Անրի Վիյոտան
Անրի Վիյոտան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Henri François Joseph Vieuxtemps |
Ի ծնե անուն | ֆր.՝ Henri François Joseph Vieuxtemps |
Ծնվել է | փետրվարի 17, 1820[1][2][3][…] Վերվիե, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] |
Երկիր | Բելգիա |
Մահացել է | հունիսի 6, 1881[1][2][3][…] (61 տարեկան) Ալժիր, Ֆրանսիա[6] կամ Mustapha-Superieur, Sidi M'Hamed District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Ամուսին | Josephine Eder?[7] |
Henri Vieuxtemps Վիքիպահեստում |
Վիյոտան Անրի (ֆր.՝ Henri Vieuxtemps, փետրվարի 17, 1820[1][2][3][…], Վերվիե, Վերվիե, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] - հունիսի 6, 1881[1][2][3][…], Ալժիր, Ֆրանսիա[6] և Mustapha-Superieur, Sidi M'Hamed District, Ալժիր, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5]), բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։
Շ․ Բերիոյի աշակերտը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիյոտանի հայրը եղել է սիրողական մակարդակի ջութակահար և կիթառի վարպետ։ Տղայի մեջ երաժշտական ընդունակություններ նկատելով` սկսել է սովորեցնել նրան նվագել ջութակ։ Արդեն չորս տարեկանում տղան մասնակցում էր տնային համերգներին։ Մի փոքր ուշ գրել է իր առաջին ստեղծագործությունը` «Աքաղաղի երգը»։ Անրիի հայրը, հասկանալով, որ իր գիտելիքները բավարար չեն, սկսեց փնտրել իր տղայի համար պրոֆեսիոնալ ուսուցիչներ։ Մ. Ժենենի շնորհիվ տղան շարունակեց սովորել Լ. Ժ. Լեկլու-Դեժոնկայի մոտ, ով պրոֆեսիոնալ ջութակահար էր Վերվյեից։ 1827 թվականի ապրիլի 18-ին Անրին ներկայացավ Վերվեյում` «Վոկալ և գործիքային մեծ համերգին»։ Դրան հաջորդեցին շրջագայությունները Բելգիայի և Հոլանդիայի քաղաքներով։ Պատանի երաժիշտը դեպի իրեն հրավիրեց հայտնի ջութակահար Շառլ Բերիոյի ուշադրությունը, ով տղայի համար ձեռք բերեց Նիդերլանդների թագավորի կրթաթոշակ և վերցրեց իր հետ Բրյուսել, իսկ ավելի ուշ` Փարիզ։ Վիյոտանի առաջին համերգը Փարիզում տեղի ունեցավ 1829 թվականին։
1833 թվականին Վիյոտանը սկսում է իր շրջագայությունները` արդեն իսկ սկզբում արժանանալով հիացական արձագանքների։ Ռոբերտ Շումանը նրա մասին գրում է. «Երբ խոսում ես Վիյոտանի մասին, ակամա մտածում ես Պագանինիի մասին։ Առաջին նոտայից մինչև վերջինը թվում է, թե մենք կանգնած ենք կախարդված շրջանի մեջ, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ։»[8]։ Որոշ ժամանմակ ապրելով Վենայում` նա երաժշտության տեսության դասեր է առնում Սիմոն Զեխտերայից, իսկ 1835 թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կատարելագործվում է որպես կոմպոզիտոր Անտոնին Ռեյխայի մոտ։ Պատանի Վիյոտանին Ռեյխան բնութագրում է այսպես. «Անրի Վիյոտան որդին, որպես ջութակահար, արդեն տիրապետում է գերազանց տաղանդի, նաև շնորհված է երաժշտական ստեղծագործական հոյակապ տվյալներով, որոնց երևան գալու համար անհրաժեշտ է միայն ժամանակ և համապատասխան օգնություն, և այդ տվյալներով հետագայում նա հայտնի կդարձնի իր երկիրը։»։ Այդ ժամանակին են վերաբերում Վիյոտանի առաջին խոշոր ստեղծագործությունները` fis-moll կոնցերտը` հրատարակված որպես №2, և E-dur` հայտնի որպես Առաջին կոնցերտ, ինչպես նաև ֆանտազիաները, հատկապես Ֆանտազիա-կապրիսը և «Հիշողություններ Ռուսաստանից» ֆանտազիան։ Որոշ ստեղծագործություններ գրվել են համահեղինակ թավջութակահար, Վիյոտանի հայրենակից և ընկեր Ֆրանսուա Սերվեի հետ։
1844 թվականին Վիյոտանը ամուսնանում Վենացի դաշնակահար Ժոզեֆինա Էդերի հետ։ Հետագայում նա միշտ ուղեկցել է ամուսնուն համերգային ճանապարհորդությունների ժամանակ և հաճախ ներկայացել է որպես նրա կոնցերտմայստեր։ Հաջորդ տարում Անրի Վիյոտանը Ֆրանսուա Ֆետիսի, Շառլ Խանսենսի և իր ուսուցիչ Շառլ Բերիոյի հետ ընդունվում է Բելգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արվեստի բաժին` որպես պատվավոր անդամներ։
1846 թվականից ապրել և աշխատել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ դասավանդում էր և զբաղեցնում էր Իշխանական թատրոնի սոլիստի պաշտոնը։ Ռուսաստանում աշխատելով յոթ տարի, հորինելով մի շարք երգեր և գրելով Չորրորդ կոնցերտը` Վիյոտանը վերադառնում է Փարիզ և շարունակում ակտիվ համերգային գործունեությունը։ Ջութակահարի մեծ թվով համերգային շրջագայություններ անցակցվեցին ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Թուրքիայում և Ամերիկայում։
1866 թվականին Վիյոտանը զրկվում է հորից, իսկ 1868 թվականին նաև կնոջից։ Ապրումները և հոգնեցուցիչ շրջագայությունները ազդեցություն են թողնում Վիյոտանի առողջության վրա։ Նա որոշում է կրճատել համերգային գործունեությունը և զբաղվել մանկավարժությամբ։ 1871 թվականին Վիյոտանը պրոֆեսորի պաշտոն է ստանում Բրյուսելի կոնսերվատորիայում։ Իր աշակերտների մեջ ամենահայտնին դառնում է բելգիացի ջութակահար, խմբավար և կոմպոզիտոր Էժեն Իզաին։ 1873 թվականին ինսուլտի, և դրա հետևանքով մարմնի ձախակողմյան մասի կաթվածահարության պատճառով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը։ Մասամբ վերականգնելով առողջությունը` Վիյոտանը, ամեն դեպքում, հրաժարվում է համերգային ջութակահարի կարիերան շարունակելուց, զբաղվում է կոմպոզիացիայով և երբեմն դասավանդելով։ 1878 թվականին ջութակահարը բնակություն է հաստատում Ալժիրում, որտեղ և մահանում է երեք տարի անց` հերթական ինսուլտից։
Վիյոտանը եղել է ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահարներից մեկը։ Նրա երկերին բնորոշ են փայլուն վիրտուոզային ֆակտուրան, դեկորատիվ, գունեղ գրելաձևը։ Գործիքային կոնցերտի ժանրի զարգացմանը նշանակալից ազդեցություն են գործել Վիյոտանի ջութակի 7 կոնցերտները։
Ստեղծագործական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիյոտանը ջութակի համար գրված մեծաքանակ ստեղծագործությունների հեղինակ է, որոնք մինչև այժմ էլ վայելում են մեծ հանրաճանաչություն. յոթ կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, երկու կոնցերտ թավջութակի համար, Մեծ սոնատներ դաշնամուրի և ջութակի համար, սոնատա ալտի և դաշնամուրի համար, Սյուիտներ հին ոճով, ֆանտազիաների շարքեր, վարիացիաների, կոնցերտային էտյուդներ, ռոմանսներ առանց բառերի և այլ պիեսաներ։
Լայն ճանաչում է վայելում Ալյաբևի ջութակի համար գրված հայտնի «Սոխակ» ռոմանսի մշակումը[9]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին Վերվյեում կոմպոզիտորի հիշատակին կանգնեցվել է ճարտարապետ Ռոմբոյի կառուցած հուշարձանը։ Անրի Վիյոտանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Բելգիայում անց է կացվել մրցույթ նրա անվամբ, որը իրականացվում է մինչև այսօր։
Վիյոտանի ջութակը` 1741 թվի Գվարների, վաճառքի է հանվել 2010 թվականին։ Առաջադրված գինը` 18 միլլիոն դոլլար։ Եթե հայտնվի գնորդ, ով պատրաստ է վճարել այդ գումարը, և գործարքը իրականանա, ապա Վիյոտանի գործիքը կդառնա աշխարհի ամենաթանկ գործիքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de Belgique — BXL.
- ↑ 4,0 4,1 4,2 Вьётан Анри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Вьетан, Жозефина (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIIа. — С. 606.
- ↑ Peter F. Ostwald. Schumann: The Inner Voices of a Musical Genius — UPNE, 1987. — P. 108. (անգլ.)
- ↑ «Романс «Соловей», автор Александр Майкапар». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 452)։ |