Jump to content

Գրիգոր Տաթևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:42, 10 Հոկտեմբերի 2008 տարբերակ, Ahairape (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ս. Գրիգոր Տաթևացին Հայ Առաքելական Եկեղեցու մեծահռչակ, տիեզերալույս վարդապետներից է։ Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող նշանավոր քարոզագրքերը, բազմաթին մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։

Կենսագրությունը

Ս. Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունյաց գավառի Վայոց ձորում։ Նրա ծնողները, որոնք կորցրել էին իրենց բոլոր մանկահասակ որդիներին, անդադար աղոթքներով Տիրոջից զավակ էին հայցում՝ դիմելով ս. Գրիգոր Լոսավորչի բարեխոսությանը։ Եվ երբ երեխան աշխարհ եկավ, մկրտության ժամանակ անունը դրեցին Գրիգորիոս։
7 տարեկանում Գրիգորին ուսման տվեցին, և շուտով նա այնքան հմտացավ Սուրբ Գրքի գիտության մեջ, որ պատասխանում էր անգամ վարդապետների հարցերին։ Այնուհետև կրթությունը շարունակեց Տաթևի վանքում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհաննես Որոտնեցուն։
1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն կատարեց Երուսաղեմ և այնտեղ ստացավ կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնեց վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։ Իսկ 1388–ին, իր ուսուցչի մահից հետո, նրա իսկ օրհնությամբ և բոլորի հավանությամբ Գրիգորը դարձավ այդ վանքի առաջնորդը։ Երկու տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադարձավ Տաթևի վանք։
Գրիգոր Տաթևացին արեգակի պես լուսավորում էր Հայ Եկեղեցին։ Նրա մոտ էին գալիս հույն և հռոմեացի ճարտասաններ՝ ունկնդրելու նրա խոսքը, որ փայլում էր կատարյալ իմաստությամբ և գիտությամբ։ Նրան իրավամբ կոչում էին երկրորդ Հովհաննես Ոսկեբերան և Գրիգոր Աստվածաբան։ Ապրում էր նա առաքինի, սրբակյաց և հույժ պահեցող, շարունակ կրում էր մազեղեն հագուստ և պարեգոտի։
Վախճանվելուց առաջ, մահվան մերձենալը զգալով, նա պատարագ մատուցեց, օրհնեց իր աշակերտներին և, գոհանալով Աստծուց, խաղաղությամբ ավանդեց հոգին։

Հղումներ

1. Մանկական քրիստոնեական հանրագիտարան, Երևան, «Արեգ», 1998։