Jump to content

Արմինիայի հակաարաբական ապստամբություններ (8-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Արմինիայի հակաարաբական ապստամբություններ, 8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ։ Դրանք տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ): Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։

8-րդ դարում տեեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տներրի հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

Արմինիա կուսակալության ստեղծումը

7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն: Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք: Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը[1]:

703 թվականի ապստամբությունը

Արաբական տիրապետության դեմ հայ նախարարները առաջին անգամ ապստամբեցին 703 թվականին՝ հայոց իշխան Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ։ Նրանք գումարել էին գաղտնի ժողով և որոշել հեռանալ Բյուզանդիայի սահմանները։ Նրանց երկուհազարանոց հեծելազորը հասավ Ակոռի ավան։ Հեռացող հայերին վերադարձնելու համար նրանց հետապնդելու դուրս եկավ արաբական մի մեծաթիվ զորաբանակ։ Հայկական այրուձին ստիպված եղավ ամրանալ Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում։ Արաբների ներկայացրած հետ վերադառնալու վերջնագրի պատճառով կողմերի միջև ընդհարումն անխուսափելի դարձավ։ Առավոտյան հայկական ուժերը նախահարձակ եղան։ Այրարատյան դաշտի ցրտաշունչ ձմռան գիշերը բաց երկնքի տակ մնացած հակառակորդը, կորցնելով մարտունակությունը, ի վիճակի չեղավ դիմադրելու և ջախջախվեց։ Թշնամու կենդանի մնացած զինվորները շտապեցին անցնել Երասխը։ Սակայն գետը պատած բարակ սառույցը ջարդվեց, ու նրանք ջրասույզ եղան։ Արաբական հինգ հազարի հասնող զինվորներից Վարդանակերտում փրկվեցին միայն 300-ը, այն էլ մի հայ իշխանուհու միջնորդությամբ։ Սմբատ Բագրատունին մի խումբ նախարարների հետ հաստատվեց Տայքում և բանակցություններ սկսեց Բյուզանդական կայսրության հետ արաբների դեմ համատեղ պայքարելու առաջարկով։ Ապստամբները հաջողության հասան նաև Ռշտունիքում և Վանանդում, որտեղ արաբական հրոսակները գլխովին ջախջախվեցին։ Սակայն դրանից հետո սկսված պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդացիները պարտվեցին, իսկ լրացուցիչ ուղարկված արաբական ուժերը ապստամբությունը ճնշեցին։

Բագրատունիների զինանշան

703 թվականին ապստամբությունը թեև արաբների դեմ առաջին զինված ելույթն էր, անհետևանք չանցավ։ Այն հաղթանակի հույսեր արթնացրեց հայերի մեջ և ամրապնդեց հայ զինվորականության մարտական ոգին։ Խալիֆայությունն էլ իր հերթին ստիպված էր առժամանակ վարելու հարաբերական մեղմ ու հանդուրժողական քաղաքականություն։ Նոր նշանակված ոստիկանը երկիրը լքած նախարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ճանաչեց նրանց ժառանգատիրական իրավունքը, ինչն սկզբում արաբները վերացրել էին։ Այնուամենայնիվ, արաբները կարճ ժամանակ անց դաժան հաշվեհարդար տեսան հայ նախարարության հետ՝ իրենց պարտության համար։ Նախճավանում նստող արաբ զորավարը 705 թվականին իր մոտ կանչեց հայ նախարարներին (շուրջ 2 000 մարդ) այրուձիի հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով։ Սակայն նրանց փակեցին Նախճավանի և Խրամ ավանի եկեղեցիներում ու հրկիզեցին[2]:

Կուսակալության քաղաքականությունը և Հայաստանը

Արաբական խալիֆայության ժամանակաշրջանում Հայաստանը կառավարում էր խալիֆայության կուսակալը, որին հայերն անվանում էին ոստիկան: Վերջինս վարում էր զինվորական ու քաղաքացիական գործերը։ Նա հնազանդ պիտի պահեր երկիրը, այն պաշտպաներ արտաքին ուժերի հարձակումներից և ժամանակին հավաքեր հարկերը։ Ոստիկանի նստավայրը Դվինն էր, իսկ 8-րդ դարի վերջերից՝ Պարտավը (Բարդա): Իր տիրապետությունն ամուր պահելու համար Արաբական խալիֆայությունը Հայաստանի քաղաքներում՝ Դվինում, Նախճավանում, Խլաթում, Կարինում, Մանազկերտում, Արճեշում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներում ու բերդերում կայազորներ էր հաստատել։ Նշված հենակետերի մերձակայքում ստեղծվել էին արաբական զգալի բնակչություն ունեցող բնակավայրեր։

Վարչական նշանակալից իրավունքներ ուներ նաև Հայոց իշխանը, որը փաստորեն նրա տեղապահն էր։ Նա նույնպես պարտավոր էր ապահովել հայ նախարարների հնազանդությունը, օգներ հարկերի հավաքմանը։ 8-րդ դարի կեսերից Հայոց իշխանի պաշտոնը սկսեցին գրավել միայն Բագրատունիների ներկայացուցիչները։ Հայոց իշխանին ենթակա էին Հայոց կաթողիկոսը և սպարապետը։ Նրանք իրենց պաշտոններին էին նշանակվում միայն Հայոց իշխանի համաձայնությամբ։ Արաբական տիրապետության շրջանում հայոց իշխանի և սպարապետի պաշտոնների գոյությունը հավաստում է Հայաստանի որոշ ինքնավարությունը։ Հայոց կաթողիկոսն առաջվա պես վարում էր «մեծ դատավարություն» գործակալությունը։ Բացի այդ, նա կարող էր բանակցել օտար երկրների հետ։

Մամիկոնյանների զինանշան

Հայոց սպարապետը զինված ուժերի հրամանատարն էր։ Նա Հայոց իշխանի բացակայության ժամանակ փոխարինում էր նրան։ Այս պաշտոնը ևս անցավ Բագրատունիներին: Հայոց այրուձին աչքի էր ընկնում մարտական բարձր հատկանիշներով, և արաբներն այն լայնորեն մասնակից էին դարձնում իրենց մղած պատերազմներին։

Արաբական պետությանը հայերի հպատակ լինելն արտահայտվում էր հարկատվությամբ։ Եթե հարկը սկզբում գանձում էին ըստ ծխերի, այսինքն՝ ըստ մեծ տների կամ գերդաստանների (երդերի), ապա 725 թվականին Հերթ ոստիկանի անցկացրած «աշխարհագրից» հետո արաբներն սկսեցին արական սեռի 15 տարեկանից բարձր ներկայացուցիչներից գանձել գլխահարկ։ Դրա հետևանքով հարկային լուծն առավել ծանրացավ։ Գլխահարկը գանձվում էր դրամով, որի սղությունն էլ ավելի վատթարացրեց բնակչության վիճակը։ 8-րդ դարի կեսերին արաբները պահանջում էին վճարել նաև մեռածների հարկերը։ Նրանք կապարե կնիքներ էին կախում հարկեր վճարողների պարանոցներից։ Հոգևորականությունը թեև օրենքով ապահարկ էր, սակայն նույնպես հարկվում էր։ Բացի այդ, վանքերն ու եկեղեցիները հաճախ ենթարկվում էին ավազակային հարձակումների ու կողոպուտի։

Հայաստանի քաղաքական կյանքում գործուն դեր խաղացած նախարարական որոշ տոհմերի (Մամիկոնյաններ, Կամսարականներ) նկատմամբ ուժեղացան հալածանքները։ Ազատագրական պայքարի ընթացքում նրանք խիստ թուլացան և քաղաքական ասպարեզից անհետացան։ Հայ նախարարների տիրույթների մի մասին տիրեցին արաբները։ Նրանք ստեղծեցին իրենց վարչաքաղաքական միավորները, որոնք կոչվեցին ամիրայություններ։ Վերջիններս բախվում էին սկզբում հայկական իշխանությունների, իսկ հետագայում՝ Բագրատունիների թագավորության հետ։ Հայաստանում արաբների վերաբնակեցումն ուղեկցվում էր երկրից հայերի արտագաղթով՝ հատկապես դեպի Բյուզանդական կայսրություն։ Արաբական դաժան լծի դեմ հայ ժողովուրդը մղում էր անհաշտ պայքար՝ ձգտելով տապալել այն և ապրել ազատ ու անկախ[3]:

748-750 թվականների ապստամբությունը

8-րդ դարի կեսերին Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին տեղի ունենում. մոտ մեկ դար տերությունը ղեկավարող Օմայյան դինաստիային փոխարինելու էին գալիս Աբբասյանները: Իրավիճակից փորձեցին օգտվել հայերը։ Բռնկվեց ապստամբություն, որի գլուխ անցան Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները։ Դավիթը շուտով խալիֆի հրամանով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց։ Ապստամբությունը ղեկավարեց Գրիգորը, որի շուրջը համախմբված նախարարների ճնշման ներքո նրանց միացավ սպարապետ և Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (Կուրացյալ, 732-748): Ապստամբները միմյանց հավատարիմ լինելու երդում տվեցին և շարժվեցին Տայք, որտեղ հույս ունեին օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող բյուզանդական ուժերից։ Սակայն Տայքում ի հայտ եկան ապստամբների երկու խմբավորումների հակասությունները։ Եթե Մամիկոնյանները ձգտում էին բյուզանդական ուժերի միջոցով տապալել արաբական տիրապետությունը, ապա Բագրատունիները հանձին Հայոց իշխանի, հնարավոր չէին համարում ուժեղ թշնամու դեմ հաղթանակը։ Նրանք արտաքին ուժերից օգնություն ստանալու հույսեր չէին փայփայում և ձգտում էին զիջումների գնով երկրում քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։

Այդ հակասություններն Աշոտ Բագրատունուն հարկադրեցին իր կողմնակիցների հետ Տայքից հեռանալ ու հաստատվել Բագրևանդում: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրանց, ձերբակալեց Հայոց իշխանին և կուրացնել տվեց։ Աշոտ Բագրատունին հեռացավ քաղաքական ասպարեզից։ Շուտով անակնկալ մահացավ Գրիգոր Մամիկոնյանը, ինչն էլ արաբներին թույլ տվեց 750 թվականին ճնշել ապստամբությունը[4]:

Վասպուրականի ապստամբություն

762 թվականին Վասպուրականը ենթարկվեց արաբական ավազակախմբերից մեկի հարձակմանը, որի դեմ իրենց փոքրաթիվ ուժերով ելան Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները։ Անհավասար կռիվներում նրանք քաջաբար զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ։ Պայքարը շարունակեց նրանց կրտսեր եղբայր Գագիկը։ Նա իր հեծյալներով հետապնդեց ավազակներին, ձերբակալեց նրանց ղեկավարին և կոտորեց արաբների մեծ մասին։ Գագիկ Արծրունին իր շուրջը համախմբեց Վասպուրականի իշխաններին, հաստատվեց Նկան անառիկ ամրոցում և մեկ տարի շարունակ հաջողությամբ հետ էր մղում արաբների հարձակումները։ Չկարողանալով ուժով տիրել ամրոցին՝ թշնամին խաղաղություն առաջարկեց և նենգորեն ձերբակալեց անվեհեր իշխանին։

Որոշ ժամանակ անց՝ Արծրունիների տոհմի նահապետ Համազասպ Բ-ն նշանկվեց գահերեց իշխան: Դա նշանակում էր, որ նրա վերահսկողության տակ էին նաև Վասպուրականի մյուս՝ ոչ Արծրունի իշխանները։

774-775 թվականների ապստամբություն

Հարկային լծի սաստկացումը հանգեցնում է նոր պատերազմի, որին միացան նախարարական գրեթե բոլոր տոհմերը։ Այն սկսվեց 774 թվականին, երբ Արտավազդ Մամիկոնյանը Դվինում համոզեց արաբ ոստիկանին, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ և ստացավ սպառազինություն։ Շարժվելով Կումայրի՝ նա սպանեց արաբ հարկահաններին, խլեց հավաքած հարկերը, սակայն արաբների ճնշման ներքո հեռացավ Բյուզանդիայի սահմանները։ Սկսված ապստամբության գլուխ անցավ Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, հաստատվելով Արտագերս անառիկ ամրոցում, մի քանի անգամ պարտության մատնեց Կարինից և Դվինից իր դեմ ուղարկված արաբական զորամասերին։ Այդ հաջողությունների շնորհիվ ապստամբների թիվը կտրուկ աճեց և հասավ շուրջ հինգ հազարի։ Նրանց միացավ նաև Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, որի շնորհիվ ապստամբության վարկը բարձրացավ։ Հայերը որոշեցին գրավել բյուզանդական սահմանագլխին գտնվող Կարին քաղաքը, ուր տեղակայված էր արաբական մի մեծ կայազոր։ Նրանք 774-775 թվականների ձմռանը պաշարեցին քաղաքը և քարանետ մեքենաներով մեծ վնաս հասցրին հակառակորդին։ Շարժումն այնպիսի թափ էր առել, որ Դվինում եղած արաբական ուժերը չհանդգնեցին օգնել Կարինում պաշարված յուրայիններին։ Նրանք սպասում էին մայրաքաղաքից պատժիչ ուժերի ժամանելուն։

Զվարթնոց

775 թվականի գարնանը գերազանց զինված արաբական 30-հազարանոց պատժիչ բանակը մտավ Հայաստան և հաստատվեց Խլաթում։ Հայ ապստամբների մի մասը որոշեց գրավել Արճեշը: Նրանք շարժվեցին Արճեշ, որի մոտակայքում թշնամին դարանակալել էր։ Հակառակորդի հանկարծակի հարձակումն ավարտվեց հայ նախարարական գնդերի և մարտական փորձ չունեցող աշխարհազորայինների ծանր պարտությամբ։ Նրանց մի մասը խեղդվեց Վանա լճում: Զոհվեց շուրջ 1500 հոգի։

Կարինը պաշարածները կանգնեցին երկընտրանքի առաջ. անցնել Բյուզանդիայի սահմանը կամ էլ թշնամու դեմ կռիվը շարունակել մինչև վերջ։ Ապստամբներն ընտրեցին երկրորդ ուղին և Կարինից շարժվեցին Բագրևանդ գավառ ու բանակ դրեցին Արձն գյուղի մոտ։ Այստեղ 775 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ վճռական ճակատամարտը: Հակառակորդը հայերին գերակշռում էր ոչ միայն թվով, այլև սպառազինությամբ։ Սկզբում հայերը սրընթաց գրոհով մեծ ջարդ տվեցին արաբներին, բայց նրանց թվական գերակշռությունն իր դերը խաղաց։ Նեղ դրության մեջ ընկած հայերը միմյանց քաջալերում էին հետևյալ խոսքերով.

Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստուծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը...

Արաբները հետ մղեցին հայերի անձնազոհ գրոհը և հակահարձակմամբ հաղթանակի հասան։ Հայ ռազմիկներից շատերն ընկան հերոսի մահով։ Նրանցից զոհվեցին ավելի քան երեք հազարը։ Զոհվածների մեջ էին ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը, սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ ուրիշներ։

774-775 թվականների համաժողովրդական հուժկու ապստամբության հետևանքով նախարարական շատ տներ խիստ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե իսպառ վերացան։ Նրանց տիրույթներին փորձեցին տիրել արաբ ամիրաները, որոնց էապես խանգարեցին Բագրատունիները։ Մամիկոնյանների և Բագրատունիների երկարատև մրցակցությունն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, որոնք իրենց ճկուն քաղաքականությամբ նախապատրաստեցին Հայաստանի անկախության վերականգնումը։ Հենց այս ապստամբությունից հետո էր, որ Հայաստանում արաբական ցեղերի վերաբնակեցումները զանգվածային բնույթ ձեռք բերեցին[5]:

Տես նաև

Ծանոթագրություններ