` արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ` հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամաքարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով` մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով` եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում[1][2][3]։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից՝ կանաչ, իսկ կոճղարմատից՝ դեղին ներկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 506)։