Բազմահամադրական լեզուներ
Բազմահամադրական լեզուներ (այլ անվանումը՝ ներմարմնավորյալ լեզուներ), լեզուներ, որոնց մեջ շարահյուսական կապերը արտահայտվում են մեկ ձևաբանական ամբողջության մեջ՝ բառակապակցություների գլխավոր անդամի և նրան վերաբերող ստորադաս անդամների միավորման եղանակով։ Բազմահամադրական լեզուներում նախադասությունը կազմվում է բառերի ու քերականական մասնիկների համադրումով և ներկայացնում է յուրահատուկ բարդ բառ (բառաբաղադրություն), որի բաղադրիչներն ըմբռնվում են նաև որպես նախադասության անդամներ։ Նախադասությունից դուրս ինքնուրույն բառ գոյություն չունի։ Նախադասության սկզբում դրվում է ենթական (դեմքի ցուցիչը), վերջում՝ ստորոգյալը, իսկ նրանց միջև ներմարմնավորվում են պարագաները և խնդիրները՝ իրենց որոշիչներով։ Օրինակ՝ չուկոտերեն տը-կաա-նըմը-րըկըն՝ «ես գեր եղջերուներ եմ սպանում» (բառացի՝ «ես-ճարպ–եղջերու–սպանություն – անում») նախադասության մեջ հիմնական միտքն արտահայտվում է տընըմըրըկըն, որի մեջ ներմարմնավորվում են կապ «եղջերու» և նրա որոշիչը՝ ատա «ճարպ» անվանական հիմքերը։ Բազմահամադրական են համարվում մի շարք ամերիկյան հնդկացիական (տակելմա, պայուտ, յան, ցիմշիան ևն) և հնասիական լեզուներ (չուկոտերեն, կորյակերեն, իտելմեներեն, յուկագիրերեն և այլն), որոնք իրարից տարբերվում են բազմահամադրական տարրերի դրսևորումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 212)։ |