Jump to content

Ահհոտեպ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահհոտեպ II
Ծնվել է՝մ.թ.ա. 16-րդ դար
Մահացել է՝ոչ վաղ քան մ. թ. ա. 1504
Dra' Abu el-Naga և DB320
ՏոհմՏասնյոթերորդ արքայատոհմ
Pharaoh Queen
ՀայրԱհմոս I
ՄայրԱհմոս-Նեֆերտարի
ԵրեխաներԱհմոս-Սիտկամոս

Ահհոտեպ II (անգլ.՝ Ahhotep II), հին եգիպտական թագուհի, որը հավանաբար եղել է փարավոն Կամոսի մեծ թագուհին[1]։

Տարբեր Ահհոտեպներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում Ահհոտեպ անունով թագուհիների անվանումն ու համարակալումը եգիպտագետների կողմից փոփոխության է ենթարկվել։

Ուշ 19-րդ դարում եգիպտագետներն Ահհոտեպ I-ին համարել են Սեկենենրա Տաայի կինը։ Որոշ փորձագետներ Դեյր էլ-Բահարիում և Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված դագաղները համարել են նրանը։ Բացի այդ, Ահհոտեպ II-ը համարվել է Ամենհոտեպ I-ի կինը, քանի որ Դեյր էլ-Բահարիի գաղտնարանից հայտնաբերված դագաղը պատկանել է Ահհոտեպ II անունը կրող թագուհուն։

1970-ական թվականներին մեկնաբանություններ են տարածվել, թե Դեյր էլ-Բահարիի դագաղի վրա առկա է «Արքայամայր» տիտղոսը, սակայն Ամենհոտեպ I-ը որդի չի ունեցել։ Հետևաբար տիտղոսը վերաբերում է Ահմոս I-ի մորը։ 1982 թվականին Ռոբինսը ենթադրել է, որ Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված ոսկեզօծ դագաղը պատկանել է Ահհոտեպ I-ին։ Ահհոտեպ II-ը Դեյր էլ-Բահարիի դագաղի վրա հիշատակված թագուհին է, իսկ Ահհոտեպ III-ը՝ արքայազն Ահմոսի արձանի վրա հիշատակված թագուհին է[2]։

Ըստ Դոդսոն և Հիլթոնի (2004)՝ Ահհոտեպ I-ը Սեկենենրա Տաայի կինն է ու Ահմոս I-ի մայրը։ Ահհոտեպ II-ն այժմ համարվում է Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված ոսկեզօծ դագաղի տիրուհին ու հավանաբար՝ Կամոսի կինը։ Ահհոտեպ III անունով թագուհի գոյություն չի ունեցել[3]։

Դոդսոնի և Հիլթոնի այս մեկնաբանությունն է օգտագործվել այս հոդվածում։

Ահհոտեպ II-ը համարվում է Կամոսի կինն ու հավանաբար թագուհի Ահմոս-Սիտկամոսի մայրը։ Հնարավոր է, որ Ահհոտեպ II-ը նույնականացվի Ահհոտեպ I անունով հայտնի թագուհու հետ։ Եթե այդպես լինի, ուրեմն նա ամուսնացած է եղել Սեկենենրա Տաայի հետ։ .

«Արքայամայր» տիտղոսը հայտնաբերվել է միայն Դեյր Էլ-Բահարիի դագաղի վրա, ու Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված ոչ մի ուիշ հուղարկավորման պարագայի վրա։ Կարելի է կարծել, որ Ահհոտեպ II-ը փարավոնի կին է եղել, սակայն ոչ փարավոնի մայր, հետևաբար նույն անձը չէ, ինչ որ Ահհոտեպ I-ը[2]։

Ահհոտեպ II-ի դամբարանում հայտնաբերված զարդեր և զենքեր

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահհոտեպ II-ը հուղարկավորվել է Դրա Աբու էլ-Նագայում ու վերահայտնաբերվել 1858 թվականին Օգյուստ Մարիետի բանվորների կողմից։ Դամբարանում եղել են նրա մումիան (ոչնչացվել է 1859 թվականին) ու ոսկե և արծաթե զարդեր։ Պղնձից, ոսկուց, էլեկտրումից ու փայտից պատրաստված փորագիր արարողակարգային կացինը զարդարված է եղել մինոյան ոճի արծվառյուծով։ Ներառված էին երեք ոսկե միաձի կառքեր, որոնցով սովորաբար պարգևատրվում էին բանակում լավ ծառայած ու իրենց արդարացրած մարդիկ։ Մի շարք իրեր կրել են Կամոսի անունը, իսկ ավելի մեծ թվով իրեր փորագրված են եղել Ահմոս I-ի անվամբ[4]։

Ահմոս I-ի անունով արարողակարգային կացին, որը հայտնաբերվել է թագուհի Ահհոտեպ II-ի դամբարանում։ Այս կացինը փառաբանում է Ահմոսի հաղթանակները։ Այն կրում է թագավորի տիտղոսը, ինչպես նաև թագավորի պատկերները, որոնք հարվածում են ասիական թշնամուն և աղոթում երկար տարիների կառավարման համար: 18-րդ արքայատոհմ, Դրա Աբու էլ-Նագա, CG 52645 / JE4673, Լուքսորի թանգարան

Դրա Աբու էլ-Նագայի դագաղի ու դրա հետ կապված բոլոր իրերի վրա եղել են վաղ շրջանի Յահի պատկերագրերը, որոնք փոփոխվել են Ահմոս I-ի կառավարման 18 - 22 տարիների ընթացքում։ Յահի վաղ շրջանի պատկերագրի օգտագործումից կարելի է ենթադրել, որ թագուհի Ահհոտեպ II-ը մահացել է Ահմոս I-ի գահակալության 20-րդ տարուց ինչ-որ ժամանակ առաջ, որն էլ վկայում է, որ այս թագուհին Ահմոսի մայր Ահհոտեպը չէ, որովհետև վերջինս հիշատակվել է Ամենհոտեպ I-ի գահակալությամբ թվագրված մի սալաքարի վրա ու հավանաբար ապրել է մինչև Թութմոս I-ի գահակալությունը[2]։

Այլընտրական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մեյսի Ռոթն առաջ է քաշել այլընտրանքային մեկնաբանություն[2], համաձայն որի՝ Սեկենենրա Տաան ունեցել է երեք թագուհի՝

  • Ահհոտեպ I, որն արքայազն Ահմոսի (ապագա փարավոնի չէ) ու Ահմես անունով մի քանի արքայադուստրերի մայրն է։
  • Սիտջեհուտի, որն Ահմես անունով արքայադստեր մայրն է։
  • Տետիշերի, որը Կամոսի, Ահհոտեպ II-ի ու Ահմոս-Հենուտամեհուի մայրն է։

Այս մեկնաբանության համաձայն՝ Կամոսն ամուսնացել է իր քույր Ահհոտեպ II-ի հետ և ունեցել Ահմոս I-ին, Ահմոս-Նեֆերտարիին ու Ահմոս-Սիտկամոսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aidan Dodson & Dyan Hilton: The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson, 2004, 0-500-05128-3, p.140
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ann Macy Roth, The Ahhotep Coffins, Gold of Praise: Studies of Ancient Egypt in honor of Edward F. Wente, 1999
  3. Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004)
  4. Joyce Tyldesley, Chronicles of the Queens of Egypt. Thames & Hudson: London, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահհոտեպ II» հոդվածին։