Բարսեղ Կեսարացի կամ Բարսեղ Մեծ (հուն․՝ Μέγας Βασίλειος կամ Βασίλειος Καισαρείας, 329[1][2][3][…], Կեսարիա, Թուրքիա[3] - 379[4][3], Կեսարիա, Թուրքիա), ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետ, ընդհանրական եկեղեցու տասներկու մեծ վարդապետներից մեկը, Հայ Առաքելակն Եկեղեցու և համաքրիստոնեական սուրբ, աստվածաբան, Կապադովկիայի Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս (370 թ-ից), եկեղեցական գործիչ և գրող։ Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը, Գրիգոր Նյուսացու և Գրիգոր Նազիանզացու հետ մեկտեղ մտնում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակի մեջ։ Նրան է վերագրվում պատկերակալի հայնագործումը և իր անունը կրող պատարագի կազմումը։ Հեղինակ է մեկնությունների, դավանաբանական գործերի, ճառերի, ներբողների, քարոզների, զրույցների ու նամակների (մեզ է հասել 360-ից ավել նամակ)։
Բարսեղ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել V դարից («Վեցօրեայք», «Պատարագամատոյցք», կանոններ, աղոթքներ)։ «Գիրք հարցողացը», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում[7]։ Հայ միջնադարյան հեղինակները Բարսեղ Կեսարացու գործերը ընթերցողին առավել հասկանալի դարձնելու համար գրել են դրանց մեկնաբանություններ (հայտնի են «պատճառ» կամ «լուծմունք» անուններով)։ Կեսարացու ստեղծագործություններից մեջբերումներ են կատարել իրենց մեկնողական և դավանաբանական բնույթի երկերում Վարդան Արևելցին («Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ»), Անանիա Սանահնեցին («Հակաճառութիւն»), Վարդան Այգեկցին («Արմատ հաւատոյ») և այլն։ Կեսարացու ճառերից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 337)։