Ալիքաչափ, ռադիոալիքների երկարությունը կամ հաճախականությունը չափելու սարք։ Բաժանվում են ռեզոնանսային և հետերոդինային ալիքաչափերի։ Ռեզոնանսային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափման ենթակա աղբյուրի հետ կապված տատանողական համակարգում ռեզոնանսի պահը սևեռելու վրա։ Հիմնական մասերն են՝ լարքի օրգան ունեցող տատանողական համակարգը, կապի տարրը և ռեզոնանսի ինդիկատորը։ Ռեզոնանսային լիքաչափի ճշգրտությունը կախված է արտաքին պայմաններից (ջերմաստիճան, խոնավություն), սանդղակի աստիճանավորման ճշտությունից և, գլխավորապես, ինդիկատորային սարքի զգայնությունից ու տատանողական համակարգի ռեզոնանսային կորի թեքությունից։ Ռեզոնանսային ալիքաչափով կարելի է չափել 0,005-11200 Մհց հաճախականության ալիքներ, ընդ որում չափման ճշգրտությունը կազմում է 0,1–0,01%։ Հետերոդինային ալիքաչափի աշխատանքի սկզբունքը հիմնված է չափվող և նմուշային (բարձր կայունության) հաճախականությունների տատանումների համեմատության վրա։ Կազմված է հաճախականության աստիճանավորված գեներատորից, խառնիչից և ինդիկատորից։ Չափման ճշգրտությունը կախված է հետերոդինից և կազմում է 0,01–0,0001%։ Կարելի է չափել 0,125–11500 Մհց հաճախականության ալիքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 176)։