Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)

Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններ Հայկական լեռնաշխարհի արևելքում և Հարավային Կովկասում՝ ներկայիս Հայաստանի, Արցախի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Դաղստանի տարածքներում[3]։

Ռուս-պարսկական պատերազմ
1804-1813
Ռուս-պարսկական պատերազմներ

Թվական 1804-1813
Վայր Հյուսիսային Կովկաս, Հարավային Կովկաս, Հյուսիսարևմտյան Իրան
Պատճառ Արևելյան Վրաստանի միացում (1801)
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ[1]
Գյուլիստանի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
Ղաջարական Պարսկաստանը Ռուսական կայսրությանը զիջեց ժամանակակից Վրաստանը, Դաղստանը, Ադրբեջանը, Արցախը և Հայաստանի որոշ շրջաններ[2]
Հակառակորդներ
ԻրանՂաջարական Պարսկաստան Ռուսական կայսրությունՌուսական կայսրություն
Հրամանատարներ
ԻրանՖաթհ Ալի շահ
ԻրանԱբբաս-Միրզա
Իրան Ջավադ խան (Գանձակ)
Իրան Ալեքսանդր Բագրատիոնի
Ռուսական կայսրությունԱլեքսանդր I
Ռուսական կայսրությունՊավել Ցիցիանով
Ռուսական կայսրությունԻվան Գուդովիչ
Ռուսական կայսրությունՊյոտր Կոլտարևսկի
Ռուսական կայսրությունԱլեքսանդր Տորմասով
Կողմերի ուժեր
50,000 նորաոճ հետևակ
20,000 այրուձի
25,000 հնաոճ հետևակ
48,000 հետևակ
21,000 այրուձի

Պատերազմի պատճառը եղել է Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև ծով, Կասպից ծով) ինչպես Ղաջարական Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած տարածքների հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին ազատվել պարսկական և թուրքական լծից և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության[4]։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը[5]։ Ռուսական Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները[6]։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին[7]։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր ներկայիս Վրաստանի տարածքի մեծ մասը շուրջ հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը[8]։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում՝ 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա[9]։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ։ Այդպիսով սկսվեց տասնամյա պատերազմը։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսական կայսրության դեմ հրահրեցին Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)[10]։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսական կայսրության հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի մելիքությունների Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիր, որով պարսկական կողմը հօգուտ ռուսների հրաժարվեց Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)[11]։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ սկսվեց երկրորդ ռուս-պարսկական պատերազմը[12]։

Նախադրյալներ

խմբագրել

Ռուսաստանում հաստատված Ռոմանովների դինաստիան (1613-1917), ունենալով ծավալապաշտական ձգտումներ, դեռ 17-րդ դարի վերջին դուրս եկավ Ռուսական թագավորության սահմաններից և հասավ կայսրության։ Մի քանի տասնամյակների ընթացքում նվաճելով հսկայական տարածքներ Հյուսիսային Ասիայում (Սիբիր)՝ ցարերը նվաճումների անցան արևմուտքում Եվրոպայում։ 18-րդ դարում պատերազմելով Շվեդական կայսրության, Ռեչ Պոսպոլիտայի, Ավստրիական կայսրության դեմ Ռուսաստանի կայսրությունը նվաճեց Արևելյան Եվրոպայի մեծ մասը։ Առաջին կայսր Պետրոս Մեծը և իր հետնորդները նպատակ ունեին ընդլայնել տերության սահմանները դեպի հարավ նվաճելու Մերձավոր Արևելքը[13]։ Այդ հարցում նրանք հենվում էին տեղի քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի և վրացիների վրա[14]։ Այդ ժամանակ տարածաշրջանը բաժանված էր երկու տերությունների Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Կազմավորումից ի վեր երեք դար շարունակ, իսլամադավան երկու տերությունները՝ Պարսկաստանն ու Օսմանյան կայսրությունը, վարել են բազմաթիվ պատերազմներ։ Նրանց միջև բաժանված էին ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը։ Պարսկաստանի կազմում Արևելյան Վրաստանը ներկայացված էր երկու թագավորությունների Քարթլիի և Կախեթի տեսքով։ Արևելյան Հայաստանում առկա մելիքությունները հիմնականում Ղարաբաղի խանության տարածքում էին (Արցախի մելիքություններ), բնիկ հայկական բնակչությունը շարունակում էր ապրել Երևանի, Գանձակի, Նախիջևանի, Ղարադաղի, Խոյի և Մակուի խանություններում։ Թուլացած երկրներում սկսել էին գահակալական կռիվներ և ներքին պատերազմներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը[15]։ Օգտվելով դրանից ռուսները սկսում են Կասպիական արշավանքը (1722-1723)[16]։ Հակապարսկական ազատագրական պայքար է սկսվում Սյունիքում (1722-1730), ապա Արցախում (1724-1731), կազմակերպվում է Երևանի ինքնապաշտպանությունը (1724)։ Սեֆյաններին փոխարինելու են գալիս Աֆշարիները, Զանդերը։ Թեև Նադիր շահը վերականգնում է պետության սահմանները, սակայն ծայրագավառներում ձևավորված մանր խանությունները ինքնուրույնության փորձեր են կատարում։ Դա հատկապես վերաբերում էր Արաքս գետից հյուսիս ընկած տարածքներին, որտեղ բարձրագույն իշխանության էին հասել թյուրքալեզու ցեղերի ղեկավարներ, որոնք կապ էին պահպանում Օսմանյան կայսրության հետ։ Իրանի հյուսիսում կիսանկախ երկու թագավորությունները միավորվում են վրաց արքա Հերակլ II-ի դրոշի ներքո, որը ստեղծում է Քարթլի-Կախեթի թագավորությունը[17]։ Նա ծրագրում էր ստեղծել հայ-վրացական հզոր պետություն, որի համար համագործակցել է հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչների Հովսեփ Էմինի, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի հետ։ Օգտվելով Պարսկաստանի թուլացումից՝ ռուսները անցնում են Կովկասի նվաճմանը։ Եկատերինա II կայսրուհու և իր որդու Պավել I-ի օրոք, աստիճանաբար քայլեր են արվում Կովկասում հաստատվելու նպատակով։ 1783 թվականին Գեորգիևսկ քաղաքում կնքվում է մի դաշնագիր, որով վրաց Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից, իսկ Ռուսաստանը պարտավորվում էր պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը[18]։ 1795 թվականին պարսից նոր շահ, Ղաջարիների դինաստիանյի հիմնադիր Աղա-Մահմեդ խան Ղաջարը ասպատակում է Հարավային Կովկասը արշավելով Թիֆլիս, Երևան, Շուշի և Գանձակ[19]։ Մայրաքաղաք Թիֆլիսի մատույցներում տեղի է ունենում Կրծանիսի ճակատամարտը։ Վրացական ամբողջ բանակի թիվը, որում ներգրավվել էին զինվորներ արևմտյան Վրաստանից Իմերեթից, հասնում էր 5000-ի։ Պարսկական 40 հազարանոց զորքը ջախջախեց վրացական ջոկատները[20]։ Ի պատասխան դրա 1796 թվականին ռուսները ևս մեկ անգամ արշավում են Պարսկաստան, ամրապնդում իրենց իրավունքները։ Երկու տարի անց վրաց արքան մահանում է, և գահի համար պայքար է սկսում նրա որդիների Գեորգի XII-ը և Ալեքսանդրի միջև։ Վերջինս Իրանի շահի խորհրդով հեռանում է Թիֆլիսից և իր ուժերը միավորում Դաղստանի ավարների առաջնորդ Օմար Խանի հետ, որը հոր վաղեմի թշնամին էր[21]։ Ալեքսանդրը Կախեթում երդվում է սուրբ Նինոյի գերեզմանի մոտ, որ ավարների բանակը գալու է ոչ թե երկիրը ավերելու, այլ Ալեքսանդրեի գահակալությունը պաշտպանելու համար։ Սակայն 1800 թվականին ավարա-վրացական զորքը պարտվում է ռուսներին, և Ալեքսանդրը հեռանում է Ղարաբաղի խանություն[22], ապա Դաղստան։ Ռուսները նրան հայտարարում են դավաճան. Բագրատիոնիների դինաստիան հեռացվում է իշխանությունից, և ռուսները Թիֆլիսում ստեղծում են գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։

Դեռ 1799 թվականին ռուսական զորքերի հետ մշտական հաղորդակցություն է հաստատվել Մեծ Կովկաս լեռնային համակարգի միակ և հիմնական լեռնանցքի Ջվարիի միջով։ Սկսվեց նոր ճանապարհի կառուցումը, որը կես դար անց խճապատվեց։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը[23]։ Վրաստանի հետ միասին Ռուսաստանին անցան Լոռի-Փամբակն ու Ղազախ-Շամշադինը։ Ամրանալով Վրաստանի տարածքում և հետզհետե այստեղ տեղափոխելով նորանոր զորամասեր գեներալ Պավել Ցիցիանովը մշակեց Գանձակի գրավման ծրագիրը։

Ռազմական գործողություններ

խմբագրել

Գանձակի նվաճում

խմբագրել
 
Գրոհ Գանձակի բերդի վրա

Գանձակն ուներ հին պատմություն. ըստ Կիրակոս Գանձակեցու և Մովսես Կաղանկատվացու այն հիմնադրվել էր որպես բերդաքաղաք 9-րդ դարի երկրորդ կեսին[24]։ Հին Գանձակն ուներ ամուր բերդ, որը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել միջնադարում։ Գանձակը դարձել է Ղարաբաղի կուսակալության (1501-1726) կենտրոնը։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ 1588 թվականին, թուրքերը կառուցել են Երևանի ու Գանձակի նոր բերդերը։ Տեղակայված լինելով դաշտային տեղանքում դրանք ամրություն էին հաղորդում լեռան ստորոտին։ Գրավելով Գանձակը ռուսներն առավելություն կունենային Կուր-Արաքսյան դաշտավայրի նկատմամբ և հնարավորություն կստեղծվեր մոտենալ Փոքր Կովկասի լեռներին Արցախին, Սյունիքին ու Սևանի ավազանին։ Նադիր շահի մահից հետո ստեղծվում է Գանձակի խանությունը (1747-1804), որն այլևս իշխանություն չուներ Արցախում. այն առանձնացել էր իբրև Ղարաբաղի խանություն իր մեջ ներառելով Խամսայի մելիքությունները, Զանգեզուրը և Բայլականը։

Գեներալն իր զորքերը բաժանեց երկու մասի. մեկը հանձնվեց գեներալ-մայոր Պորտնյագինին, իսկ մյուսը գնդապետ Պավել Կարյագինին։ Ջոկատները դասավորվեցին քաղաքի երկու Ղարաբաղի ու Թիֆլիսի դարպասների մոտ։ Նախահարձակ եղավ Պորտնյագինը, որը վաղ առավոտյան ժամը 5.00-ին մոտեցավ ղարաբաղյան դարպասին և անցավ գրոհի։ Մի քանի այդպիսի գրոհներից հետո հարձակման անցավ երկրորդ զորամասը, բարձրացավ Թիֆլիսի դարպասից եւ տիրեց գլխավոր աշտարակին։ Ջավադ խանը, հրացանը վերցրեց ձեռքը ինքնապաշտպանվելու, սակայն ապարդյուն։ Նրա, ապա և ավագ որդու Հուսեյն Ղուլիի մահը խառնաշփոթ առաջացրեց պաշտպանների շարքերում[25]։ Տարբեր հաշվարկներով Գանձակի գրավման ժամանակ կոտորվեց մինչև 3000 բնակիչ[26]։ Գանձակի բերդի գրավման մասնակից ռուս զինվորները պարգևատրվել են արծաթե մեդալով։ Քաղաքը Ալեքսանդր Ռոմանովի կնոջ Ելիզավետա կայսրուհու պատվին վերանվանվում է «Ելիզավետպոլ»[27]։

1804 թվականի ամռանը գեներալ Ցիցիանովի զորքերը շարժվեցին Երևանի ուղղությամբ։ Քաղաքն այդ ժամանակ ուներ մոտ 10 հազարանոց բնակչություն, որոնց ավելի քան կեսը թյուրքալեզու կամ պարսիկ մուսուլմաններ էին։ Նրանք բնակվում էին գերազանցապես Երևանի բերդում, որտեղ հայերի մուտքն արգելված էր։ Երևանն ի սկզբանե կուսակալության (1501-1722) կենտրոն էր։ 17-րդ դարի սկզբին Արարատյան դաշտի, այդ թվում Երևանի բնակչությունը շահ Աբբաս I-ի կողմից բռնագաղթեցվեց Իրան։ Նադիր շահի մահվանից հետո ստեղծվում է Երևանի խանությունը[28]։ Իսլամադավան վերնախավը հայ բնակչությանը դրել էր ծանր դրության մեջ։ Հայերը նպատակադրվել էր վերստեղծել հայոց պետականությունը, և այդ պատճառով օժանդակում էին ռուսներին։ Հունիսի 10-ին Գյումրու մատույցներում պարսկական զորքը պարտություն է կրում, իսկ հունիսի 19-ին ռուսները մոտենում են Երևանի մատույցներին։ Ամռան ընթացքում արձանագրելով մեծ հաջողություններ ռուսները պաշարեցին Երևանի բերդը։ Պարսկական զորքերը փորձում են թիկունքից հարվածել ռուսներին. Վանաձոր հասած վրաց արքայազն Ալեքսանդր Բագրատիոնին պարտություն է կրում։ Չկարողանալով շարունակել երկարաժամկետ պաշարումը ռուսները հեռանում են Վրաստան։ 1805 թվականին նրանք բավարարվում են միայն Շիրակի (Շորագյալի սուլթանություն) գրավմամբ[29]։

 
Շուշիի բերդի աշտարակներից

Խանությունների գրավում

խմբագրել

Գանձակի գրավումից հետո Ռուսաստանը շարունակում է հարձակումը Կուր գետից մինչև Կասպից ծով ընկած հարթավայրային տարածքները և Կովկասի հարավային լանջերը գրավելու համար։ 1805 թվականի գարնանը ռուսական զորքերն անցան հարձակման. մայիսի 14-ին նրանք մտան Շուշի, իսկ մայիսի 21-ին Շաքի (Նուխի)[Ն 1][7] Աբբաս Միրզայի զորքը, անցնելով հակահարձակման, գրավեց Ասկերանի մոտ գտնվող Մայրաբերդը, որով դաշտավայրից մուտք բացեց դեպի Շուշիի բերդ։ Ռուսների արձագանքը չուշացավ. Կորյագինի գլխավորությամբ մի զորամաս շրջանցեց Ասկերանը և կուտակվեց Ղարաբաղի խանի ամառանոց Շահ-Բուլաղ ամրոցի մոտ (արցախյան Տիգրանակերտի տարածք)։ Պարսիկները նոր ուժեր համալրելով շարժվեցին Շահ-Բուլաղ։ Կորյագինը նահանջեց Շուշի, սակայն ճանապարհին շրջափակվեց։ Ռուսական զորքերի մի մասը մնաց Շուշիում, մյուսը Ասկերանում։ Աբբաս Միրզան օգտվելով այս հանգամանքից, սլացավ հյուսիս Գանձակի ուղղությամբ։ Հուլիսի 27-ին Գանձակի հյուսիսային մատույցներում Շամքորում, ռուսական նոր ջոկատներ բանակեցին։

1805 թվականի սեպտեմբերին ռուսական նավատորմը փորձեց գրավել Բաքուն, սակայն այդ ռազմական գործողությունը ձախողվեց։ Երկու ամիս անց Բաքվի ուղղությամբ շարժվեց գեներալ Պավել Ցիցիանովը ցամաքային զորքերով։ Դեկտեմբերի վերջին ռուսները գրավեցին արդեն երրորդ խանությունը Շիրվանը (Շաքիից և Ղարաբաղից հետո)։ 1806 թվականի փետրվարի 8-ին գեներալը սպանվեց։ Այդ ընթացքում Գլազենապի գլխավորությամբ ռուսական մեկ այլ զորամաս հյուսիսից հասնում է Բաքու ճանապարհին գրավելով Դերբենդ քաղաքը և վերացնելով խանությունը, ապա նաև Ղուբա բնակավայրը (Ղուբայի խանություն)։ Պատերազմի հրամանատարությունն անցավ գեներալ Իվան Գուդովիչին։ Բաքվի գրավումից հետո էական փոփոխություններ ռազմաճակատում տեղի չունեցան։

Ռուսները չկարողացան կուտակել իրենց զորքերը Կովկասում, քանի որ Ալեքսանդր I կայսեր ուշադրությունը սևեռվել էր Եվրոպա։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից որոշ ժամանակ անց երկրում հաստատվել էին կայսերական կարգեր. գահ բարձրացած Նապոլեոն Բոնապարտը նպատակ ուներ գրավել նոր տարածքներ ինչպես Եվրոպայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ռուսներին թուլացնելու նպատակով ֆրանսիացիները Օսմանյան կայսրությանը հրահրում են նրանց դեմ. 1806 թվականի դեկտեմբերին սկսեց ռուս-թուրքական հերթական պատերազմը (1806-1812), որը մղվում էր ինչպես Կովկասում, այնպես էլ Բալկանյան թերակղզում։ Դրա առիթն էր հանդիսացել Մեգրելիայի, ապա նաև Իմերեթի թագավորության և Գուրիայի միացումը Ռուսաստանին։ Այս իշխանությունները ենթարկվում էին Օսմանյան կայսրությանը։ Մյուս կողմից, ֆրանսիացի փորձագետները օգնում են պարսից թագաժառանգ Աբբաս Միրզային արդիականացնելու պարսկական բանակը։ Երկու երկրների միջև դաշինք է կնքվում[30]։

Հետագա ընթացք

խմբագրել
 
Կույսի աշտարակ (Բաքու)

Ռազմական գործողությունները Կովկասում վերսկսվեցին 1808 թվականին։ Մի կողմից ռուսական զորքերը, որոնք լուրջ հաջողություններ էին արձանագրել Կուր-Արաքսյան միջագետքում, ևս մեկ անգամ փորձում են գրավել Երևանի բերդը։ Այս անգամ ռուսներն արշավում են աշնանը գեներալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ։ Ռուսները կարողանում են պարսիկներից խլել Էջմիածինը, ապա շրջանցելով Արարատյան դաշտը նաև Նախիջևանը։ Բերդն ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր։ Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան։ Գուդովիչի հրաժարականից հետո ռազմաճակատի ղեկավարությունը գլխավորեց Ալեքսանդր Տորմասովը։ 1809 թվականին պարսկական զորքերը հեռացան Գանձակի մատույցներից։ 1810 թվականին Աբբաս Միրզան փորձել է ներխուժել Ղարաբաղ, բայց Մեղրիի մոտ չի կարողացել անցնել Արաքս գետը։

1812 թվականի մայիսին ռուսների հաղթանակով ավարտվել էր պատերազմն Օսմանյան կայսրության հետ. Բուխարեստում՝ հայազգի Մանուկ Բեյի պալատում, կնքվում է հաշտության պայմանագիր, որով Մոլդովական իշխանությունը, փոխարենը հանձնելով արևմտյան Վրաստանի ծովափնյա հատվածն ու Ջավախքը[31]։ Ռուսների հաջորդ՝ հայրենական պատերազմը, նույնպես հաղթական ավարտ է ունենում. Ռուսաստան մտած ֆրանսիական բանակը ջախջախվելով՝ 1812 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին դուրս է մղվում երկրից[32]։ 1812 թվականին ևս մեկ անգամ պարսիկները հարձակվում են Ղարաբաղի վրա, հասնում մինչև Շահ-Բուլաղ ամրոց։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը, և Նապոլեոն Բոնապարտը հարձակվել էր Ռուսաստանի վրա, ռուսները պարսիկներին հետ են շպրտում և ապա ջախջախում նրանց մոտ Արաքս գետի մյուս ափին տեղի ունեցած Ասլանդուզի ճակատամարտում։ Ավելին, ռուսական զորքերն անցնում են Արաքս գետը և հասնում Լենքորան։ Տեղի նորակառույց բերդը գրավվում է, Թալիշի խանությունը ևս անցնում է ռուսներին։ Այդպիսով ռուսները չեն կարողանում գրավել Երևանի ու Նախիջևանի խանությունները, իսկ պարսիկներին չի հաջողվում հետ գրավել կորցրած խանությունները։

Պատերազմն ավարտվում է 1813 թվականին. հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր[33]։

Պատկերասրահ

խմբագրել

Հիշողություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Հատված Ցիցիանովի զեկույցից. «Ղարաբաղի տիրույթների սահմանները ձգվում են հյուսիսից Կուր գետով մինչև Շաքիի խանություն, իսկ մի մասը Շամախիի խանության հետ սահմանով, արևելքում այն հասնում է Արաքսի ափերը, մինչև Ղարադաղի և Նախիջևանի խանություններ և վերջապես, արևմուտքից մի մասով սահմանակից է Գարանի գետի շրջանում Ելիզավետպոլի օկրուգին և մյուս մասով՝ Երևանի տիրույթներին Գեոքչա կամ Սևագ(ն)ա լճով։ Այս տիրույթի ժողովրդագրությունը ներկա դրությամբ բավականին տարբերվում է անցյալ ժամանակներից, քանի որ մինչև Աղա Մահմադ խանի արշավանքը և Ղարաբաղի իշխանության անկումը, միայն հայերն այստեղ կազմում էին 40 հազար տուն։ Ուստի ես մտադիր եմ Շիրվանի Մուստաֆա խանից ետ բերել այնտեղ փախած հայկական 8 հազար ընտանիքներին։ Չեմ ուզում բռնության դիմել, քանի որ խանը հրաժարվում է նրանց հետ ուղարկել, սակայն երբ առիթը ստեղծվի, ապա Ղարաբաղի խանություն կբերեմ նաև այդ բնակիչներին։»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Goldstein, Erik (1992). Wars and Peace Treaties։ 1816 to 1991. London։ Routledge. p. 67. ISBN 0-415-07822-9.
  2. Dowling, Timothy C. (2014). Russia at War։ From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond. Santa Barbara։ ABC-Clio. pp. 728–29. ISBN 1-59884-948-4.
  3. Մկրտիչ Ներսիսյան, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
  4. عهدنامه‌های ایران در عصر قاجار (۵) معاهده صلح ترکمانچای ... - همنشین بهار
  5. Galina Yemelyanova, Islam, nationalism and state in the Muslim Caucasus
  6. Firuz Kazemzadeh, Russia and Britain in Persia։ Imperial Ambitions in Qajar Iran
  7. 7,0 7,1 Էդուարդ Հովհաննիսյան, Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին` ըստ Կովկասի հնագրական հանձնաժողովի վավերագրերի Արխիվացված 2019-07-12 Wayback Machine
  8. P. Longworth, Russia's Empires, John Murray, 2005, p.191.
  9. Հենրիկ Ազատյան, Բախտորոշ պայմանագրեր
  10. Alexander Mikhailovskii-Danilevskii, Russo-Turkish War of 1806-1812, translated and edited by Alexander Mikaberidze, vol. 1-2. West Chester, OH ։ Nafziger Collection, 2002.
  11. Daniel, Elton L. "GOLESTĀN TREATY". Encyclopædia Iranica. Retrieved 30 March 2012.
  12. Iranian relations with Russia and the Soviet Union, to 1921, F. Kazemzadeh, The Cambridge History of Iran, Vol.7, ed. Peter Avery, G. R. G. Hambly and C. Melville, (Cambridge University Press, 1991), 337.
  13. Lee, Stephen J. (2013). Peter the Great. Routledge. ISBN 978-1136453250.
  14. Վարդան Ոսկանյան, Իսրայել Օրու կողմից Պետրոս I-ին ներկայացված նորահայտ քարտեզը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1961, № 3-4, էջ 297-306։ Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
  15. Mikaberidze, Alexander (2011). "Isfahan, siege of". In Mikaberidze, Alexander (ed.). Conflict and Conquest in the Islamic World։ A Historical Encyclopedia. Volume 1. Santa Barbara, California։ ABC-CLIO. pp. 426–427. ISBN 1598843370.
  16. Axworthy, Michael (2010). The Sword of Persia։ Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant. I.B.Tauris. ISBN 978-0857721938.
  17. Suny, Ronald Grigor (1994). The Making of the Georgian Nation. Indiana University Press. ISBN 978-0253209153.
  18. George Anchabadze, History of Georgia,Georgia in the Beginning of Feudal Decomposition. (XVIII cen.)
  19. Daryaee, Touraj (2012). The Oxford Handbook of Iranian History. Oxford University Press. pp. 1–432. ISBN 0199875758.
  20. Donald Rayfield. Edge of Empires։ A History of Georgia Reaktion Books, 15 feb. 2013 ISBN 1780230702 p 255
  21. Bournoutian, George (1985). "Alexander, Prince". Encyclopædia Iranica. 8. Retrieved 2013-01-07.
  22. Atkin, Muriel (Winter–Spring 1979). "The Strange Death of Ibrahim Khalil Khan of Qarabagh". Iranian Studies. International Society for Iranian Studies. 12 (1/2)։ 79–107. doi։10.1080/00210867908701551. JSTOR 4310310.
  23. Cronin, Stephanie (2013). Iranian-Russian Encounters։ Empires and Revolutions Since 1800. Routledge. ISBN 978-0-41562-433-6.
  24. History of the Caucasian Albanians by Movses Daskhurantsi, C.J.F. Dowsett trans. (London 1961), chapter 21.
  25. Potto Vasily Alekseevich, Caucasian war from ancient times to Ermolova Book One ,Tsentrpoligraf (2008),ISBN 5952431518, section VII. (PRINCE Tsitsianov) ,(in Russian)
  26. Etemad ol Saltane, Mohammad Hasan Khan (1984–1985). "III". Montazam-e Naseri. Tehran. p. 1469.
  27. Swietochowski, Tadeusz. Russian Azerbaijan, 1905-1920։ The Shaping of a National Identity in a Muslim Community Cambridge University Press, 7 jun. 2004 ISBN 978-0521522458 page 4
  28. The Persian khanate of Yerevan
  29. Հայկական Հանրագիտարան, Ռուս պարսկական պատերազմներ Արխիվացված 2020-06-18 Wayback Machine
  30. Amini, Iradj (2000). Napoleon and Persia։ Franco-Persian relations under the First Empire. Washington, D.C.։ Taylor & Francis. ISBN 0-934211-58-2.
  31. John F. Baddeley, Russian Conquest of the Caucasus,1908, Chapter V
  32. Caulaincourt, Armand-Augustin-Louis (2005), With Napoleon in Russia (translated by Jean Hanoteau ed.), Mineola, New York: Dover, ISBN 978-0-486-44013-2
  33. King, Charles, The ghost of freedom, Page 30, Michael,, Tantor Media, ISBN 1541454960, OCLC 975362899

Գրականություն

խմբագրել